
Ալավերդու ավագանին որոշեց «Շնող» հէկի կառուցման ծրագիրը դադարեցնելու մասին ուղերձ հղել վարչապետին
Ալավերդի համայնքում արդեն մի քանի ամիս է` քաղաքացիական շարժում է սկսվել Դեբեդ գետի վրա 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հէկի կառուցման կառավարության ծրագրի դեմ: Հէկի կառուցման դեմ ձևավորվել է խումբ, որը համայնքում կազմակերպում է հանդիպումներ և քննարկումներ:
Հիշեցնենք, որ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին եռակողմ շրջանակային համաձայնագիրը հաստատվել է կառավարության 2017 թ. օգոստոսի 10-ի թիվ 973-Ա որոշմամբ և ստորագրվել կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ (որպես կառուցող) և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (որպես հովանավոր) միջև:
Հիդրոէլեկտրակայանն ընդգրկելու է Ձորագետից մինչև Ախթալա քաղաք ընկած Դեբեդ գետի 22 կմ տարածք: «Շնող» հէկի գլխամասային հանգույցը կառուցվելու է Ձորագետ և Փամբակ գետերի միավորումից հետո Դեբեդ գետի սկզբնամասում: Հէկի ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը գնահատվում է 150-190 մլն դոլար։
Ալավերդի համայնքի ավագանու անդամներ Հարություն Ձավարյանը, Արմեն Կարապետյանը, Վիգեն Քառյանը, Ալիկ Նասիբյանը, Սեյրան Հովհաննիսյանը, Արտուշ Աբելյանը, Սվետլանա Պետրոսյանը և Դավիթ Նոնինյանը հունիսի 5-ին հանրային պահանջով գրավոր դիմում են ներկայացրել Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին և խնդրել «Շնող» հէկի կառուցման ծրագիրը դադարեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իրենց ուղերձը ներկայացնել ավագանու առաջիկա նիստի քննարկմանը: Ս. Խեչումյանն ուղերձը քննարկելու համար համայնքապետարանում հունիսի 8-ին հրավիրել էր համայնքի ավագանու արտահերթ նիստ:
Մինչ ուղերձը քննարկելը Ս. Խեչումյանը ավագանուն տեղեկացրեց, որ «Շնող» հէկի կառուցման առնչությամբ համայնքապետարանում ամիսներ առաջ ռիսկերի գնահատում է կատարվել՝ օտարերկրյա և տեղական երկու փորձագետների մասնակցությամբ: Ս. Խեչումյանը նրանց ազգանունները չէր հիշում:
«Ես ներկայացրել եմ Դեբեդի վրա հէկի կառուցելու որոշ ռիսկեր»,- ասաց նա: Վերջինս, իր ասելով, փորձագետներին տեղեկացրել է, որ գետի ակունքից մինչև Բագրատաշենի հայկական սահման Դեբեդի ավազանի բոլոր համայնքների կոյուղաջրերը թափվում են գետը, և այդ համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայաններ չկան:
«Փորձագետներն արձանագրել են իմ ներկայացրած ռիսկերը»,- ավագանուն ասաց համայնքի ղեկավարը և նիստի մասնակիցներին ներկայացրեց ավագանու 8 անդամների դիմումի պահանջը:
«Հէկի կառուցման ժամանակ Դեբեդի ջուրը տանելու են թունելով»,- ասաց ավագանու անդամ Սվետլանա Պետրոսյանը: Սեյրան Հովհաննիսյանի խոսքով, եթե ժողովուրդը դեմ է հէկ-ի կառուցմանը, ավագանին պարտավոր է լինել ժողովրդի կողքին: Սասուն Խեչումյանը ավագանու անդամների պահանջով ներկայացրեց ուղերձը։
Ստորեւ ներկայացնում ենք ուղերձի տեքստը.
Մեծարգո պարոն վարչապետ
Ձեզ են դիմում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու անդամները՝ Դեբեդ գետի վրա «Շնող» հէկ-ի կառուցումը դադարեցնելու խնդրով:
Վերջին ամիսներին Ալավերդու բնակիչները խիստ մտահոգ են Դեբեդին սպասվելիք էկոլոգիական աղետի պատճառով: Այսօր բոլորս ենք պատկերացնում, թե ինչ անդառնալի հետևանքեր կարող է ունենալ հէկի կառուցման ծրագիրը Ալավերդու և Դեբեդի ավազանի մյուս բնակավայրերի համար: Եվ որքան էլ ծրագրի իրականացումը դրական երևույթ որակող որոշ մասնագետներ բարձրաձայնում են հէկի կարևորության ու դրա արդյունքում նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մասին, միևնույն է, մենք` ալավերդցիներս, քաջ գիտակցում ենք մեզ սպառնացող աղետը: Մեր ունեցած տեղեկություններով` առաջիկա ամիսներին կսկսվեն «Շնող» հէկի կառուցման աշխատանքերը: Հարկ ենք համարում նշել, որ Ալավերդիում արդեն «Շնող» հէկի կառուցման դեմ համայնքային ակտիվ խումբ է ձևավորվել, կազմակերպվել են իրազեկման հանդիպումներ ու հանրային քննարկումներ: Խնդիրը հրատապ է, համայնքի ակտիվ հանրությունը պատրաստ է պայքարելու մինչև վերջ: Մենք՝ համայնքի ավագանու անդամներս, պատրաստ ենք սատարելու հանրության կողմից իրականացվող ցանկացած նախաձեռնության: Ուստի ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հույժ կաևոր այս խնդրին և համապատասխան միջոցներ ձեռնարկել` չեղարկելու «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը:
Նիստին ներկա ավագանու 11 անդամները միաձայն որոշեցին ուղերձը հղել վարչապետին՝ ակնկալելով «Շնող» հէկի կառուցման ծրագրի չեղարկումը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել