HY RU EN

Ծափահարություններ «Նուբարաշեն» բանտում. մարդիկ ազատվում են

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սովորաբար լռության մեջ գտնվող «Նուբարաշեն» բանտում վերջերս հաճախ ծափերի ձայներ եմ լսում: Առաջին անգամ զբոսախցում էի, երբ ուրախության բարձր ճիչեր լսվեցին, հետո՝ բարձր ու երկար ծափահարություններ: Բանտի կլոր կառուցվածքից ելնելով`դժվար է հասկանալ՝ որ կողմից, որ հարկից են գալիս ձայները: Հարցրեցի տանիքում շրջող աշխատակցին, ասաց՝ 3-րդ հարկից մարդ ազատվեց: Օրեր անց նույնը կատարվեց արդեն 4-րդ հարկում, որտեղ մարզախցում մարզվում էինք: Քանի որ դռան վրայի «волчок»-ը (փոքրիկ դռնակը) բաց էր, տեսանք ազատվողին. մոտ 30 տարեկան էր՝ ժպիտը երեսին ու սպորտային պայուսակը ձեռքին, հսկիչի ուղեկցությամբ գնում էր դեպի ելքը… դեպի Լույս Աշխարհ: Խցակիցների ծափահարությունները դեռ լսվում էին, չնայած, որ նրանց վրա ծանր երկաթյա դուռը փակված էր:

Ազատության մասին լուրեր, ծափահարություններ ու ոգևորության ձայներ արդեն քանի անգամ լսում եմ նաև հեռուստացույցով` քաղաքական դատավարությունների ժամանակ: Տեսա, որ խափանման միջոցները փոխողներից, դատարանի դահլիճից մարդ ազատող դատավորներից մեկը Արտուշ Գաբրիելյանն է: Հենց նա էր, ով անցած տարի բավարարեց իմ դիմումը և բանտի վարչակազմին պարտավորեցրեց վերացնել հարազատներիս հետ տեսակցությունների անօրեն սահմանափակումը: Նա իմ 22 տարվա պայքարում՝ հանուն արդարության, հիշողությանս մեջ մնացել է որպես Մարդ-դատավոր:

Ասեմ, որ մինչև հիմա շարունակում եմ շնորհավորանքներ ստանալ իրավաբան դառնալուս առթիվ: Բանտի աշխատողները, որոնք տարբեր հերթափոխներով են աշխատում, մոտենում են, շնորհավորում: Հարազատներս էլ ասում են, որ շնորհավորում են անգամ անծանոթ մարդիկ: Այս ամենը շատ-շատ է ոգևորում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարի կամեցողներին:

Ինձ այցելեցին «Civilnet» ինտերնետային կայքից` հարցազրույցի նպատակով: Հաճելի զրուցակիցներ էին թե՛ լրագրողը, թե՛ օպերատորը, ի դեպ, երկուսի անունն էլ Գևորգ էր: Ինձ թվում էր, որ պարզապես մի տեղ հավաքվել և զրուցում ենք, այդ պատճառով էլ խոսքիս ընթացքում բոլորին էլ նայում էի, բայց օպերատորը զգուշացրեց, որ միայն լրագրողին նայեմ նկարահանման ժամանակ: Խոսեցինք բանտում պայքարելու, ուսման ու աշխատելու պայմանների, մոտիվացիա ունենալու, գործերի վերանայման անհրաժեշտության, դատական սխալների հավանականության մասին: Շնորհակալ եմ «Civilnet»-ին, նաև ՔԿ վարչությանը և կլոր բանտի վարչակազմին նման հնարավորություն տալու համար: Ծանոթացա նաև ՔԿ վարչությունից հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանի հետ: Կարճ զրուցեցինք, բայց զգացողությունն այնպիսին էր, թե, ասես, ազատության մեջ ծանոթանում եմ գրեթե հասակակցիս հետ: Հետո վերադարձա խուց: Մինչև ուշ երեկո տպավորությունների տակ էի:

Ինձ տեղափոխել են կլոր բանտի 4-րդ հարկ, որտեղ լուսամուտը՝ համեմատած նախկին մահապատժականների 5-րդ հարկի խցերի, շատ ավելի մեծ է, հետևաբար՝ խուցն էլ լուսավոր, հատակը փայտից է (վերևում՝ ասֆալտից է): Այս հարկում անընդհատ ձայներ կան, տարբեր բացականչություններ, անընդհատ ոտնաձայներ: Նրանից է, որ այս հարկում ցմահների խցերը քիչ են, փոխարենը՝ կալանավորվածների խցերն են շատ: Երեկոյան 4-րդ հարկի հսկիչը շրջում էր, մոտեցավ նաև իմ խցին.

  • Ցմահների հանգիստ 5-րդ հարկը չի, ստեղ շարժն ուրիշ ա…

Դե´, իրոք շարժը նկատվում է առավոտից, երբ կալանավորներին դատարաններ են տանում, մինչև ուշ երեկո, երբ արդեն դատարաններից բերում են:

Աշխատանքային օրերին 3 ժամով շարունակում եմ այցելել համակարգչային սենյակ՝ 5-րդ հարկ, որտեղ աշխատում եմ, հետո վերադառնում խուց: Սկսել եմ թարմացնել անգլերենի իմացությունը: Զրուցարան ունեմ, բարձր-բարձր ինքս ինձ հարցեր եմ տալիս, հետո պատասխանում, նայում եմ նաև՝ CNN, որ անգլերեն խոսք լսեմ: Կարդում եմ նաև թանկ մարդուց նվեր ստացած անգլերեն գիրք, մեկ ուրիշ թանկ մարդուց նվեր ստացած՝ իրավաբանական տերմինների հայ-անգլերեն բառարան: Նաև կարդում եմ մասնագիտական գրքեր, գրառումներ եմ անում և անհամբեր հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխություններին՝ հույսով, որ հերթը կհասնի նաև բազմաչարչար ցմահ ազատազրկման հարցին: Համոզված եմ, որ այս հարցի վերաբերյալ, պետք է լինի միայն և միայն օրենքի վրա հիմնված մոտեցում՝ պայմանական վաղաժամկետ ազատում, գործերի ու պատժաչափերի վերանայում, օրենսդրական փոփոխություններ և այլն:

Արդեն նկատելի է, որ դատավորները կամաց-կամաց դուրս են գալիս նախկին նախագահների անօրեն ճնշումների տակից, սակայն պետք են գործուն մեխանիզմներ, որ չշարունակվի ազդեցիկ զանգերով առաջնորդվելով կամ շահադիտական նպատակներով որոշումների կայացումը, այլ միայն և միայն իրավունքի գերակայություն լինի:

Համաձայն եմ բոլոր այն մասնագետների հետ, ովքեր դատական համակարգի փոփոխության արմատը տեսնում են հենց Վճռաբեկ դատարանից: Ես սա իմ մաշկի վրա եմ զգացել տարիներ շարունակ, երբ հերթական անգամ այդ դատական ատյանից ստանում էի շաբլոնային մերժման որոշումները: