HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Շնորհավորելով Արագած Սաղաթելյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանն անդրադարձ է կատարել երկրում հաստատված հեղափոխական մթնոլորտին և ասել, որ ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝ թոթափել դժգոհությունները և վանել արմատացած անօրինականությունը, անհավասարությունը, անհանդուրժողականությունը։ Նախարարը նաև ավելացրել է, որ պետության մեջ ծավալվող փոփոխությունների ազդակը հանրությունը պետք է զգա ոչ միայն  կենտրոնական գործադիր իշխանությունից, այլև տեղերում աշխատող պաշտոնյաների արդարացի և անկողմնակալ գործելաոճից։ «Այս համատեքստում,- նշել է Սուրեն Պապիկյանը,- շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը և այդ ինքնուրույնության գրավական հանդիսացող հանրային վստահությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է հաղորդակից լինել մարդկանց խնդիրներին և թափանցիկ ու անմիջական աշխատել նրանց հետ»:

Սուրեն Պապիկյանը, ընդգծելով հանրության շրջանում իշխանության հանդեպ աննախադեպ բարձր վստահության մակարդակը և դրանից բխող սպասելիքները, ասել է, որ այդ սպասելիքները իրական և ամբողջական կդառնան, երբ տարբեր մակարդակներում գործող իշխանության ներկայացուցիչներն  աշխատեն բացառապես օրինականության և սահմանադրությամբ իրենց վերապահված իրավասությունների դաշտում։ Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է համայնքի ղեկավարի և ավագանու իրավահավասար փոխհարաբերությունների նոր մշակույթի հաստատումը և հավելել, որ այն իր ամբողջության մեջ պետք է բովանդակի ժողովրդի վստահության արտացոլումը:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՏԿԶ նախարարության կողմից մշակվող օտարման ենթակա համայնքային հողային ֆոնդը և գույքը մեկ միասնական էլետրոնային հարթակում միավորելու գաղափարը, անդրադարձել մարզպետարանների կողմից պատրաստի բիզնես-ծրագրերի փաթեթներ ունենալու վարչապետի հանձնարարականին՝ այդ աշխատանքում ընդգծելով մարզպետարան-համայնքներ փոխհամաձայնեցված գործունեությունը։  

Ավարտին նախարարը ևս մեկ անգամ ներկաներին հորդորել է ականջալուր լինել հանրության խնդիրներին ու պահանջներին և արձանագրել, որ իրավական Հայաստան ունենալու համար ներկաներից յուրաքանչյուրը պարտավոր է լինել դրա կրողը և օրինակը հանրության համար:

Նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար և հավաստիացրել, որ համատեղ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ կկարողանան լուծել վայոցձորցիների առջև ծառացած խնդիրները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter