HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Յունիգրաֆ-Իքս» ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, կեղծ փաստաթղթեր կազմելու, պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու, պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առթիվ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի դեմ քրեական գործ է հարուցել:

Այս քրեական գործի հիմքում «Մերժենք Տարոնին» նախաձեռնության անդամների՝ գլխավոր դատախազին ուղղված նամակն է եղել։ Չնայած ցուցարարների բողոքները մեծամասամբ վերաբերել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությանը։

Հիշեցնենք, որ այս նախաձեռնության անդամները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիաներ էին կազմակերպել և պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ցուցարարները նաև գրությամբ դիմել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ անդրադառնալով քաղաքապետարանի կատարած շռայլ ծախսերին, Տարոն Մարգարյանի հայտարարագրին, Երևանում տարիներ շարունակ չլուծված խնդիրներին:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով հանդիսանում էր նաև բողոքի ակցիաների կազմակերպիչներից, «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ դատախազությունը նամակն ուղարկել էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ գրությունում առկա փաստերը ստուգելու համար:

Զարուհի Հովհաննիսյանը ոստիկանությունից այսօր արդեն ստացել է գործի քննության որոշումը։ Ըստ այդ որոշման՝ ոստիկանությունը ստուգողական քննության ընթացքում մի շարք քաղաքացիներից տեղեկություն է ստացել, որ  2009-2018 թվականներին Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող «Թափառող կենդանիների ստերջացման և պատվաստման ծառայությունների մատուցման» մրցույթներում հաղթել է «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը, որին տարեկան կտրվածքով հատկացվել է շուրջ 100 միլիոն դրամ:

Քաղաքացիների փոխանցմամբ՝ նշված ընկերության տնօրինությունը փաստացի չկատարելով կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, թափառող էգ և արու կենդանիների բուժման և ստերիլիզացիայի միջոցով վնասազերծման, բուժման ոչ ենթակա կենդանիների քնեցման, թափառող կենդանիների վնասազերծման ծախսերի և մատուցման ծառայությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու եղանակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Ոստիկանությունը պարզել է, որ Երևանի քաղաքապետի կարգադրությունների վրա ստեղծված տեխնիկական հսկողության անդամները 2016-2018 թվականները պատշաճ չեն իրականացրել իրենց սահմանված պարտականությունները:

Նրանք չեն իրականացրել թափառող կենդանիներ բռնելու, բուժման, քնեցման թվաքանակների հաշվառման, ինչպես նաև այդ գործառույթների կատարման համար նախատեսված «Յունիգրաֆ-իքս» ընկերության տեխնիկական միջոցների հագեցվածության և իրականացված միջոցառումների սահմանված կարգով արձագանագրման վերաբերյալ պարտականությունները:

Ոստիկանության փոխանցմամբ՝ սա առաջացրել է էական վնաս և ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ «Յունիգրաֆ-իքս» ընկերության տնօրինությունը, օգտվելով Երևանի քաղաքապետարանի նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ստեղծված հնարավարություններից, պայմանագրով նախատեսված գումարները քաղաքապետարանի ֆոնդից դուրս բերելու և հափշտակելու դիտավորությամբ՝ իբրև ստերիլիզացիայի միջոցով 9848 էգ և արու շներ վնասազերծելու, բուժման ոչ ենթակա 633 շներ քնեցնելու և 24 451 շներ վնասազերծելու և նրանց կերակրելու պատրվակով, մատուցված ծառայությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ եզրակացություններ կազմելու միջոցով գնել է հավի և խոզի միս, խոզի սալ, բրինձ: Սակայն դրանցից օգտագործել է չափից քիչ, իսկ խոզի միս ընդհանրապես չի օգտագործել: Արդյունքում՝ «Յունիգրաֆ-իքս» ընկերությունը յուրացման միջոցով հափշտակել է 140  միլիոն դրամ:

Իսկ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս ընկերությունն իր գործեության ընթացքում չարամտորեն խուսափել է 28 միլիոն դրամ շահութահարկի և 32 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի վճարներից՝ պետությանը վնասելով առանձնապես խոշոր չափի վնաս:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ևս ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ում բացահայտել է 185 մլն դրամի յուրացում։ Չնայած նախաձենության անդամներին ուղարկված որոշում նշվում է, որ ընկերությունը յուրացման միջոցով հափշտակել է 140  միլիոն դրամ, բացի այդ 60 միլիոն դրամ հարկեր թաքցրել։

Մեկնաբանություններ (1)

Լիլիա
Բա դրանց անձնակազմը տեսնեք. ոչ ադեկվատ ու անգրագետների հավաքածու, փող գռփողներ, կենդանուն էդ գարշահոտ մեքենայից ու սպանդանոցից բաց թողնելու պայմանով կենդանասերներից դրամներ շորթողներ։ Ատելի է էս ամենը։Զզվելի ու տհաճ քաղաքապետ ու քաղաքապետարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter