Սեւանա լճի ափին հանրային լողափերի տարածքներն արդեն ընտրվել են
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ եղավ Սեւանա լճի ափամերձ այն հատվածներում, որոնք ընտրվել են հանրային լողափերի համար:
Այդ նպատակով կօգտագործվեն Լճաշեն համայնքին հարակից 1,72 հեկտար տարածքը, Սեւանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտարը եւ 1,54 հեկտար` թերակղզու հատվածում:
Տեղեկացվեց, որ բոլոր երեք լողափերի տարածքները գտնվում են 1905 մ նիշից ցածր հատվածում, ուստի կառուցապատումը, կահավորումը եւ սարքավորումների տեղադրումը կլինեն ժամանակավոր:
Ա. Գեւորգյանը կարեւորեց բնակչության հանգստի պատշաճ կազմակերպման համար լողափերում անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հաշվի առնելով նաեւ սանիտարական, անվտանգության ապահովման խնդիրները: Նա մարզպետին հանձնարարեց առողջապահության նախարարի հետ քննարկել լողափերում բուժօգնության կազմակերպման հարցը:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` լողափերը նախատեսված ժամկետներում շահագործելու համար:
Հաշվի առնելով, որ հանրային լողափերի համար ընտրվել են մայրաքաղաքին համեմատաբար մոտ հատվածները, հանձնարարվեց նաեւ քննարկել լճի ափամերձ այլ հատվածներում նմանատիպ լողափերի կազմակերպման հնարավորությունը եւ ներկայացնել առաջարկություններ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետներում կառավարությանը կներկայացնի նշված երեք տարածքների բարեկարգման եւ անհրաժեշտ պայմանների ստեղծման համար պահանջվող ֆինանսական միջոցների նախահաշիվը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել