
Ադրբեջանական ընդդիմությանը ճնշման խիստ մեթոդները չեն վախեցնում
Սամիրա Ահմեդբեյլի, Կովկաս
Իշխանությունները խիստ նյարդայնացած են արձագանքում ընդդիմության բողոքներին, որոնք կարող են վերածվել Եգիպտոսում եւ Թունիսում իշխանափոխության հանգեցրած զանգվածային ցույցերի:
Ադրբեջանական ընդդիմության ակտիվիստները խոստանում են շարունակել բողոքի ցույցեր անցկացնել, չնայած արաբական աշխարհի օրինակով զանգվածային ցույցեր կազմակերպելու նրանց փորձերը տապալվեցին:
Ապրիլի 17-ին Բաքվի կենտրոնում տեղակայված «Սահիլ» զբոսայգու շուրջը ոստիկանության բազում աշխատակիցներ էին հավաքվել. այդ օրն ընդդիմության ակտիվիստներին արգելել էին բողոքի ցույց կազմակերպել:
Ընդդիմադիրների ձերբակալությունները սկսվել էին նույնիսկ նախքան բողոքի ցույցը, իսկ ընդդիմադիր «Հանրային պալատ» խմբավորման երկու ավագ անդամներին դեռեւս ապրիլի 16-ին ձերբակալել եւ դատապարտել էին 5-10 օրվա ազատազրկման: Եւս տասնյակ ընդդիմադիրներ ձերբակալվել էին ապրիլի 17-ի առավոտյան, իսկ հարյուրավոր մարդիկ, ովքեր փորձել էին թափանցել «Սահիլ» զբոսայգու տարածք, պարզապես ցրվել կամ ձերբակալվել էին ոստիկանության աշխատակիցների կողմից:
«Չնայած իշխանություններն անընդհատ ցրում են բողոքարարներին' ոտնահարելով քաղաքացիների' հավաքներ կազմակերպելու իրավունքը եւ ուժ գործադրելով բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ, մենք չենք հանձնվի: Ավելի քան 20 տարի մենք պայքարել ենք բռնատիրության դեմ' ազատ հասարակության հասնելու համար, եւ մենք կշարունակենք պայքարը, մինչեւ հասնենք մեր նպատակներին», - հայտարարել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը:
«Ադրբեջանի ժողովուրդն ազատ, ժողովրդավարական երկրում ապրելու իրավունք ունի, որտեղ հնարավոր կլինի ազատորեն սեփական կարծիքն արտահայտել»:
Ներքին գործերի նախարարության տվյալներով' ապրիլի 17-ին 65 մարդ է ձերբակալվել, որոնցից 25-ը բաց են թողնվել, իսկ 40-ը դեռեւս պետք է դատարանի առջեւ կանգնեն: Սակայն «Հանրային պալատ»-ի պնդմամբ' 80 մարդ է կալանավորվել, այդ թվում' մի կին իր 5-ամյա դստեր հետ:
«Ինձ նույնպես բողոքի ցույցի ժամանակ են ձերբակալել: Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, սակայն մասնակցում եմ բոլոր բողոքի ցույցերին, քանի որ չեմ կարող հանդուրժել տիրող անօրինությունը: Իշխանությունները ծախսում են ժողովրդի նավթի գումարները, իսկ ժողովուրդը ոչինչ չունի: Ես ապրում եմ ստացածս 85 մանաթ (ամսական 110 դոլար) թոշակի հաշվին, իսկ այդ գումարն անգամ չի բավականացնում կոմունալ ծախսերը հոգալու համար», - դժգոհում է 65-ամյա Միրալեմ Փաշաեւը:
«Որդիներս բարձրագույն կրթություն ունեն, սակայն աշխատանք գտնել չեն կարողանում, որովհետեւ որեւէ տեղ աշխատանքի անցնելու համար պետք է կաշառք վճարեն: Իսկ մեզ անգամ թույլ չեն տալիս փողոց դուրս գալ մեր պահանջներն արտահայտելու համար: Հավանաբար, ցուցարարները փչացնում են երջանիկ երկրի եւ գոհ ժողովրդի երեւակայական պատկերը»:
Ներքին գործերի նախարարության խոսնակ Էհսան Զահիդովի խոսքերով' [ցուցարարների] ձերբակալությունները զուրկ են քաղաքական շարժառիթներից. նա նշում է, որ ընդդիմությանն առաջարկվել է ցույց կազմակերպել քաղաքից դուրս, սակայն առաջարկը դիտավորյալ մերժվել է:
«Այս անհատների ձերբակալությունները քաղաքականացնելու կարիք չկա: Նրանք պարզապես քաղաքացիներ են, ինչպես բոլորը: Օրենքի առջեւ ամենքն էլ հավասար են: Եթե որեւէ մեկին ձերբակալում են խուլիգանության համար, իսկ դատարանը հաստատում է այդ փաստը, ապա այստեղ խոսքերն ավելորդ են: Եւ ընդհանրապես կարեւոր չէ, թե տվյալ անձնավորությունը որ կուսակցությունն է ներկայացնում», - հայտարարել է Զահիդովը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները չափազանց նյարդային կերպով են արձագանքել ընդդիմության ցույցերի' զանգվածային բողոքի ցույցերի վերածվելու նախանշաններին, որոնք իշխանափոխության հանգեցրին Եգիպտոսում եւ Թունիսում: Անգամ բողոքի ցույց կազմակերպելու փորձ անող երիտասարդ ակտիվիստներն արդեն իսկ ձերբակալվել են:
Ոստիկանությունը կալանավորել էր նաեւ տեղացի 4 լրագրողների, որոնց թվում' Աֆգան Մխթարլիին, ով տուգանվել էր 50 մանաթով ոչ պատշաճ պահվածքի համար:
«Ո´չ բողոքի ցույցին եմ մասնակցել, ո´չ էլ անգամ լուսաբանել եմ այն: Ինձ ցույցի անցկացման վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա ձերբակալեցին: Դատարանում ոստիկանության երկու աշխատակիցներ հայտարարեցին, որ ես [ենթադրաբար] բարձր ձայնով հայհոյել եմ իմ կողքին նստած մարդկանց, ինչի արդյունքում ինձ տուգանեցին», - պատմում է Մխթարլին' հավելելով, որ բողոքարկել է իր դեմ ներկայացված մեղադրանքը:
Բանտարկված լրագրողների թվում 3 շվեդացիներ են եղել, որոնց արտաքսել են երկրից: Չնայած նրանց այն պնդմանը, որ իրենք բացեիբաց են գործել, Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տվյալներով' նրանք պաշտոնապես հավատարմագրված չեն եղել երկրի տարածքում:
Անցյալ ամիս ընդդիմությունը երեք անգամ կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց, սակայն բողոքի ցույցերը խիստ սակավաթիվ են եղել' զգալիորեն զիջելով անցյալում նախագահական ընտրություններին հաջորդող զանգվածային ցույցերին: Այս ամենի շնորհիվ' իշխանամետ քաղաքական օղակները եկել են այն եզրակացության, որ ընդդիմությունը կորցրել է հմայքը ժողովրդի համար:
«Այդ այսպես կոչված բողոքի ցույցին ավելի շատ լրագրողներ եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ կային, քան իրական ընդդիմադիրներ: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում մարդիկ վատ են վերաբերվում նման իրադարձություններին: Սա պարտություն էր ընդդիմության համար, այն մեր աչքերի առջեւ պարտություն կրեց: Այս մարդիկ ընդունակ են միայն աղմուկ բարձրացնելու, որովհետեւ նրանք ո´չ իշխանություն ունեն, ո´չ էլ հետեւորդներ ժողովրդի շրջանում», - կարծիք է հայտնել իշխող «Ելնի Ազերբայջան» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին:
Սակայն այս փաստարկները համոզիչ չեն թվում միջազգային դիտորդներին, քանի որ թե´ Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե´ Եվրոպական Միությունն իրենց մտահոգություններն են արտահայտել այն կապակցությամբ, որ ադրբեջանական իշխանությունները թույլ չեն տվել ընդդիմությանը բողոքի ցույցեր անցկացնել:
«Ադրբեջանի Հանրապետության ներքին զարգացումներն ավելի ու ավելի շատ են մտահոգության տեղիք տալիս' հաշվի առնելով հավաքների եւ խոսքի ազատության ոլորտը: Իշխանությունների կողմից մի շարք նոր ձերբակալություններ են տեղի ունեցել' խաղաղ ցույցերին ի պատասխան», - նշվում է Եվրոպական Միության ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ խաղաղ ցույցեր անցկացնել համապատասխան վայրերում եւ կոչ ենք անում երկրին լիովին հարգել իր... պարտավորությունները ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտներում»:
Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի լրագրող է Ադրբեջանում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Մեկնաբանել