HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Բնապահպանական վճարների դրույքաչափերը՝ «աջաբսանդալ»

2018 թվականի հունվարի 1-ից նոր փոփոխություններով գործող «Հարկային օրենսգրքում» ավտոմեքենաների բնապահպանական վճարի դրույքաչափերը խճճված են եւ դասակարգված առանց որեւէ տրամաբանության:

Մինչեւ հարկային օրենսգրքում փոփոխությունների ուժի մեջ մտնելը, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով՝ վնասակար նյութերն օդային ավազան արտանետելու համար բնապահպանական վճարի դրույքաչափերը Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների համար սահմանված էր ըստ դրանց խմբերի եւ ենթախմբերի: Օրինակ` առանձացված էին Մ (մարդատար) եւ Ն (բեռնատար) ենթախմբերի համար դրույքաչափեր՝ համապատասխան գործակիցներով, իսկ Տ ենթախմբի մեքենաներից (մեխանիզմներից) ու լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ շարժիչի հզորության:

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով առանձնացվել են միայն բեռնատար տրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց բնապահպանական հարկի դրույքաչափեր` ըստ դրանց խմբերի,  իսկ ՀՀ-ում գրանցված այլ ավտոտրանսպորտային միջոցներից, ինքնագնաց մեքենաներից եւ մեխանիզմներից, ինչպես նաեւ լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման բնապահպանական հարկի դրույքաչափերը` ըստ շարժիչի հզորության:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ դրույքաչափերի տվյալ սահմանման մեջ որեւէ տրամաբանություն չկա, այն անհամաչափ է: Մարդատար տրանսպորտային միջոցների դրույքաչափը սահմանվել է ձիաուժից ելնելով, ինչպես այլ մեխանիզմներինը, ինչի արդյունքում ստացվում է, որ, օրինակ, գազային շարժիչով աշխատող թեթեւ մարդատար մեքենայի բնապահպանական հարկը ավելի բարձր է, քան դիզելային շարժիչով աշխատող բեռնատարինը: Այնինչ պարզ է, որ դիզելային շարժիչով բեռնատարի արտանետումները եւ տվյալ տրանսպորտային միջոցի կողմից շրջակա միջավայրին հասցված վնասն ավելի մեծ է։ Իսկ գազային շարժիչի վնասը դեռեւս հաշվարկված չէ, բայց ակնհայտորեն նվազագույն է։

Ստացվում է, որ քաղաքացին լրացուցիչ ծախս է կատարում, ավտոմեքենայի վրա տեղադրում գազաբալոնային համակարգ, միեւնույն ժամանակ կրճատելով նաեւ արտանետումների քանակը, սակայն դա որեւէ կերպ չի խրախուսվում, ավելին, փաստացի՝ բնապահպանական վճարներն այս տարվանից թանկացել են։

«Պետությունը պետք է գործակիցներ սահմանի, որոնք զուտ ձիաուժով պայմանավորված չեն լինի։ Օրենքի այս տեսքով փոփոխությունները բնապահպանական խնդիր չեն լուծում։ Այնինչ բնապահպանական հարկի կամ վճարի նպատակը հենց դա պետք է լինի»,-ասում է Տիգրան Քեյանը։

Արդեն նախկին կառավարությունը օրենսգրքում բնապահպանական հարկի դրույքաչափի բարձրացումը փորձել էր հիմնավորել միջազգային փորձի ոսումնասիրմամբ: Իբր թե՝ Հայաստանում կիրառվող բնապահպանական վճարի դրույքաչափերը նկատելիորեն ցածր են այլ երկրներում (այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ համարվող) կիրառվող համապատասխան դրույքաչափերից: Տիգրան Քեյանն ասում է, որ օրենսգրքի նախագծով առաջարկվում էր 2018-2020 թվականների ընթացքում տարեկան 10 տոկոսով բարձրացնել բնապահպանական հարկի դրույքաչափերը: Բայց հենց առաջին տարում հարկի բարձրացումը մի քանի անգամ ավելի է, քան նախատեսված 10 տոկոսը։

Վարորդներից մեկն, օրինակ, եթե նախորդ տարի իր 124 ձիաուժ տրանսպորտային միջոցի համար վճարել է 750 դրամ բնապահպանական վճար, ապա ընթացիկ տարում բնապահպանական հարկը կազմել է 5600 դրամ։ 

Մի հակասություն էլ կա. պետական վճարումների էլեկտրոնային համակարգով (e-payments.am) վճարում կատարելիս բնապահպանական հարկը հաշվարկվում է նոր դրույքաչափերով, իսկ որոշ բանկերի միջոցով վճարում կատարելիս՝ նախկին դրույքաչափով:

Այժմ վարորդները պահանջում են, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում Ֆինանսների նախարարությունը փոփոխություններ իրականացնի Հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկի դրույքաչափերում, սահմանվեն ռացիոնալ դրույքաչափեր, եւ փոփոխությունը տարածել 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Իսկ մինչ այդ, մարդկանց կողմից արդեն իսկ բարձր դրույքաչափերով հաշվարկված եւ վճարված հարկի գումարները, ըստ Տիգրան Քեյանի, անհրաժեշտ է վերահաշվարկել եւ ավել վճարված գումարները ետ վերադարձնել:

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն նամակով դիմել է Հայաստանի վարչապետին եւ նախագահին՝ խնդրելով վերանայել հարկային գործող օրենսգիրքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter