HY RU EN

Դիանա Ղազարյան

Հատուկ քննչական ծառայությունը նոր պետ ունի

Կառավարությունը քիչ առաջ արտահերթ նիստ է գումարել: Նիստին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հատուկ քննչական ծառայության պետ նշանակվեց Սասուն Խաչատրյանը: Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է:

ՀՔԾ նորանշանակ պետը վարչապետին շնորհակալություն հայտնեց այս պատասխանատու աշխատանքը իրեն վստահելու համար. «Համոզված եմ, որ հատուկ քննչական ծառայությունն ի վիճակի է կատարելու իր առջեւ դրված խնդիրները եւ, պարոն վարչապետ, կկատարի»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հայտնել էր, որ նպատակահարմար չի գտնում շարունակել ծառայությունը եւ հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Արտահերթ նիստի օրակարգում նաեւ ներառված էր ճարտարապետ Ավետիք Էլոյանին քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակելու հարցը: Սակայն հարցը զեկուցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտենց, որ Էլոյանը այս պահին օդանավում է, ԱՄՆ-ից ժամանում է Հայաստան, այդ իսկ պատճառով, այժմ կառավարության նիստին ներկա չէ: «Ես առաջակում եմ հարցը հանել, որովհետեւ էսպես չի կարելի»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: