
Կրճատված աշխատողները պահանջում են այլ բնակավայրերից «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատողների փոխարեն իրենց վերականգնել աշխատանքում
Այսօր առավոտյան՝ 06:30-ից աշխատանքից կրճատված շնողցիները փակել էին «Թեղուտ» ՓԲԸ գնացող ճանապարհը: Ցուցարաները հիշեցնում էին, որ Թեղուտի հանքավայրը շահագործելիս, «Թեղուտ» ՓԲԸ -ն վերցրել է իրենց հողերը: Այդ պատճառով աշխատանքից կրճատվելուց հետո ապրուստի այլ միջոց չունեն և հայտնվել են սոցիալական վատ վիճակում: Նրանք աշխատանքից ազատվելուց առաջ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից վերցրել են նաև մեծ վարկեր և այս պահին չեն կարողանում մարել դրանք: Ցուցարարները մատնանշում են, որ այս տարվա մարտ, ապրիլ ամիսներին, իրենց աշխատանքից կրճատելուց հետո, «Թեղուտ» ՓԲԸ-ում շարունակում է աշխատել մոտ 400 աշխատող, որից Շնող համայնքի բնակիչներ են միայն 200-ը: Նրանք պահանջում են այլ բնակավայրերի աշխատողների փոխարեն «Թեղուտ» ՓԲԸ -ում աշխատանքի ընդունել իրենց:
Նախկին մաքրուհի, ցուցարար Անուշ Ասատրյանի խոսքով, դեռ հունիսի 4-ին են որոշել փակել ճանապարհը և ներկայացնել իրենց պահանջները: «Թեղուտ» ՓԲԸ -ում իմացել են այդ մասին և նախաձեռնողներին հրավիրել են ժողովի: «Գնացինք, բայց պետք է չգնայինք: Մեր ոչ մի հարցի չպատասխանեցին: Մեզ Թագուհի Կարապետյանը և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Թադևոսյանը լռեցնում էին իրենց անորոշ պատասխաններով: Մեր հողը խլեցին, հիմա երեխաս հաց է ուզում, գյուղի բոլոր խանութներին արդեն պարտք ենք»,-պատմեց Անուշը:
Ցուցարար կանայք հիշեցին, որ հունիսի 4-ին հրավիրված ժողովին իրենց համար նաև հյուրասիրություն էր կազմակերպվել, բայց դա չի ազդել ճանապարհը փակելու իրենց մտադրության վրա: « «Թեղուտ» ՓԲԸ –ն աշխատելու 50 տարվա գարանտիա էր տվել, ուրա՞: Ընկերության վիճակը ծա՞նր է, թող կառավարությունն ինչ-որ բանով աջակցություն անի, ընկերությունը քիչ-քիչ աշխատի»,-առաջարկում էր մի շնողցի:
Նրան ի պատասխան՝ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը բացատրում էր, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն չի կարող քիչ-քիչ աշխատել: Ընկերության ղեկավարները հստակ ասում են, որ «Թեղուտ» ՓԲԸ -ն բացվելու է մյուս տարի: Հնարավոր չէ այս տարի վերագործարկել:
«Իրենց նախնական հաշվարկով, եթե հրաշք տեղի չունենա, չեն աշխատելու: Մյուս տարվա փետրվարից պետք է սկսվեն աշխատանքները»,- ասում էր համայնքի ղեկավարը: Ընկերության աշխատանքերը վերսկսելու մասին «Հետքի» հեռախոսային հարցմանը «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը հայտնեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման հետ կապված այս պահին կոնկրետ ժամկետ չեն կարող հայտնել:
Թ. Կարապետյանի խոսքով պոչամբարի անվտանգությունն ուսումնասիրող 5 փորձագետներն էլ տվել են իրենց եզրակացությունները: Դրանք քննարկման փուլում են: Մինչև պոչամբարի անվտանգությունն ապահովելու վերջնական եզրակացություն չունենան, չեն կարող ճշտել շահագործման ժամկետը:
Ասպուրակ Շախկյանը 5 տարի է աշխատել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Հիմա վարկերի տակ է: Այս պահին վարկը 1,3 մլն դրամ է կազմում: Ասպուրակի ասելով՝ «ՎՏԲ»- ն չի սպասում, արդեն մարդկանց տներն են առգրավում. «Մենք հիմա պահանջում ենք աշխատանք: Երկու վարկ ունեմ, վարկը չեմ փակում, տոկոսը տոկոսի վրա գալիս է»,- ասում է Ասպուրակը:
Արտակ Գալինյանը երեք երեխա է պահում, 1,5 մլն դրամի վարկ ունի: Նա վեց տարի աշխատել է «Թեղուտ» ՓԲԸ -ի մաքրման կայանում, երկու հոգով են աշխատել: Գործընկերը ալավերդցի է: Արտակին կրճատել են, նրան՝ թողել. «Ես եմ Թեղուտի հանքի շահագործման համար 1,5 հա հողս տվել, ոչ թե Ալավերդուց եկած աշխատողը: Նա իր թոռներին է պահում, ես՝ իմ 3 անչափահաս երեխաներին: Թող փակեն լրիվ, ոչ մի մարդ էլ չաշխատի, որ մեր սիրտն էլ չցավի»,- պահանջեց Արտակը:
Աբո Ավետյանը երկար տարիներ «Թեղուտ» ՓԲԸ-ի շինարարության վրա է աշխատել: Ասում է՝ աշխատանքից կրճատվելուց հետո վարկի տակ կորած է: Բանակում ծառայող և ուսանող երեխաներ ունի, տանից երկուսը՝ ինքը և կինն են աշխատել «Թեղուտ» ՓԲԸ -ում, երկուսին էլ կրճատել են: «Մեկ հա հողս տվել եմ իրենց»,- դժգոհեց Աբոն:
Նարեկ Ավետիսյանը երեք տարի հանքում է աշխատել՝ 2 մլն դրամ վարկ ունի: «Դեռ հլա «ՎՏԲ»-ն 4 տոկոս ավելացրել է վարկի տոկոսադրույքը, քանի որ աշխատավարձիս քարտին փող չի նստում»,-բացատրեց նա:
Աբո Ավետյանը պատմեց, որ 10 տարում է իր տունը կառուցել: Նա վախենում էր վարկի դիմաց իր տունը վերցնելուց. «էսա գալու են՝ տունս իմ ձեռիցը վերցնեն, իրենք վայելեն: Վարկ եմ վերցրել , տուն սարքել, գոնե տեղեկություն էլ չեն ասում, երբ է «Թեղուտ» ՓԲԸ-ն վերագործարկվելու: Որ մեր հողը չէին վերցրել, մեր անտառը բաց էր, մոշ քաղեինք, հոն քաղեինք, ծախեինք, ապրեինք: Հմի փշալար են քաշել»,- դժգոհեց նա:
Արմեն Ուլիխանյանն իր ընտանիքի միակ աշխատողն է: Նա 1,2 մլն դրամ վարկի տակ է: Շնողցի Արտակ Չիթչյանը պահանջեց՝ աշխատանք չեն տալիս, թող իրենց անտառների փշալարերը հանեն. «Մենք կգնանք սունկ կքաղենք, մոշ կքաղենք, ոնց որ առաջ ապրելիս ենք եղել, այդպես կապրենք: Որիս հողը չեն օգտագործում, թող մեզ տրամադրեն, մենք մեր հողը կմշակենք: Եթե մեր հողերը հիմա վատ վիճակում են, թող տեղը ուրիշ հող տրամադրեն: Ես իրենց 2 հա հող եմ տվել: Տվել եմ այն նպատակով, որ աշխատանքով ապահովեն: Հիմա աշխատանքով չեն ապահովում: Հիմա ի՞նչ անենք, ոչ հող ունենք, ոչ աշխատանք»,-դժգոհեց Արտակը:
«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչական ներկայացուցիչ Ֆրունզե Նորեկյանը բացատեց, որ մարդիկ անգործ են մնացել, դուրս են եկել իրենց բողոքն արտահայտելու: Նրա խոսքով, հունիսի 2-ին «Թեղուտ» ՓԲԸ -ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Թադևոսյանն է ասել, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն մեկ էլ 2019թ.-ի փետրվարին կարող է աշխատել: Ժողովուրդն էլ ասում է, եթե աշխատելու տեղ կա, առաջ մենք աշխատենք, նոր՝ մյուսները:
Ֆ.Նորեկյանի կարծիքով, «Թեղուտ» ՓԲԸ -ն կարող է գյուղացիների պահանջը բավարարել: Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը պատմեց, որ համայնքի բնակչության կողմից բարձրացվող խնդիրների մասին գրավոր տեղեկացրել է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին: Պատասխանել է՝ կաշխատենք մարդկանց տեղավորել աշխատանքի կամ տրամադրել օգնություն:
Դ. Ղումաշյանի ասելով՝ Վ. Մեջլումյանը նույնիսկ «ՎՏԲ»-ի հետ բանակցություններ է տանում վարկերի ավելացված 4 տոկոս դրույքաչափերը հանելու համար. «Եթե չտանք վարկերը, «Թեղուտ» ՓԲԸ-ում մեր աշխատած տարիներն իզուր են կորչում: Էլ մի բան էլ ա չունենք: Մեր հողը, արոտավայրերը, անտառները վերցրեցին, շարքից հանեցին, հիմա վարկի դիմաց կվերցնեն մեր տները»,-նեղսրտեց Նարեկ Ավետիսյանը:
Շուրջ 4 ժամ ճանապարհը փակ պահելուց հետո համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը կազմակերպեց «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի և ցուցարարների ներկայացուցիչների օնլայն հանդիպում: Լրագրողներին չթույլատրվեց ներկա լինել հանդիպմանը: Ցուցարաների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սահակ Կարապետյանը խոստացել է 2-3 օր հետո ցուցարաներին հանդիպել Շնողում, և ցուցարաները բացեցին ճանապարհը:
Մեկնաբանել