HY RU EN

«Սաս Գրուպ», «Ալեքս Հոլդինգ» և «Նատալի Ֆարմ» ընկերությունների ՀԴՄ կտրոններն անվավեր են

Ժամեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Շատախցյանը գրառում էր կատարել, որ մի քանի խոշոր սուպերմարկետների ՀԴՄ կտրոնները ստուգել է Պետական եկամուտների կոմիտեի ՀԴՄ կտրոնների նույնականացման համակարգով, ինչի արդյունքում պարզել է, որ դրանք անվավեր են։

«Հետքը» նույնպես որոշեց ստուգել խոշոր սուպերմարկետների, մանր խանութների, դեղատան և հիվանդանոցի կողմից տրված ՀԴՄ կտրոնները։ Արդյունքում՝ նույնականացման համակարգը անվավեր ճանաչեց մեր ձեռքի տակ եղած «Սաս Գրուպ», «Ալեքս Հոլդինգ» և «Նատալի Ֆարմ» ընկերությունների` տարբեր ամսաթվերին տրամադրած ՀԴՄ կտրոնները։

Ստորև ծանոթացեք «Հետքի» կողմից ստուգված ՀԴՄ-ների արդյունքներին․

«Սաս Գրուպ»

«Ալեքս Հոլդինգ»
 

«Նատալի Ֆարմ»

Անդոկ Հարությունյան ԱՁ

Բուկինիստ

Քարֆուր սուպերմարկետ

Էդգար Սահակյան ԱՁ

«Գրին Զոն» ՍՊԸ

«Մուլտի Լեոն» ՍՊԸ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Պետեկամուտների կոմիտեի լրատվականից «Հետք»-ին հայտնեցին, որ խնդիրը կարող է ծրագրային լինել, այսինքն՝ ՀԴՄ սարքը համաժամանակեցված չէ ՊԵԿ-ի ծրագրի հետ: Ըստ ՊԵԿ-ի՝ դա կարող է լինել վայրկյանների խնդիր, և տվյալ դեպքում տնտեսվարողը կարող է դիմել իր ՀԴՄ սարքը սպասարկող ընկերությանը, որ համաժամանակեցումը կարգավորեն և համապատասխանեցնեն ՊԵԿ-ի ծրագրի հետ:

ՊԵԿ-ի լրատվական ծառայության աշխատակցին բացատրեցինք, որ մեկ կտրոն չէ անվավեր ցույց տալիս, այլ նույն ընկերության տարբեր օրերի, ժամերի և գնումների կտրոններ ենք փորձարկել:

«Մեր մասնագետներն այդպես են պարզաբանում, որ դա կարող է ՀԴՄ-ի ծրագրային համաժամանակեցման խնդիր լինել»,- ասաց լրատվականի աշխատակից Գայանեն:

Այդուհանդերձ, աշխատակիցը նշեց, որ չնայած ՀԴՄ-ի անվավեր լինելուն՝ տնտեսվարողի շրջանառությունը ֆիքսվում է: Թե ինչու է նման տարաձայնություն առաջանում, ՊԵԿ-ից խոստացան առավել մանրամասն պարզաբանել վաղն առավոտյան: