HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրաինտեգրման երեք փորձ

Հարավային Կովկասի երեք երկրների եվրաինտեգրման գործընթացը միանշանակ չի ընկալվում ոչ միայն այդ երկրների քաղաքական վերնախավում, այլեւ քաղաքագետների, փորձագետների շրջանակներում: Խնդիրը բարդ է' կապված ինչպես այդ երկրների ներքին զարգացումները եվրաստանդարտների մակարդակին հասցնելու, այնպես էլ արտաքին կողմնորոշումների մեջ շտկումներ կամ կտրուկ շրջադարձեր անելու անխուսափելիության հետ: Մյուս կողմից, Եվրոպայի հետ ավելի սերտ փոխհարաբերություններ ունենալու պատրաստակամությունը միշտ չէ, որ կապվում է սեփական անվտանգության երաշխիքների ամրապնդման հետ:

Հայաստանում, Վրաստանում եվ Ադրբեջանում այսօր նույնիսկ հետեւյալ կարծիքն է շրջանառվում. «Եթե Եվրոպան ընդունել է իր քաղաքական ու տնտեսական սահմաններն ընդլայնելու ծրագիր, ուրեմն արժե՞ արդյոք ժրաջանորեն տքնել հանուն «եվրաստանդարտացում» կասկածելի եւեւույթի: Այսպես թե այնպես, պետք լինի' կընդունեն իրենց շարքերը»: Այլ խոսքով, եթե եվրաինտեգրումն այլեւս այլըտրանք չունի, ապա չարժե այդքան մտավարժանքներ անել այդ ուղղությամբ:

Սակայն այլընտրանք ունենալ-չունենալու հարցն էլ միանգամից պարզ ընկալելի չէ: Եթե այլընտրանքը մեր երեք երկրների ասիականացումն է, ապա բոլորը միանշանակ եվրաինտեգրման կողմնակից են (սովորաբար այս դեպքում հիշատակվում են հայերի, վրացիների, ադրբեջանցիների քաղաքակրթական եւ պատմական ընդհանրությունները եվրոպացիների հետ): Տարընթերցումներն առաջանում են այլընտրանքը որպես Ռուսաստանից հեռացում դիտարկելիս: Վրաստանում միանշանակ կողմ են այդ այլընտրանքին, քանի որ Ռուսաստանից հեռացումը համարում են միաժամանակ եւ նպատակ, եւ միջոց: Իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում հիմնականում ղարաբաղյան խնդրի պատճառով դեռ մտածում են: Ամեն դեպքում, եվրաինտեգրման այլընտրանքայնության խնդիրը երեք երկրներում էլ օրակարգային է:
Մեծ հաշվով եվրաինտեգրման հետ կապված հարցերի մասին դատողությունները խմբավորվում են հետեւյալ երեք մոտեցումների հիման վրա.

1. մենք գնում ենք Եվրոպա' «տեղում», նրանց օրենքները կիրառելով' մեր անլուծելի թվացող խնդիրները հաղթահարելու համար,
2. եվրոպական էլիտար տարբեր ակումբների լիարժեք մասնակիցը դառնալու, եվրոպացիների գլխացավանքը մեր խնդիրներով չավելացնելու համար մինչ այդ պետք է լուծենք մեր միջեւ եղած բոլոր հարցերը,
3. անկախ ամեն ինչից' արդեն լավ է, որ գնում ենք դեպի Եվրոպա, քանի որ այդ ընթացքում ստիպված ենք լինելու մի քանի մակարդակով բարձացնել մեր քաղաքական ու տնտեսական բնութագիրը: Լավ է նույնիսկ, եթե անգամ չհաջողվի, ի վերջո, լիովին բավարարել նրանց պահանջները:

Իսկապես, եվրոպական ընտանիքում կարելի է հայտնվել տարբեր մուտքերից' թակելով կամ ՆԱՏՕ-ի, կամ ԵՄ-ի դռները: Կախված առաջնահերթություներից' կարելի է զարգացնել եվրաինտեգրման տարբեր արագություններ: Եթե նախեւառաջ պետք է անդամակցել ռազմաքաղաքական Ալյանսին (ՆԱՏՕ-ին), որը համեմատաբար ավելի ճկուն է իր պահանջներին այս կամ այն անհամապատասխանությունը ընկալելու գործում, ապա պետք է զարկ տալ ռազմական ստանդարտների հարցին, եթե ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միաժամանակ' ապա պետք է գրանցել կտրուկ, անշեղ եւ բազմակողմանի զարգացման ցուցանիշներ: Այստեղից էլ առաջ է եկել Հարավային Կովկասի եվրաինտեգրման տարբեր արագությունների մասին քաղաքագետների շրջանակներում գործածվող թեզը:

Անշրջադարձելի՞ է, արդյոք, հարավկովկասյան երկրների' եվրակառույցներին ինտեգրվելու ընթացքը: Ավելի շատ արտաքի՞ն, թե՞ ներքին բնույթի են դրա գլխավոր խոչընդոտները: Եվրաինտեգրումն անհրաժեշտ է հանուն այդ երկրների անվտանգությա՞ն, թե՞ անվտանգությունը պետք է հանուն եվրաինտեգրման: Երեք տարբե՞ր ճանապարհներ են տարածաշրջանի երկրներին Եվրոպա հասցնելու, թե՞, այնուամենայնիվ, ճանապարհը մեկն է:

Այս խնդիրները քննարկելու, տարածաշրջանում դրանց արդի ընկալումներին ծանոթանալու համար մարտի 7-10-ը Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնը անցկացրեց ինտերնետ-կոնֆերանս, որին մասնակցում էին

Ադրբեջանից'
- Ռասիմ Մուսաբեկովը, անկախ փորձագետ,
- Ավյազ Ռուստամովը - պատմաբան, Բաքվի պետական համալսարանի դասախոս,

Վրաստանից'
- Արչիլ Գեգեշիձեն, փորձագետ, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների ֆոնդ,
- Ալեքսանդր Ռուսեցկին, փորձագետ, Անվտանգության հարավկովկասյան ինստիտուտ,

Հայաստանից'
- Ալեքսանդր Իսկանդարյանը, Կովկասյան մեդիա-ինստիտուտի տնօրեն,
- Ստեփան Գրիգորյանը, Գլոբալացան եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն:

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ծավալված բանավեճը (հատվածաբար): Ինտերնետ-կոնֆերանսի նյութերին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ www.regioncenter.org կայքում:

Մարտի 7։ Բանավեճի թեման. «Եվրոպական ինտեգրման այլընտրանքը»

Մարտի 8։ Բանավեճի թեման. «Եվրոպական ինտեգրման խոչընդոտները»

Մարտի 9։ Բանավեճի թեման. «Եվրաինտեգրում եւ անվտանգություն»

Մարտի 10։ Բանավեճի թեման. «Հարավային Կովկասի երկրները Եվրոպա կգնան մե՞կ, թե՞ երեք ճանապարհներով»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter