HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Խանումյանը՝ Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամի մասին

Հայկ Խանումյան, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար

Ստեփանակերտում կենցաղային վեճից առաջացած բողոքը բերեց Արցախի ԱԱԾ տնօրենի, նրա տեղակալի, ոստիկանապետի պաշտոնաթողությանը: Չգիտես ինչու պաշտոնից հեռացավ նաև Արցախի պետախարարը՝ ԱԺ-ում ամենամեծ կուսակցության ղեկավարը: Բողոքողների կողմից նրա հրաժարականի պահանջը չկար և նրա պաշտոնաթողությունն ավելի շատ ներքաղաքական ինտրիգների հետևանք էր: 

Սակայն սրանով դժգոհությունները չվերացան: Ստեփանակերտում կա առնվազն 3 նախաձեռնող խումբ, որոնք ավելի շատ ու արմատական փոփոխություններ են պահանջում: Հունիսի 6-ից սկսած իմ գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որն Արցախի խորհրդարանական 5 կուսակցություններից ամենափոքր ներկայացվածությունն ունի ԱԺ-ում, սկսեց խորհրդակցությունների շարք կուսակցության տարածքային կառույցների, տարբեր նախաձեռնող խմբերի, այլ կուսակցությունների ներկայացուցիչների, մտահոգ քաղաքացիների հետ: Անձամբ ես հանդիպումներ ունեցա և լուծման տարբեր սցենարներ քննարկեցի «Ազատ Հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88» կուսակցությունների ղեկավարների և այլ ներկայացուցիչների հետ:

Պետք է նշել, որ կուսակցություններն այդ օրերին թեև իրենց ղեկավար մամնի նիստեր էին անում, սակայն հստակ լուծումներ չէին առաջարկում: Ինտեսիվորեն շարունակվում էր նաև Արցախի նախագահի և կուսակցությունների հանդիպումները. պաշտոնանկումներից հետո Բակո Սահակյանը հանդիպում էր հիմնականում իրեն սատարած «Ազատ Հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Մեր շփումները հանրության լայն շերտերի հետ ցնցող պատկեր բացեցին մեր առջև: Թեև ես ու իմ գլխավորած կուսակցությունն առավելագույն շփում ենք ունեցել հանրության հետ և մեզ համարում էինք արցախյան ներքին իրողություններից լավ տեղեկացված, պարզվեց, որ մենք ուղղակի շատ բանից անտեղյակ ենք: Այսպես, ոստիկանությունը և այլ ուժային կառույցներ զանգվածաբար և մշտապես խոշտանգումներ էին կիրառել բերման ենթարկվածների նկատմամբ՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ցուցմունքներ վերցրել էին գործի մեջ ներգրաված անձանց նկատմամբ բռնություններ կիրառելով, կեղծ փաստեր էին ապահովել գործի համար: Դատախազությունն ամբողջովին անգործության էր մատնված նմանատիպ դեպքերում: 
Ես չեմ խոսում սոցիալական բողոքից և տնտեսական բնույթի այլ հաղորդումներից, որովհետև դրանք բազմաթիվ են և այլ թեմայի նյութ:

Այնուամենայնիվ Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամը ստեղծվել է ոչ թե պետական ինստիտուտների ոչ արդյունավետության պատճառով, այլ դրանք փոխել չցանկանալու հետևանքով: 2017թ. մեկ անձի իշխանության վերարտադրության համար փոխված սահմանադրությունը դրա վառ վկայությունն էր: Քաղաքական ճգնաժամերի հիմքը հենց դրա մեջ պետք է փնտրել:
Երեկ, 2017թ. հունիսի 11-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որը 10 տարի երկիրը նախագահելուց հետո 2017թ. Ազգային ժողովի կողմից մինչև 2020թ. ընտրվել է անցումային շրջանի նախագահ, հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրվել 2020թ. նախագահական ընտրություններում:

Վաղը, 2017թ. հունիսի 13-ին, մենք կներկայացնենք մեր մոտեցումներն այս բոլոր հարցերի շուրջ: Հրավիրում ենք բոլոր լրատվամիջոցներին լուսաբանել հավաքը: Եվ այսպես՝ հունիսի 13-ին, ժամը 17.00 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ես, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանս, Ազգային վերածնունդ կուսակցությունը և մի շարք նախաձեռնող խմբեր կազմակերպում ենք հավաք: Հավաքի ընթացքում կներկայացնենք այս օրերին քաղաքական ճգնաժամի մասին մեր խորհրդակցությունների ամփոփումը և ճգնաժամի լուծման մեր տեսլականը։

լուսանկարը՝ ֆբ օգտատեր Տիգրան Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter