HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 7: Բանավեճի թեման. «Եվրոպական ինտեգրման այլընտրանքը»

Ռասիմ Մուսաբեկով. Եվրաինտեգրման հարցերը

Հարավային Կովկասի երկրների համար եվրոպական կառույցների մեջ ինտեգրումը, ըստ էության, այլընտրանք չունի, բայց, ցավոք, առայժմ հնարավոր չէ ասել, թե այդ ճանապարհին մեր հաջողությունը երաշխավորված է, առավել եւս չի կարելի այդ գործընթացն անվանել անդառնալի: Ինչ վերաբերում է այն բանին, որ Ադրբեջանում եւ Հայաստանում բազմաթիվ կուսակցությունների ղեկավարների համար ԵՄ-ին ինտեգրումը գերադասելի է ՆԱՏՕ-ին ինտեգրումից, ապա, իմ կարծիքով, այստեղ մենք գործ ունենք կամ խորամանկության, կամ թերըմբռնման հետ: Գործնականում բոլոր ետսոցիալիստական եւ ետխորհրդային երկրները, որոնք մտան ԵՄ, միաժամանակ, կամ նույնիսկ ավելի շուտ, մտան նաեւ ՆԱՏՕ:

Պարզապես համաձայնելով ԵՄ-ի հետ եւ մերժելով ՆԱՏՕ-ն` Հարավային Կովկասի երկրների կուսակցությունների` դեպի Մոսկվա կամ Թեհրան կողմնորոշված ղեկավարներն արտացոլում են այդ մայրաքաղաքաներում տիրապետող հայացքները: Չէ՞ որ Ռուսաստանի եւ Իրանի իշխող շրջանակները, թեեւ խոսքերով չեն առարկում ԵՄ-ի հետ մերձեցմանը, բայց ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ իրենց համար սպառնալիք են տեսնում եւ սեփական ազդեցության բացառիկ գոտու նեղացում: Ինչ վերաբերում է ստանդարտներին, ապա ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ը պահանջում են հավատարմություն պետության եւ հասարակության իրավական, ժողովրդավարական կազմակերպմանը, բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը, մարդու իրավունքների հարգմանը: Հարավային Կովկասում տնտեսական եւ սոցիալական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է կայուն անվտանգություն: Դա երաշխավորող միակ արդյունավետ միջազգային գործիքը ՆԱՏՕ-ն է: Ուստի, կարծում եմ, որ չի կարելի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին Հարավային Կովկասի երկրների ինտեգրման գործընթացներն իրարից բաժանել, առավել եւս` հակադրել: 

Ալեքսանդր Իսկանդարյան.

Թուրքիան սահմանակից է թե՛ Իրաքին, թե՛ Իրանին եւ թե՛ Սիրիային: Եւ ոչինչ: Թե՛ ՆԱՏՕ-ի անդամ է, թե՛ մի օր ԵՄ կընդունեն` չնայած մուսուլմանությանն ու մեկուսացված քրդերին: Բայց Վրաստանի տարբերությունը Ադրբեջանից եւ հատկապես Հայաստանից ակնհայտ է: Այն լուծումները, որոնք Վրաստանի համար տեխնիկական են, Հայաստանի համար քաղաքական են: Հայաստանը շատ ավելի զգույշ եւ շրջահայաց է, «փոխլրացնող»` ինչպես սիրում է ասել պարոն Օսկանյանը: Ինչո՞ւ հաչալ Ռուսաստանի վրա, ընդ որում` իզուր, փորձանքի մեջ կընկնես (Վրաստանի օրինակն աչքի առաջ է): Ավելի լավ է սպասել: Ռուսաստանի ազդեցությունը, միեւնույն է, նվազում է, ոչինչ հնարավոր չէ անել: Առավել եւս, որ պիտի ընդունեն բոլորին միասին: Իսկ Ադրբեջանը ինչ-որ տեղ մեջտեղում է: Այսպես ասածª վերջին տարիներին «հայկականանում» է: Հասկանում է, որ Ռուսաստանից հեռանալու եւ Արեւմուտքի հետ ինտեգրվելու միակողմանի եւ չափազանց կտրուկ դիրքորոշումը խանգարում է, նաեւ վտանգավոր է առողջության համար: 

Լաուրա Բաղդասարյան. Քաղաքացիական վերահսկողություն բանակի նկատմա՞մբ:

Պարոն Մուսաբեկով, ինձ հետաքրքրեց Ձեր կարծիքը: Մի կողմից Դուք խոսում եք հարավկովկասյան երկրների հնարավոր անդամակցության մասին ՆԱՏՕ-ին ավելի շուտ, քան, ասենք, ԵՄ-ին, իսկ մյուս կողմից` մեզ մոտ բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը վերաբերող հարցը: Ես ենթադրում եմ, որ իրապես ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար (համաձայն եմ պարոն Իսկանդարյանի հետ) ժողովրդավարության մակարդակը կարող է վճռական գործոն չդառնալ: Չե՞ք կարծում, որ բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը շատ հեռավոր ապագայի հարց է:

Պարոն Իսկանդարյանին: Եթե հիմք ընդունենք Վրաստանի քաղաքագետների կարծիքները, ապա ՆԱՏՕ-ի մեջ նրանց երկրի ընդունման հարցն ավելի շատ քաղաքական, քան տեխնիկական հարց է: Ես միշտ զարմանքով եմ լսում, օրինակ, Վրաստանի փորձագետների եւ քաղաքագետների արտահայտություններն այն մասին, որ վրաց-ռուսական փոխհարաբերությունները միմիայն վրաց-ռուսական փոխհարաբերություններ են, այլ ոչ թե աշխարհաքաղաքականություն: Բայց, իմ կարծիքով, ՆԱՏՕ մտնելու մասին վրացական ուժերի որոշումը հենց իսկական աշխարհաքաղաքականություն է: 

Ալեքսանդր Իսկանդարյան. Նայած, թե տեխնիկական ասելով` ինչ կհասկանանք

«Ուզում եմ ՆԱՏՕ մտնել, բայց չեն թողնում» ձեւակերպումը չունի այնպիսի մասշտաբ, որպիսին «Ինչ եմ պատրաստ տալու ՆԱՏՕ մտնելու դիմաց» հարցինն է: Օրինակ` հանուն ՆԱՏՕ-ի Հայաստանն ու Ադրբեջանը պատրա՞ստ են ձեռք քաշել Ղարաբաղից: Այս երկրները առնվազն կմտածեն այդ մասին: Իսկ Վրաստանն արդեն կորցրել է իր «ղարաբաղները»: Ի միջի այլոց, կարծիք կա, որ հենց այն պատճառով, որ չափից ավելի արագ էր ձգտում դեպի Արեւմուտք` գտնվելով Ռուսաստանի կողքին: 

Ալեքսանդր Ռուսեցկի. Միաժամանակյա՞, թե՞ առանձին անդամակցություն 

Մենք խոսում ենք Հարավային Կովկասի առանձի՞ն երկրների, թե՞ նրանց «միաժամանակյա՚»անդամակցության մասին: Կարծում եմ, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ի հետ իր կապերն ակտիվորեն զարգացնել` ընդհուպ մինչեւ այդ կազմակերպության մեջ մտնելը: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներին (իսկ ես դրանց թվին եմ դասում նաեւ Թուրքիային), ապա պետք է ստեղծվի նոր քառակողմ ձեւաչափ, պայմանականորեն` «ԱԳԱԹ» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա ռուսերեն անվանումներից կազմված հապավումևխմբ.), որն ի վիճակի կլինի մշակել ԵՄ-ի մեջ ինտեգրման միասնական ծրագիր: Չէ՞ որ բոլոր այս երկրները հայտարարել են դեպի ԵՄ գնալու ցանկության մասին, ինչո՞ւ այդ ցանկությունը չձեւակերպել ընդհանուր փաստաթղթի տեսքով: Այս ձեւաչափը կարող է միանգամայն նոր հնարավորություններ ստեղծել նաեւ հակամարտությունների կարգավորման համար: ԵՄ-ին ինտեգրման գործընթացը, այս տեսանկյունից, կարող է ավելի կայուն լինել: 

Լաուրա Բաղդասարյան. Ռասիմ Մուսաբեկովին

«Դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ ուղղությունների միավեկտորության» կապակցությամբ

Նայած, թե ինչ տեսանկյունից ենք նայում: Եթե Ռուսաստանից հեռանալու տեսանկյունից, ապա այո, Ձեզ հետ համաձայն եմ: Իսկապես, դեպի ո՞ւր կարելի է շարժվել Ռուսաստանից հեռանալիս, եթե ոչ դեպի ՆԱՏՕ եւ ԵՄ: Բայց, մյուս կողմից, հենց նույն եվրակառույցներում, նույն Ալյանսի մեջ, ամեն բան միարժեք չէ: Հասկանում եմ, որ կարելի է, ի հակակշիռ, խոսել այն մասին, որ կա ռազմավարական ընդհանրություն եւ մարտավարական տարաձայնություններ, ինչպես դա եղավ Իրաքին հարվածելու հարցում: Ո՞վ գիտե, գուցե ԱՄՆ-ը, որը ՆԱՏՕ-ի շարժիչ ուժն է, այդպես էլ չկարողանա վերականգնել իր վարկը դաշնակիցների աչքում: Մի շարք եվրոպական երկրների հայտարարություններն այն մասին, թե Իրաքի հետ պատերազմից հետո շատ երկրներ պետք է լրջորեն մտածեն իրենց բանակների ամրապնդման մասին, դեռ չի կորցրել իր հրատապությունը: 

Ալեքսանդր Ռուսեցկի. Ալեքսանդր Իսկանդարյանին 

Ես կարծում եմ` Դուք ճիշտ եք, երբ գրում եք այն մասին, որ Վրաստանը շատ էր շտապում դեպի Եվրոպական տուն: Շատ սխալներ թույլ տրվեցին եւ թույլ են տրվում մինչեւ այժմ: Սակայն ես չեմ կարծում, թե նա կորցրել է  «իր ղարաբաղները»: Տարածաշրջանով մեկ ցրված էթնոկրատական ռեժիմները չեն կարող երկար դիմանալ: Դա վերաբերում է բոլոր ռեժիմներին, որոնք չունեն լեգիտիմության բավարար մակարդակ, ներառյալ «կենտրոնականները»:

 

Ալեքսանդր Իսկանդարյան. Ալեքսանդր Ռուսեցկուն

Խնդիրը տերմինները չեն: Ով` ով, բայց Հայաստանն ավելի քան «տուժում» է աբխազական հակամարտությունից: Դրույթը, թե հակամարտությունները կարելի է լուծել միասին, ներեցեք, ինձ վիճելի է թվում: 

Ռասիմ Մուսաբեկով. Ալեքսանդր Իսկանդարյանին

Բանն այն է, որ, անկախ Հայաստանի մասնակցությունից, Ուկրաինան, Վրաստանը եւ, թերեւս, Մոլդովան եւ Ադրբեջանը, կմեծացնեն եւ կկոորդինացնեն իրենց ջանքերը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ կապերի զարգացման ուղղությամբ` ընդհուպ մինչեւ անդամություն (եթե թողնեն, եւ եթե նվազագույն չափով հասունանանք): Ըստ ամենայնի` կոորդինացման գործիք է դառնում ՎՈՒԱՄ-ը (Ուզբեկստանն այսուհետեւ էլ իրեն հեռու կպահի): Եթե հաջողվի գոնե մասամբ լիցքաթափել Լեռնային Ղարաբաղի հետ կապված կոնֆլիկտային պոտենցիալը, ապա կոորդինացման այս սխեմայի մեջ Հայաստանի մուտքը լիովին իրատեսական է: Եթե Հայաստանի իշխող վերնախավին նայենք որպես բացառապես Մոսկվայի մանկլավիկների, ապա իմ ասածն ամբողջովին անհեթեթություն է: Բայց փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում, իսկ դրանք ենթադրում են տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դիրքերի քայլ առ քայլ ամրապնդումը, այն ամենը, ինչի մասին դատողություններ եմ անում, օրակարգային հարցեր են: 

Ալեքսանդր Իսկանդարյան. Ռասիմ Մուսաբեկովին

Ինչ վերաբերում է նրան, թե ո՞վ ո՞ւմ մանկլավիկն է, ապա դա դեռ հարց է: Իհարկե, նաեւ կատակելով եմ ասում, բայց հավատացեք, հայ քաղաքական գործիչները չափազանց ռացիոնալ են, եւ կգործածեն «մանկլավիկությունը», քանի դեռ հնարավոր է, իսկ հետո` կտեսնենք…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter