HY RU EN

Արաքս Մամուլյան

«Նորատուսցի Ալիկն» ու պաշտպանն առողջական խնդիրներ ունեն. դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, այսօր հետաձգեց քրեական աշխարհում որպես «Նորատուսցի Ալիկ» հայտնի Ալիկ Բանդուրյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը:

Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը գրություն էր ուղարկել դատարան, որ առողջական խնդիրների պատճառով նիստին ներկայանալ չի կարող: Նիստին չէր ներկայացվել նաև ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը: Դատավորը հայտնեց, որ ուղեկցող գումարտակի աշխատակիցների փոխանցմամբ՝ Բանդուրյանին հնարավոր չի եղել ներկայացնել վատառողջ լինելու պատճառով: Այսպիսով, նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 26-ին:

Նշենք, որ նախորդ դատական նիստին պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան Ալիկ Բանդուրյանին Ազգային ժողովի պատգամավորների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատելու վերաբերյալ՝ ի թիվս այլ հիմավորումների նշելով նաև հանգամանքը, որ Բանդուրյանն առողջական խնդիրներ ունի և դատարան է բերվում ոչ հարմարեցված մեքենայով:

Այս միջնորդությունը մերժելուց հետո Երեմ Սարգսյանը հայտարարել էր, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ունի, որից հետո նիստը հետաձգվել էր ու նշանակվել այսօր:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Արմեն Լյովայի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Ըստ մեղադրանքի` Պետրոս Իսրայելյանը, նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ՝ խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած` Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից: