Սուրեն Պապիկյանն ընդունել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է նախարարության լրատվության բաժինը, Պապիկյանը ներկաներին հայտնել է, որ կարևորում է հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ շարունակական համագործակցությունը՝ նշելով, որ նախարարության և ՔՀԿ-ների հորիզոնական փոխգործակցությունն աջակցում է քաղաքացիական գիտակցության բարձրացմանը և ժողովրդավարական արժեքների հետևողական ներդրմանը։
Իր խոսքում ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը նախարարին է պատմել ծրագրի շրջանակներում տարածքային կառավարման և զարգացման ոլորտում մշակված քաղաքականության մասին, որով խթանվելու է ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածությունը տեղական աճի ռազմավարություններում և «խելացի համայնք» նախաձեռնություններում, կարևորվելու է տեղական տնտեսական զարգացման պլանների հաջող իրականացման և ՏԻՄ-երում հանրային կառավարման բարեփոխումների բարելավման, մշտադիտարկման և ջատագովության անհրաժեշտությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ինտենսիվ հանդիպումներ և հասցեական քննարկումներ իրականացնել ծրագրի առանձին բաղադրիչների վերաբերյալ։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել