HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 9: Բանավեճի թեման. «Եվրաինտեգրում եւ անվտանգություն»

Անվտանգության այնպիսի համակարգի (ռազմաքաղաքական, ՆԱՏՕ) մեջ ինտեգրումը, որը կլինի նվազ «քմահաճ» նոր անդամներ ընդունելիս եւ նշանակալի չափով կղեկավարվի աշխարհաքաղաքական կոնյուկտուրայով, տեղի կունենա բավական արագ: Բայց, վերջ ի վերջո, մենք բոլորս (հայերը, ադրբեջանցիները, վրացիները, աբխազները, օսերը եւ մյուսները) ստիպված կլինենք դեմքներս դարձնել մեկ-մեկու եւ իրար հետ լեզու գտնել, համատեղել մեր ազգային շահերը, մեր «աշխարհաքաղաքական կոդերը»: Այլապես ոչ մի ՆԱՏՕ, ուրիշ «անվտանգության հովանոցներ» չեն կարողանա լիովին ապահովել մեր անվտանգությունը: Անվտանգություն, որը հնարավոր չի լինի բաժանել վրացական, հայկական, ադրբեջանական եւ այլ մասերի: Իսկական անվտանգությունը պետք է հենվի կովկասյան մեծ հաշտության եւ ընդհանուր տարածաշրջանային գիտակցության արմատացման վրա: Բացի այդ, մեր անմիջական հարեւանների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հետ ներդաշնակ հարաբերություններ ունենալը անհրաժեշտ պայման է ցանկացած «անվտանգության հովանոցի» արդյունավետության համար: Այն, ինչ ես հիմա նկարագրում եմ, ապագային է վերաբերում, եւ դրան հասնելու համար մենք դեռ պիտի ապրենք եւ աճենք:

Սակայն հասունացման այս ընթացքն ավելի թեթեւ եւ արագ կկատարվի, եթե մենք ձգտենք եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների մեջ ինստիտուցիոնալ ինտեգրման: Այստեղից էլ` «Եվրաինտեգրում հանուն անվտանգությա՞ն» հարցի պատասխանը: Բայց կա նաեւ հակառակ պատասխանը` անվտանգություն հանուն եվրաինտեգրման: Որովհետեւ որքան ավելի կայուն եւ խաղաղ ապրենք ինչպես մեր երկրների ներսում, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանում, այնքան ավելի արագ կմերձենանք Եվրոպային եւ նրա հաստատություններին:

Ռասիմ Մուսաբեկով. Անվտանգություն

Անվտանգությունն ունի բազմաթիվ ասպեկտներ` ռազմական, տնտեսական, էկոլոգիական, տեղեկատվական: Իսկ երբեմն էլ խոսում են պարենային կամ էներգետիկ անվտանգության մասին: Բայց մեր դեպքում խոսքն ավելի շուտ քաղաքական եւ ռազմական անվտանգության մասին է:

Դա նշանակում է ամրապնդել ձեռք բերված անկախությունը եւ կանխել մեր պետությունները հեզ ու կամակատար արբանյակների (ինչպես Մոնղոլիան խորհրդային տարիներին) վերածելու փորձերը, ապահովել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ետ մղել աշխարհում ծավալվող ահաբեկչական սպառնալիքները: Կարո՞ղ ենք մենք ինքնուրույն լուծել այդ խնդիրները: Բացասական պատասխանն ակնհայտ է: Ի վիճակի՞ ենք ցանկալի նպատակին հասնել` Ռուսաստանի հետ միության եւ համագործակցության մեջ մտնելով: Այստեղ նույնպես պատասխանն ավելի շուտ «Ոչ» է, քան «Այո»:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ետխորհրդային երկրի համար անկախությունն առաջին հերթին նշանակում է անկախություն Մոսկվայից (սա ռուսատյացության դրսեւորում չէ, այլ փաստի արձանագրում): Բանն անցյալը չէ, այլ ներկան: Հիշեցնեմ նրանց, ովքեր մոռացել են, որ Ուկրաինան եւ Ղազախստանը անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխիքներ պահանջեցին եւ ստացան ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից` իրենց տարածքներից միջուկային զենքը եւ իր կրիչները դուրս բերելու, եւ ոչ միջուկային տերության կարգավիճակ ընդունելու գնով: Հարավային Կովկասի պետություններին նման երաշխիքներ ոչ մեկը չի տվել: Ուստի, Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի` դեպի ՆԱՏՕ ձգտումը ոչ թե խնամառություն է, այլ աշխարհաքաղաքական իրադրության, սպառնալիքների եւ դրանց դիմակայելու սեփական հնարավորությունների սթափ գնահատական: Թուրքիան Հայաստանից ոչինչ չի ուզում, ընդհակառակը, Երեւանի ներկա իշխանությունները, թաքնվելով Ռուսաստանի թիկունքում, արշավում են Թուրքիայի վրա, ձգտում են ամրապնդել տարածքային բռնազավթումները Ադրբեջանում եւ նմանօրինակ պլաններ են փայփայում Վրաստանի նկատմամբ (Ջավախք): Այսպիսով` ներկա իշխանության օրոք Երեւանը ոչ թե անվտանգություն է փնտրում, այլ դաշնակիցներ` իր երկրից դուրս տարածքային եւ այլ ամբիցիաներ իրականացնելու համար: Սա է Հարավային Կովկասի պետությունների` սեփական անվտանգության եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցերին մոտեցումների էական տարբերությունը:

Սակայն ցանկանում եմ նշել, որ անհեթեթություն կլինի ՆԱՏՕ-ի մեջ ինտեգրումը դիտարկել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային վեճը լուծելու տեսանկյունից: Այդ խնդիրները մենք պետք է լուծենք ինքներս` երկխոսության եւ փոխզիջումների միջոցով: 

Ի միջի այլոց, ԵՄ-ին ինտեգրումը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված շատ վեճեր: Միացյալ Եվրոպայի համատեքստում հարցերը, թե ո՞ր օրենքները (հայկականնե՞րը, թե՞ ադրբեջանականները) կգործեն Լեռնային Ղարաբաղում, ո՞ր տարադրամը (դրամը, թե՞ մանաթը) կշրջանառի, ինչպիսի՞ն կլինեն մաքսային, միգրացիոն կանոնները, սահմանները, քաղաքացիությունը եւ շատ այլ հարցեր, որոնք այսօր անհաղթահարելի են, իրականում կկորցնեն իրենց հրատապությունը: 

Լաուրա Բաղդասարյան. Ռասիմ Մուսաբեկովին 

Ռասիմ, ես հարգում եմ Ձեզ այն բանի համար, որ, ի տարբերություն Ադրբեջանի բազմաթիվ քաղաքական գործիչների, քաղաքագետների եւ նույնիսկ իրավապաշտպանների, այստեղ Դուք գրում եք համարյա նույնը, ինչ հայտարարում եք ադրբեջանական մամուլում: Ահա, օրինակ, տիկին Սուլեյմանովան (Ադրբեջանի օմբուդսմենը) հրաժարվում է ֆաքս ստանալ Երեւանի «իր» գործընկերոջ գրասենյակից` հիմնավորելով դա նրանով, որ ոչ մի համագործակցություն չի կարող լինել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից: 

Ադրբեջանի Մարդու իրավունքների ինստիտուտի տնօրենը ձեր մամուլում հայտարարել է, որ հրապարակել է մարդու իրավունքներին վերաբերող անեկդոտների ժողովածու, որտեղ անեկդոտ կա նաեւ հայերի մասին£ Եւ դրա նպատակն այն է, ինչպես ինքն է հայտարարել, որ բոլորն իմանան «հայերի բուն էության մասին»: Ինչո՞ւ եմ բերում հենց այս երկու օրինակները: Քանի որ դրանցում ցայտուն երեւում է ձեր հասարակության օտարվածության աստիճանը ընդհանրապես փոխզիջումների հասկացությունից:

Մի կողմից Դուք խոսում եք Հայաստանի «արշավների» մասին անխտիր բոլոր հարեւանների վրա (չմոռանալով հիշատակել նաեւ Ջավախքը): Մյուս կողմից խոսում եք հարցերը փոխզիջումների միջոցով լուծելու մասին: Ինչպե՞ս հասկանալ այս ամենը: Ադրբեջանը պատրա՞ստ է հենց այդ եղանակով` ԵՄ մտնելով, հրաժարվել սեփական հասարակության ռազմականացումից եւ Ղարաբաղը ուժով վերադարձնելու տրամադրվածությունից` ընտրելով ինտեգրման ճամփան: Սկզբունքորեն, հիմա Դուք ասում եք այն, ինչ ես երկար ժամանակ մտածել եմ: Կոմպրոմիսի կարող է պատրաստ լինել միայն կուշտ, բարեկեցիկ հասարակությունը: Եթե դուք կսպասեք այնքան ժամանակ, մինչեւ մեր եւ ձեր երկրները դեպի ԵՄ տանող ճանապարհին դառնան այդպիսին, ապա` ինչո՞ւ ոչ: 

Ստեփան Գրիգորյան. Անվտանգության եվրոպական համակարգը 

Հասկանալի է, որ լինելով ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի անդամ` մեր երկրներն ինչ-որ իմաստով արդեն մտնում են անվտանգության եվրոպական համակարգի մեջ: Վստահ եմ, որ եթե մեր երկրները իրականում, այլ ոչ թե ձեւականորեն կատարեն ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի պահանջները (եւ իրականացնեն 1999-ին ու 2001-ին ԵԽ մտնելիս ստանձնած պարտավորությունները), ապա մեր անվտանգութան մակարդակը կբարձրանա: Քանի որ կառավարման ժողովրդավարական համակարգ ունեցող երկրները հակված են հարեւանների հետ ունեցած հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Ինչ վերաբերում է անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչին, ապա ես կասկածներ չունեմ, որ բոլոր երեք երկրներն էլ պետք է մտնեն մեկ համակարգի մեջ, եւ այդ համակարգն այսօր կարող է լինել ՆԱՏՕ-ն: Մենք կարող ենք նույնիսկ տարբեր արագություններով գնալ այդ ուղղությամբ, բայց պետք է շարժվենք դեպի անվտանգության նույն, ընդհանուր համակարգը: Անթույլատրելի է տարածաշրջանում ստեղծել «բաժանարար» գծեր: 

Ալեքսանդր Ռուսեցկի. Լաուրա Բաղդասարյանին 

Եթե մեր հասարակական գործիչներին հարց տրվի, թե քանի՞ հարեւան ունի Վրաստանը, ապա մեծամասնությունը կպատասխանի` չորս հարեւան: Դրա պատճառն այն է, որ մեր փոքրիկ մանկական աչքերում դեռեւս չեն արտացոլվում մեր ծովային հարեւանների ափերի ուրվագծերը:

Ուրեմն, հարեւաններն ավելի շատ են: Ինչ վերաբերում է իրողություններին: Ձեր զգացմունքներն ինձ համար հասկանալի են, եւ ես կիսում եմ դրանք: Քանզի Դուք խոսեցիք մեր փոխհարաբերություններում առկա կոնկրետ խնդիրների մասին, որոնք այնքան շատ են:

Մեր չինովնիկները չեն ցանկանում եւ չեն կարող զբաղվել այդ կոնկրետ խնդիրներով: Եւ առաջին հերթին այն պատճառով, որ հասարակությունը չի պահանջում: Այդպես էլ կուտակվում են խնդիրները, որոնց հիման վրա զարգանում են նախակոնֆլիկտային իրադրությունները:

Անվտանգության տարածաշրջանային համակարգի հիմքը երկկողմանի հարաբերություններն են, եւ մենք պետք է հոգ տանենք դրանց մասին: Ուստի, պետք է ուսումնասիրել մեր միջեւ գոյություն ունեցող բոլոր խնդիրները եւ մեր ձեռքը վերցնել կառավարման գործը: Հենց սա է ճանապարհը դեպի անկախություն` ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում: Ուրիշներն այդ ժամանակ իրենց ձեռքերը չեն տաքացնի մեր վեճերի վրա: 

Ռասիմ Մուսաբեկով. Լաուրա Բաղդասարյանին` փոխզիջումների մասին 

Կարծում եմ, որ այսօր (թե ադրբեջանցիների, թե հայերի) անվտանգության խնդիրը պետք է անջատել կարգավիճակի հարցից: Կոմպրոմիսը (Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների ազատումը ռազմական գործողությունները չսկսելու երաշխիքների, տրանսպորտային հաղորդակցությունները բացելու եւ համագործակցության կարգավորման դիմաց) կարող է դրական ֆոն ստեղծել: Հասկանալի է, որ այս դեպքում աչք է փակվում փաստացի վիճակի վրա, երբ Լեռնային Ղարաբաղը պահպանում է իր ներկա` Ադրբեջանից անկախ կարգավիճակը: Բայց տարածաշրջանային համագործակցության ամրապնդման եւ եվրոպական կառույցներին (ՆԱՏՕ, ԵՄ) համատեղ խորացվող ինտեգրման համատեքստում ավելի հեշտ կլինի գտնել փոխադարձաբար ընդունելի ձեւակերպումներ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ:

Իմ դիրքորոշման մեջ, կարծում եմ, ոչ մի նոր բան չկա: Չեմ թաքցնում, որ Ադրբեջանում բոլորը չէ, որ կիսում են իմ հայացքները: Բայց ես բացարձակապես հավատացած եմ այս մոտեցման իրատեսական եւ գործնական լինելու մեջ եւ բացահայտ հայտարարում եմ այդ մասին: Ի միջի այլոց, որքան ինձ հայտնի է, ԵՄ-ի քաղաքական գործիչներն ու չինովնիկները (ինչպես նաեւ միջնորդները) այս պահին աշխատում են կարգավորման նմանատիպ սխեմայի վրա (միջանկյալ լուծում` կողմերի համար երաշխիքների տարրերով եւ խթաններով հանդերձ): 

Ավյազ Ռուստամով. Ադրբեջանի անվտանգության սպառնալիքները 

Մեր երկրի, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս բոլոր երկրների համար, քաղաքական եւ տնտեսական զարգացման լուրջ հնարավորությունները մեծ վնաս են կրում չլուծված հակամարտություններից: Եվրամիության կարծիքով` դրանց «սառեցումը» արգելակում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների աստիճանական զարգացումը, ձախողում է տարածաշրջանային անվտանգության եւ հուսալի կայունության հաստատումը, դժվարացնում է Եվրոպայի հետ ինտեգրումը: Կարելի է հասկանալ նրանց այդ տագնապները: Եթե տարածաշրջանի երկրները Եվրոպա մտնեն իրենց չլուծված հակամարտություններով, ապա չի բացառվում, որ ռումբը կպայթի եվրոպական ճեպընթացի մեջ: 

Այն գործոններից, որոնք հենց հիմա ուղղակի սպառնալիք են Ադրբեջանի անվտանգության համար, կամ կարող են մեր հանրապետության համար սպառնալիք դառնալ ապագայում, ցանկանում եմ նշել հետեւյալը. 

1. Հայաստանի` սեփական ռազմական ուժերի մեծացումը (հիշենք մեկ միլիարդ դոլար արժողությամբ չհաշվառված զենքը, որ Ելցինի ժամանակ հանձնեց Ռուսաստանը), Հայաստանի տարածքում գոյություն ունեցող ռազմական բազաների ընդլայնումն ու արդիականացումը, ինչպես նաեւ անհիմն տարածքային եւ այլ հավակնությունները Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ: 

2. Տարածաշրջանում ահաբեկչության վտանգի մեծացման գործոնը: Ընդ որում` իրական վտանգ կա, որ կարող են սերտաճել տարբեր ահաբեկչական կազմակերպությունների շահերը, որոնք ցանկանում են ապակայունացնել իրադրությունն Ադրբեջանում եւ տապալել ածխաջրածնային պաշարների շահագործման եւ դրանց համաշխարհային շուկա արտահանման ծրագրերը: 

3. Հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի գրավված տարածքների եւ նրա պետական սահմանների մի մասի` թմրամիջոցներ պարունակող բույսերի մշակման, թմրադեղերի արտադրության եւ դեպի Արեւմուտք, ԱՊՀ տեղափոխման, զենքի, ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկների ապօրինի տեղափոխման, անօրինական գաղթականների, այդ թվում` ահաբեկչական խմբերի (հատկապես Աֆղանստանից)` Եվրոպա թափանցելու նպատակով օգտագործման հանգամանքը (հիմնվում եմ ԶԼՄ-ների եւ մեր ԱԱՆ-ի բաց տեղեկատվության վրա): 

4. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի իրականացմանը զուգընթաց, պետք է սպասել ահաբեկչության, այդ թվումª խիստ վտանգավոր քրդական միավորումների ակտիվացում£ Դրանք ապաստան են գտնում Հայաստանում (տեղեկատվության աղբյուրը նույնն է): Ջավախքի շրջանում (Վրաստան) հավաք ապրում է հայկական բնակչություն, որի բազմաթիվ ներկայացուցիչները ծառայում են ռուսական զորամասերում, ռուսական ռազմական բազաներում: Նրանք խիստ բացասաբար են վերաբերվում տարածաշրջանի ապառազմականացման հնարավորությանը: Հաշվի առնելով այնտեղ գոյություն ունեցող անջատողական տրամադրությունները` այս կոնտինգենտը խիստ թշնամաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի շփումներին եւ նավթագազային նախագծերի մեջ Վրաստանի մասնակցությանը, քանի որ դա կուժեղացնի Վրաստանի քաղաքական, տնտեսական եւ պաշտպանական կարողությունները:

5. Տարածաշրջանային անվտանգության ապակայունացման նպատակով Կասպից ծովի կարգավիճակի խնդրի օգտագործման հանգամանքը:

6. Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում սպասվող մարդկային զոհերը եւ ուղղակի նյութական վնասը:

7. Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում եւ երկրներից յուրաքանչյուրում էկոլոգիայի վատացման գործոնը: Տարածաշրջանային կայունության համար այստեղ առանձնահատուկ վտանգ է ներկայացնում Հայաստանում գտնվող ատոմակայանը, որը տեղակայված է սեյսմիկ ակտիվության գոտում, եւ որտեղ օգտագործվում են հնացած, ժամանակակից միջուկային անվտանգության ստանդարտներին չհամապատասխանող սարքավորումներ: 

Ալեքսանդր Ռուսեցկի. Ավյազ Ռուստամովին 

Ձեր տեքստից երեւում է, որ ուշադրություն եք դարձնում ժամանակի պաշարի գործոնին: Ինձ թվում է, թե Ադրբեջանի ղեկավարությունն այդ լուրջ ռեսուրսին վերաբերվում է վատնողաբար: Առաջին հերթին` ես նկատի ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների եւ ուրեմն` եռակողմ հարաբերությունների շրջափակումը: Այսօր մենք չպետք է ժամանակ կորցնենք, այլ համատեղ աշխատենք տարբեր նախագծեր ու ծրագրեր կազմելու ուղությամբ: Սա չի նշանակում, թե դրանք պետք է անմիջապես իրականացվեն, բայց այդ մտավոր արտադրանքը պետք է ստեղծվի£ Նույնիսկ բոլշեւիկներն օգտագործում էին հին նիկոլաեւյան նախագծերը, քանի որ չունեին սեփականը: Ապագային պետք է պատրաստվել. ժամանակն այնքան արագ է անցնում (ի միջի այլոց, Դուք հիշատակում եք նաեւ տեմպի մասին): Ցավոք, մենք ժամանակը որպես ազգային պաշար չենք ընկալում, բայց այն նվազ կշիռ չունի, քան ածխաջրածիններն ու հանքային ջրերը: 

Լաուրա Բաղդասարյան. Ավյազ Ռուստամովին

Հարգելի Ավյազ, ինձ շատ հետաքրքրեց գործոնների Ձեր ցանկի երկրորդ կետը, որտեղ խոսվում է կրոնական-արմատական բնույթի ահաբեկչության մասին: Ձեր գրած մնացած բաները շատ լավ ծանոթ փաստարկներ են: Ճիշտ է, ինձ թվում էր, թե դրանք մեր երկրների միջեւ շարունակվող տեղեկատվական պատերազմի դրսեւորումներն են£ Բայց Դուք մատնանշում եք, որ այդ փաստարկների աղբյուրը Ձեր երկրի անվտանգության օրգաններն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter