
Վրաստան. հողային վեճերը խոչընդոտում են զբոսաշրջության զարգացումը
Մանանա Վարդիաշվիլի, Կովկաս
Թույլ զարգացած շրջանների բնակիչները պնդում են, որ զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների հետեւանքով իրենք են տուժում:
Վրաստանի կառավարությունը երկրի ամենաաղքատ շրջանների տնտեսական վիճակը բարելավելու նպատակով մտադիր է զարկ տալ զբոսաշրջությանը, սակայն տեղացիները բողոքում են, որ առանց փոխհատուցում ստանալու զրկվում են իրենց հողատարածքներից:
Իշխանությունները Սեւ ծովի ափին գտնվող Կոբուլետիում եւ Անակլիայում ազատ զբոսաշրջային գոտիներ են ստեղծել' ազատելով ներդրողներին հարկային պարտավորություններից եւ այլ ծախսերից: Վրաստանի կառավարությունը նաեւ 145 միլիոն դոլար արժողությամբ հանգստյան վայր է կառուցում լեռնային Սվանեթի շրջանում' հույսով, որ այն ի վիճակի կլինի մրցել Շվեյցարիայի ամենահեղինակավոր դահուկային հանգստավայրերի հետ:
«Զբոսաշրջությունը թույլ է տալիս ամենակարճ ժամանակահատվածում վերականգնել Վրաստանի այն հատվածները, որտեղ ներկայում գործազրկություն եւ ճգնաժամ է տիրում», - փետրվարի 11-ին կայացած իր խորհրդարանական ելույթում հայտարարել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Հետեւաբար, կառավարության անմիջական ներգրավման եւ մասնավոր սեկտորի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ, նոր հանգստավայրեր են կառուցվում, զարգանում են ավանդական զբոսաշրջության կենտրոնները: Մեր ծրագիրը համարձակ է, սակայն մենք անպայման այն իրականություն կդարձնենք: Մինչեւ 2015 թվականը Վրաստան այցելողների տարեկան թիվը կհասնի 5 միլիոնի»:
Վրաստանի իշխանությունների ծրագրերն իրոք համարձակ են, քանի որ անցյալ տարի երկիր այցելած զբոսաշրջիկները թիվը հազիվ է անցել 2 միլիոնը, իսկ այցելուների համար հատկացված շրջանների բնակիչները պնդում են, որ կառավարությունը համառորեն առաջ է մղում իր ծրագրերը' առանց իրենց իրավունքները հաշվի առնելու:
Սեւծովյան Խելվաչաուրի շրջանի Գոնիո գյուղում բնակվող 271 ընտանիքներ բողոքում են, որ զրկվել են իրենց հողատարածքներից: Նախքան 2008 թվականի նախագահական ընտրությունները, այս ընտանիքների իրավունքները նշված հողատարածքների նկատմամբ պաշտոնապես ամրագրված էին, սակայն անցյալ տարվա նոյեմբերին դրանք չեղյալ հայտարարվեցին:
2007 թվականին Էնվեր Իրեմաձեն դարձավ իր հողատարածքի լիարժեք սեփականատերը. նրա տարածքը Գոնիոյի հռոմեական ամրոցի ավերակներից ընդամենը 250 մետր եւ թուրքական սահմանից 4 կմ հեռավորության վրա է գտնվում: Իրեմաձեին խոստացել էին այս տարածքում տուն կառուցելու թույլտվություն տալ:
«Ես նախագիծը հաստատման եմ ներկայացրել եւ վաճառել եմ բնակարանս, որպեսզի կարողանամ տուն կառուցել Գոնիոյում: Այնուհետեւ ինձ ասացին, որ «նախագիծը մերժվել է' մեր մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով»: Ես այդ տարածքում կացարան եմ կառուցել եւ սկսել եմ ապրել այնտեղ, այժմ այդ տարածքը խլել են, մնացել ենք անօթեւան», - ասում է նա:
Բնակիչները մեղադրում են Խելվաչաուրիի տեղական իշխանություններին այն բանում, որ 2010 թվականի նոյեմբերի 9-ին կազմակերպված հանդիպման շրջանակներում որոշում էին կայացրել վերոհիշյալ 271 ընտանիքների ճակատագրի վերաբերյալ առանց իրենց այդ մասին տեղեկացնելու: Իշխանությունները, իրենց հերթին, նշում են, որ որոշման հիմք է հանդիսացել մշակույթի նախարարությունից ստացված նամակը:
«Այս նամակով մեզ տեղեկացրին, որ Գոնիոյի ամրոցի հարակից տարածքները ենթակա են հնագիտական պահպանության եւ նախատեսված են պեղումների ու հնագիտական այլ միջոցառումների համար: Նամակում մեզ հանձնարարված էր ուսումնասիրել հողատարածքի հատկացման օրինականության հարցը», - նշում է Խելվաչաուրիի քաղաքապետարանի գույքային հարցերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գոչա Գաբրուշիձեն:
Տեղացիները մեղադրում են իշխանություններին մասնավոր ներդրողներին հողը տրամադրելու մտադրության մեջ' զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով: Տեղական եւ շրջանային իշխանությունների ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններ տալ իրադրության կապակցությամբ:
Սվանեթիի բնակիչները նույնպես մեղադրում են իշխանություններին ներդրողներին իրենց հողատարածքները տրամադրելու մեջ, ինչը կարող է իսկական խայտառակություն դառնալ նախագահ Սահակաշվիլու համար, ով անձամբ էր մասնակցում Մեսթիայի օդանավակայանի եւ դահուկային համալիրի բացմանը 2010թ. դեկտեմբերի 24-ին:
Մեսթիայի բնակիչների խոսքերով' իրենց հողատարածքներում նոր շենքեր են կառուցվում: Այսպես, այն հողատարածքում, որից 70 ընտանիքներ խոտի բերք էին ստանում, օդանավակայան է կառուցվել:
Սակայն իրադրությունը բարդանում է նրանով, որ Մեսթիայի բնակիչների 90 տոկոսը ժամանակին չեն ամրագրել հողատարածքների նկատմամբ իրենց իրավունքները, քանի որ նախքան Խորհրդային տարիները եւ դրանց ընթացքում հողը համարվում էր ողջ համայնքի սեփականությունը: Հարեւանները ժամանակին բանավոր պայմանավորվածությունների միջոցով են բաժանել հողատարածքները, համարյա չվիճելով այդ հարցի կապակցությամբ, եւ չեն մտածել դրանց պետական գրանցման մասին:
Այժմ, սակայն, նույնիսկ ցանկության դեպքում նրանք չեն կարողանա դա անել, քանի որ հողատարածքների գրանցման գործընթացը կասեցվել է անորոշ ժամանակով:
«Ինչպե՞ս կարող եմ զրկել երեխաներիս մեր պապենական հողերից: Ես կարող էի որոշ գույք վաճառել եւ գրանցել այս հողն իմ անունով, սակայն դա թույլ չեն տալիս անել: Տեղական պետռեգիստրում ասացին, որ գրանցման գործընթացը կասեցվել է, եւ դիմումներն այլեւս չեն ընդունվում», - դժգոհում է Մեսթիայի բնակիչ Արսեն Պալիանին:
Չնայած տեղական իշխանությունների հերքումներին, Պալիանիի ճակատագրին արժանացածները մեղադրում են իշխանություններին դիտավորյալ կերպով գրանցման գործընթացը դադարեցնելու մեջ' ավանդաբար իրենց պատկանող հողատարածքներում զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու համար:
«[Հողատարածքների] գրանցման գործընթացը կասեցվել է, քանի որ Մեսթիաչալա գետի ձախ ափին ներկայում հնարավոր չէ տեղանքի քարտեզի էլեկտրոնային հետազոտություններ կատարել», - նշում է պետական ռեգիստրի Մեսթիայի բաժանմունքի ղեկավար Զայրա Վեզդենին:
Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց պետական ռեգիստրին օդանավակայանի համար նախատեսված տարածքը, որը նույնպես գտնվում է Մեսթիաչալա գետի ձախ ափին, տրամադրել Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը:
Առ այսօր ո´չ տեղական ինքնակառավարման մարմինները, ո´չ իշխանությունները զբոսաշրջության զարգացման հետեւանքով տուժած բնակիչներին տրամադրվող փոխհատուցման համակարգ չեն մշակել: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ ստանում է միայն այն հողատարածքների սեփականության իրավունքները, որոնք արդեն իսկ պատկանում են պետությանը:
«Եթե տեղական պաշտոնյան որեւէ սխալ է թույլ տվել, ինչի արդյունքում տուժել է քաղաքացին, ապա վերջինս պետք է դատարան դիմի: Ինչ վերաբերում է հասցված վնասի ծավալներին եւ փոխհատուցման չափերին, ապա սա պետք է որոշվի տեղական իշխանությունների կողմից», - նշում է նախարարության խոսնակը:
Տեղացի հողատերերի իրավունքների պաշտպանության ծրագիր է մշակել Վրաստանի հասարակական կազմակերպությունների կոալիցիան, որը ներառում է «Բաց հասարակություն' Վրաստան», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ները, «Transparency International »-ի վրաստանյան գրասենյակը, «Վրաստանի շրջանային հեռարձակողների միությունը» եւ այլն: Կազմակերպությունները պահանջում են, որպեսզի պետությունը փոխհատուցում վճարի Մեսթիայում, Գոնիոյում եւ Անակլիայում բնակվող հողատերերին:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Իրավաբանական օգնության կենտրոնի տնօրեն Կախա Կոջորիձեն նշում է, որ հողի սեփականության իրավունքների հարցում իշխանությունները չեն հետեւում իրենց իսկ ընդունած օրենքներին:
«Օրենքում նկարագրված է, թե որ դեպքում եւ ինչպիսի ընթացակարգով է մասնավոր սեփականությունը հանձնվում [պետությանը] եւ ինչպիսի փոխհատուցում է հատկացվում սեփականատերերին: Նոր զբոսաշրջային գոտիներում այս ընթացակարգը չի գործում: Եթե շինության կառուցումը «պարտադիր սոցիալական անհրաժեշտություն» է, ապա կառավարությունն իրավունք ունի բնակիչների տարածքների նկատմամբ, սակայն օրենքը պահանջում է փոխհատուցում վճարել վերջիններիս նրանց սեփականության շուկայական արժեքի չափով», - նշում է Կոջորիձեն:
Մանանա Վարդիաշվիլին ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Մեկնաբանել