HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Վանաձոր-Երևան երթուղայինների վիճակից դժգոհող ուղևորներին վարորդներն այլևս չեն սպառնա

Վանաձոր-Երևան երթուղային տաքսիների վիճակի ու սպասարկման որակի մասին երթուղուց պարբերաբար օգտվողները բազմիցս են դժգոհել: Ուղևորների դժգոհությունները, սակայն, ավելի շատ մնացել են ներքին կամ անհատական-խմբային խոսակցությունների մակարդակում:

Մայիսի 22-ի առավոտյան Վանաձորի ավտոկայանից Երևան շարժվել պատրաստվող երթուղայինի վարորդը, չնայած նրան, որ առկա բոլոր նստատեղերն զբաղված էին, վերջին պահին որոշեց հավելյալ 1200 դրամ աշխատել ու դիմեց ուղևորներից մեկին՝ էդ աթոռակը հետևից տվեք, միջանցքում դնեմ:

Դիտարկմանը, որ նեղ միջանցքում աթոռակը դրած 2 ժամից ավելի ճանապարհ գնալը հարմար չէ, վարորդը արձագանքեց կոպտորեն։ 

«Մի ներվայնացրու, թե չէ մեքենայից կիջացնեմ»

Երևանից վերադարձը պետք է որ առանց միջադեպի անցներ, մանավանդ, որ այս անգամ ուղևորներիցս և ոչ մեկը չէր դժգոհել հավելյալ աթոռակի տեղադրելուց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ աթոռակն անհրաժեշտ է, որ 4-օրյա արձակուրդ ստացած մի զինվոր շուտ տուն հասնի:

Երևանի ավտոկայանից շարժվելուց րոպեներ անց, երբ մեքենայում շնչելու օդ չկար, իսկ մեքենայի վերնամասում գտնվող օդանցքի բացվելու հնարավորությունը բացառվում էր, քանի որ այն զմռսված էր, դիմեցի վարորդին՝ պարզելու համար՝ ինչո՞ւ չի բացվում օդանցքը: Սա առիթ հանդիսացավ, որ 3657L պետհամարանիշով երթուղային տաքսու վարորդը սպառնա՝ ինձ մի ներվայնացրու, թե չէ մեքենան կկանգնեցնեմ, մեքենայից կիջացնեմ: Ընդունելով վարորդի սպառնալիքը` առաջարկեցի կանգնեցնել ու իջեցնել:

Վարորդը թեև «բարեգութ» գտնվեց ու չկանգնեց, փոխարենը շարունակեց գոռգոռալ ու բարձրաձայնել իր կարծիքը ուղևորների ու երթուղին շահագործող ընկերության մասին: 

Հաջորդ օրը գնացի Վանաձոր-Երևան երթուղում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող «Ոսկեթև» ընկերության Վանաձորի գրասենյակ: Ընկերության Վանաձորի ներկայացուցիչ Գրիգոր Բաբայանը նախ զարմացավ, որ երթուղու մեքենաների վիճակի ու վարորդների հետ կապված դժգոհություններ կան` նշելով, որ մինչ այժմ ընկերությունը որևէ բողոք կամ  ահազանգ չի ստացել:

Իսկ Վանաձորում դժգոհությունները շատ են:

Արև Հարությունյանը, ով, ինչպես ինքն է նշում, ընդամենը մեկ անգամ է օգտվել երթուղային տաքսու ծառայություններից, նշում է. «Մեքենա չկա, մի անգամ եմ գազելով գնացել, թվում էր, թե կփլվի ճանապարհին»:

Մարիամ Մանուչարյանն ասում է, որ ամեն անգամ որդիներին Վանաձոր-Երևան երթուղու երթուղայիններով ճանապարհելիս սրտի դողով սպասել է, թե ինչպես են տեղ հասնելու:

Նրանք, ովքեր երկար տարիներ է` օգտվում են այս երթուղուց, վստահեցնում են՝ նախկին «Ֆորդ» մակնիշի մեքենաներն ավելի տանելի էին:

Մասնագիտությամբ տնտեսագետ Նարինե Կռոյանը ասում է, որ երթուղու մեքենաները վթարավտանգ են:

«Մի օր վարորդի կողքին էի նստած, նկատեցի,որ արգելակները լավ չեն աշխատում: Իրեն ասացի, ասեց՝ նկատեցի՞ր: Ո՞նց չնկատեի: Սարսափ է: Ասում եմ՝ բա չեք ասո՞ւմ ձեր տերերին: Ասեց՝ բա ինչ ենք անում: Նրանք էլ ասում են՝ քշեք, որտեղ կկանգնի, կկանգնի։ Ոլորտում պիտի անընդհատ աուդիտ լինի և բացառվեն գծային մենաշնորհները: Փոխադրումների շուկան, ի թիվ մնացած բոլոր շուկաների, պիտի ազատականացվի: Թող ուղևորն ինքն ընտրի՝ որ փոխադրողի ծառայություններից օգտվի»,- ասում է Նարինեն:

«Վարորդները՝ ծխելով, հեռախոսով բարձր խոսալով, մուննաթ գալով։ Գազելները՝ անհարմար, նստարանները շատ քիփ իրար, որ ոտքերին տեղ չեն տալիս, տաբուրետկաները, չխկչխկոցը... »,- ասում է Վահե Խաչիկյանը:

Մեքենաների պարբերաբար խափանումները, սրահների անմխիթար վիճակը, անընդմեջ լսվող չխկոցները, չնորմավորված գրաֆիկով աշխատանքը գումարվելով վարորդների կոպիտ վերաբերմունքի ու ծխելու հետ անհնար է դարձնում ուղևորների բնականոն փոխադրումը դեպի Երևան: Ուղևորների պահանջը մեկն է. ապահովել ապահով, պատշաճ սպասարկում ու ուղևորափոխադրում:

Դժգոհությունները լսելով` ընկերության ներկայացուցիչ Գ. Բաբայանը խոստանում է. վարորդների հետ բացատրական աշխատանք կտանեն, հաշվի կառնեն նաև ուղևորների նշած խնդիրներն ու գործուն քայլեր կձեռնարկեն բարձրաձայնված խնդիրների լուծման համար:

Քիչ անց երթուղային տաքսուց ուղևորին իջեցնելու սպառնալիք տված վարորդը հեռախոսազանգի միջոցով ներողություն խնդրեց` փոխանցելով, որ ղեկավարությունից մեքենայի բանալիները ձեռքից վերցրել են: Հետո վարորդը խնդրեց՝ կարո՞ղ է` զանգեք, ասեք, գործից չհանեն ...

Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող «Ոսկեթև»  ՍՊԸ-ն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է 2001թ.-ից: Ընկերության տնօրենը Արամ Գարրիի Գազարյանն է, ով և 2014թ.-ից հանդիսանում է ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter