
Տոհմային անասնաբուծության պահանջները կմիասնականացվեն
Եվրասիական տնտեսական միությունում նախագիծ է մշակվում, որի նպատակն է՝ միասնականացնել սելեկցիոն-տոհմային աշխատանքները գյուղատնտեսական կենդանիների հետ և ստեղծել տոհմային անասնաբուծության միասնական պահանջներ։ Այս մասին նշված է ԵՀԿ պաշտոնական կայքում։
Մինչև 2018թ․-ի վերջ նախատեսվում է մշակել նաև մեթոդաբանություն՝ գյուղատնտեսական կենդանիների տոհմային արժեքը գնահատելու համար։
Այս նպատակով ստեղծվելու են Եվրասիական համակարգող խորհուրդ և վերլուծական կենտրոններ, որոնք զբաղվելու են տոհմային անասնաբուծության հարցերով։
Միասնական պահանջների ստեղծման նախագծի շրջանակներում ԵԱՏՄ-ում մշակվելու է գենոմային սելեկցիայի համակարգ, որի ներդրումը, ըստ ԵՀԿ-ի, թույլ կտա արագացնել գենետիկ զարգացումը անասնաբուծության մեջ, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա հորթերի տոհմային արժեքը որոշել դեռևս վաղ տարիքում։
Տոհմային անասնաբուծության թեմային իր ելույթում անդրադարձել է նաև ԵՀԿ ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ստանիսլավ Բուբենը օրերս կայացած «ԲՈԼԱԳՐՈ-2018» միջազգային ցուցահանդեսի ժամանակ։
Ս․ Բուբենը նաև վստահություն է հայտնել, որ կենդանիների սելեկցիոն գործընթացում նմանատիպ առաջատար տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա մեծացնել անասնաբուծական ապրանքների արտադրման արդյունավետությունը՝ կենդանիների գենետիկ պոտենցիալի աճի հաշվին։
Նշենք, որ 2012-2017թթ․ ԵԱՏՄ տարածք է ներմուծվել ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլարի տոհմային արտադրանք, որից 47%-ը կազմել են խոշոր եղջերավոր անասունները։
Բացի ԵՀԿ-ից մասնակից երկրների համապատասխան նախարարություններից՝ տոհմային գործի միասնականացման պահանջների մշակման աշխատանքներ կիրականացնեն նաև գիտական կազմակերպությունները։
Ստացած տեղեկատվությունները կփոխանակվեն անդամ երկրների միջև, և մեթոդաբանությունը պատրաստ կլինի այս տարվա վերջում։
Մեկնաբանել