HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մ. Մանուշյանի անվան դպրոցի տնօրենը կասկածվում է լիազորությունները չարաշահելու մեջ

Ոստիկանությունը բերման կենթարկի Միսաք Մանուշյանի անվան N 48-րդ դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանին: Նրան բերման ենթարկելու որոշումը քննչական կոմիտեն ուղարկել է ոստիկանություն, քանի որ վերջինս քննչական մարմնի կանչով չի եկել հարցաքննության:

Փոփոխված հատված. Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Հետք»-ին փոխանցեց, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է «Մ.Մանուշյանի անվան» թիվ 48 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը, որի շրջանակներում առգրավվել են 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածի մրցութային կարգով թափուր պաշտոնի համար աշխատանքի ընդունված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերի բնօրինակները, տարբեր անձնական գործեր, դասամատյաններ եւ մի շարք այլ փաստաթղթեր։

Միսաք Մանուշյանի անվան  դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ոստիկանությունում քրական գործ է հարուցվել ՝ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով: Կասկածի հաստատման դեպքում` տնօրենը կպատժվի 200.000-300.000 դրամ տուգանքով, կամ հինգ տարի ժամկետով կզրկվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշ գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ կկալանավորվի 2-3 ամիս ժամկետով, կամ էլ կազատազրկվի առավելագույնը 4 տարի ժամկետով:

Քրեական գործը հարուցվել է դպրոցի ուսուցիչներից մեկի՝ մայիսի 23-ին ոստիկանություն ներկայացրած դիմումի հիման վրա: Սակայն, թե ինչ բողոք է ներկայացրել ուսուցիչը, ոստիկանությունից չմանրամասնեցին: Մեր տեղեկություններով՝ բացի այդ մեկ ուսուցչից` ոստիկանություն նաև այլ ուսուցիչներ են դիմել՝ բողոքելով տնօրենի կատարած անօրինություններից, պաշտոնական լիազորությունների չարաշահումներից, դպրոցում կատարված ապօրինություններից:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հավաստիացրեց, որ ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարցաքննվել և հարցաքննվում են տարբեր անձիք:

Մեզ հաջողվեց պարզել, որ մայիսի 23-ին ոստիկանություն դիմել է դպրոցի 8 տարվա անգլերենի ուսուցիչ Լուսինե Գասպարյանը: Տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի որոշմամբ` նա մայիսի 17-ին ազատվել է աշխատանքից:

Ուսուցիչը ոստիկանություն բողոք է ներկայացրել այն մասին, որ տնօրեն Ժասմենա Արիստակեսյանն իրեն ապօրինի կարգով, հետին ամսաթվով նկատողություն է տվել և աշխատանքից ազատել: Այս ուսուցչի դիմումից հետո դպրոցի այլ ուսուցիչներ էլ են դիմել ոստիկանություն և պատմել դպրոցում կատարվող անօրինականությունների մասին:

Ուսուցիչ Լուսինե Գասպարյանը պնդում է, որ տնօրենն իրեն աշխատանքից հեռացրել է ապօրինի ձևով, քանի որ ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է «Իմ քայլը» շարժման ցույցերին և իր գործունեության ընթացքում մշտապես բարձրաձայնել տնօրենի կատարած ապօրինությունների և չարաշահումների մասին. «Դպրոցում գումարներ է հավաքվել, ես չեմ տվել, աշխատավարձից ամեն ամիս 200-500 դրամ գումար է հավաքվել, ես չեմ տվել: Ասում է՝ դպրոցի հիգիենայի պարագաների համար է այդ գումարը հավաքում, բայց ընդհանրապես չեն եղել այդ պարագաները»:

Ժ. Արիստակեսյանը անգլերենի ուսուցչուհուն հեռացրել է` մեկ ամսում 4 նկատողություն տալով, որոնք բոլորն էլ ուսուցիչը համարում է ապօրինի և չհիմնավորված: Ասում է՝ տնօրենը նկատողություն տալուց առաջ պետք է իրենից բացատրագիր վերցներ, սակայն չի արել և առանց իրեն տեղեկացնելու` նկատողություններ է տվել. «Մի նկատողություն էլ հետին թվով է տվել, որի մասին ես ընդհանրապես տեղյակ չեմ: Չորսը նկատողություն տվել է ու աշխատանքից հեռացրել: Բայց դա եղել է ցույցերի հիման վրա: Ես գնացել եմ ցույցի, միշտ իր թերությունները ասել եմ, ինչ ինձ դուր չի եկել, բարձրաձայնել եմ, էդ էլ ոնց որ առիթ է հանդիսացել »,- նշում է նախկին ուսուցիչը:

Լուսինե Գասպարյանը

Լուսինե Գասպարյանի փոխանցմամբ՝ մի նկատողությունը ստացել է այն հիմքով, թե վիրավորել է տնօրեն Արիստակեսյանին: Ասում է՝ դասադուլի օրերից մեկի ընթացքում, երբ դասին մեկ աշակերտ է եղել, տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը որոշել է, որ պետք է գա դասալսման, ուսուցիչը տնօրենից ներողություն է խնդրել և հորդորել դուրս գալ դասասենյակից, քանի որ աշակերտները դասից բացակայում են:

Ուսուցչի փոխանցմամբ՝ երկրորդ նկատողությունը ստացել է տնօրենի քրոջ դասղեկական դասարանի չորս ծնողների բողոքի հիման վրա: Ասում է՝ այս նկատողության մասին իրեն որևէ բան տնօրենը չի ասել:

Մյուս նկատողությունը անգլերենի ուսուցիչը ստացել է այն պատճառով, որ ցույցերի օրը` 7-րդ դասաժամին, մի աշակերտի թողել է դասարանում և գնացել ցույցի: Ուսուցիչն ասում է՝ ընդամենը դասաժամից 20 րոպե շուտ դուրս է եկել, այն դեպքում, երբ երեխան եղել է հատուկ խնդիրներով, և դասին համատեղ պետք է ներկա լիներ նաև դպրոցի սոցաշխատողը, ով տնօրեն Արիստակեսյանի քույրն է. «Ես պետք է հանձնարարություն տայի, իր քույրը օգներ, այդ երեխան կատարեր: Ինքը դպրոցի սոցաշխատողն է, բայց չի եղել և երբեք չի էլ լինում: Այդ երեխային միայնակ չեմ թողել, թողել եմ դասղեկի հետ»:

Լուսինե Գասպարյանն ասում է՝ աշխատանքից հեռացման օրը՝ մայիսի 17-ին, տեղեկացել է, որ մի նկատողություն էլ ստացել է այն բանի համար, թե իբրև երեխայի գնահատական է փոխել: Ասում է՝ ծնողը իրեն դիմել էր երեխայի գնահատականը բարձրացնելու համար, սակայն ծնողին հայտնել է, որ այդ հարցով դիմի տնօրենին և փոխտնօրենին, նրանք որոշեն:

Գասպարյանն ասում է՝ուսուցիչներից ոմանք անգամ օրեր առաջ դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով հատուկ ուշադրություն դարձնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քննվող գործին, քանի որ ամիսներ առաջ իրավապահ մարմինները կարճել էին այս դպրոցի վերաբերյալ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ այն  հարուցվել էր մեր հրապարակման հիման վրա:

Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իրեն քննչական կոմիտեից կանչել են հարցաքննության և չի ներկայացել: Ասում է՝ հարցաքննության գնալու համար որևէ ծանուցագիր չի ստացել: Տնօրենը նաև հերքում է այն փաստը, որ ուսուցչին հետին ամսաթվով նկատողություն է տվել:

«Չկա, նման բան չկա»,- ասում է տնօրենը` ի պատասխան Լուսինե Գասպարյանի այն դիտարկման, թե աշխատանքից հեռացվել է քաղաքական պատճառներով:

Տնօրենը պարզաբանում է, որ ուսուցչին նկատողություններ է տվել ներքին կարգապահական կանոններ խախտելու, երեխաների նկատմամբ հակամանկավարժական վերաբերմունք դրսևորելու համար:


Ժասմենա Աիստակեսյանը

Դպրոցի տնօրենն առաջին անգամ է լսում բողոք այն մասին, թե դպրոցում տարբեր պատճառներով գումարներ են հավաքվում. «Նման բան չկա, հարգելիս, ուղղակի չգիտեմ` ինչ պատասխանեմ այդ անհիմն մեղադրանքներին»,- ասում է տնօրենը:

Տնօրենը նաև հերքում է ծնողների և ուսուցիչների այն պնդումը, որ իր  քույրը դպրոցում դասղեկական դասարան ունի, որի մատյանում այլ ուսուցչի անուն է գրված: Ասում է՝ քույրը դպրոցի սոցաշխատողն է, դասղեկական դասարան չունի. «Չկա նման բան: Իրականությանը չի համապատասխանում: Զուտ զրպարտանք է և մեղադրանք»:

Ժասմենա Արիստակեսյանը խնդրում է՝ թե կան ապացույցներ, ծնողների անուններ, ովքեր տեղյակ են դպրոցում հավաքվող ֆոնդի գումարներից, նրանց տվյալները իրեն փոխանցենք: Մենք դեռևս հունվար ամսին հայտնել էինք դպրոցում հավաքվող ֆոնդի գումարների մասին, դպրոցի արդեն նախկին ծնողներն իրենց անուններից ներկայացել և բարձրաձայնել էին, որ դպրոցում տարբեր պատճառով գումար է հավաքվում. «Եթե ունեք այնպիսի ապացույց, որ ծնողը ասում է՝ ֆոնդի գումար է հավաքվում, ես խնդրում եմ ծնողների անուններն էլ ասեք, ես մի հատ տեսնեմ՝ այդ որ մի ծնողն է, որ նման անհիմն մեղադրանք է ներկայացնում: Ընդհանրապես էստեղ ֆոնդի գումար բացառված է»,-ասաց դպրոցի տնօրենը:

Ոստիկանությունը դեռևս հունվարին այս դպրոցի վերաբերյալ քրեական գործ հարուցեց, ամիսներ անց՝ Քննչական կոմիտեն կարճեց

Ոստիկանությունը մեր հոդվածի հիման վրա այս դպրոցով զբաղվում էր նաև փետրվարին: Հունվար ամսին գլխավոր դատախազությունը «Ծնողներն ահազանգում են՝ դասվարը պարբերաբար հարվածում է երեխաներին» վերտառությամբ «Հետք»-ի հրապարակումն ուղարկել էր ոստիկանություն՝ ուսումնասիրելու համար: Ոստիկանությունը նյութերն ուսումնասիրելուց հետո այն ուղարկել էր քննչական կոմիտե, որն էլ որոշել է քրեական գործի վարույթը կարճել:

Հունվարին տեղեկացրել էինք, որ այդ դպրոցի դասվար Անահիտ Նազանյանը, բարկանալով երեխաներից մեկի վրա, փորձել է մաթեմատիկայի դասագրքով հարվածել նրան, սակայն երեխան մի կողմ էր քաշվել, և գիրքը դիպել է այլ երեխայի՝ 9-ամյա Աննա Մուրադյանին: Երեխայի քիթը սկզբում կարմրել է, հետագայում արդեն` կապտել և ուռել: Ուսուցիչն այդպես էլ չէր ընդունել երեխային հարվածելու մեղքը, որքան էլ դասարանի երեխաները փաստել էին դա: Բացի այս դեպքը, աշակերտներից Հայկ Վարդանյանի մայրը՝ Սոնա Հովհաննիսյանը, հայտնել էր, որ ուսուցիչը պարբերաբար հարվածել է տղային: Իսկ մեկ այլ ծնող՝ Տաթևիկ Ամիրյանը, պնդել է, որ դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի քույրը դասղեկ է մի դասարանում, որի մատյանին այլ ուսուցչի անուն է գրված: Ծնողները նաև բողոքել էին դպրոցում հաճախ հավաքվող պատճենահանման գումարներից:

Մինչ ոստիկանությունը ուսումնասիրում էր դեպքը՝ այս ծնողներն իրենց երեխաներին հեռացրել էին դպրոցից, քանի որ դպրոցում անառողջ մթնոլորտ էր ստեղծվել և չէին ցանկանում` իրենց երեխաները ուսումը շարունակեն այդ դպրոցում:

Չնայած ծնողները այդ ժամանակ խոսել էին դպրոցում կատարված չարաշահումների մասին, սակայն ոստիկանությունը սկսել էր ուսումնասիրել միայն աշակերտ Հայկ Վարդանյանին պարբերաբար հարվածելու դեպքը: 9-ամյա Աննա Մուրադյանին, ում ուսուցիչ Անահիտ Նազանյանը գրքով հարվածել էր հունվարի 15-ին, գործի քննության ընթացքում տուժող չէր ճանաչվել, թեև եղել է նրա կապած քթի լուսանկարը և դատաբժշկական փորձաքննություն է տեղի ունեցել:

Աննայի մայրը՝ Լուսինե Սարգսյանը, դժգոհ է գործի քննությունից: Ասում է՝ գործի քննությունը հինգ ամիս ձգձգվեց, վերջում տեղեկացավ, որ գործը կարճվել է: Լուսինեն գործի կարճման մասին տեղեկացել է մեր հրապարակումից, իրեն որևէ կերպ չեն տեղեկացրել ո՛չ գործի քննությունից, ո՛չ էլ ավարտից, թեև իր երեխան դեպքից ամենաշատն է տուժել: Լուսինեն զանգահարել է քննիչն և հավաստիացել գործի կարճման մասին, գնացել կարճման որոշումը վերցրել և կարող էր մեկ շաբաթվա ընթացքում բողոքարկել որոշումը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի բողոքել:

Ծնողը գործի կարճման որոշումից տեղեկացել է, որ գործի քննության ընթացքում ինքը եղել է ոչ թե տուժող կողմ, այլ վկա. «Այսինքն՝ տուժող չեմ, բողոքող չեմ, բոլորը սուտ է, երեխային հարված չի եղել, դա ծեծ չի որակվում»,- զարմանում է Լուսինեն:  

Նա մտահոգվում է, որ չնայած գործի ընթացքում ծնողներն ու դասարանի աշակերտները հարցաքննվել են և ոստիկաններին հայտնել, որ ուսուցիչը գրքով հարվածել է իր երեխային, սակայն այդ փաստը ոստիկանությունում այդպես էլ չապացուցվեց, և իր երեխային հարվածելու դեպքը մնաց անպատիժ, անհետևանք:

Ուղղում. Նյութում կատարվել են որոշ ուղղումներ եւ լրացումներ. ՀՀ ՔԿ-ից պարզաբանեցին, որ քննվող քրեական գործով թիվ 48 հիմնական դպրոցի տնօրենին բերման ենթարկելու որոշում չի կայացվել, ծանուցագիր չի ուղարկվել։ Բերման ենթարկելու որոշում կայացվել էր «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի վերաբերյալ։ 

Ներողություն ենք հայցում Միսաք Մանուշյանի անվան N 48-րդ դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանից և ընթերցողներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter