HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության հայտարարությունը՝ երթևեկության կազմակերպման վերաբերյալ

Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության կազմակերպման գործում որդեգրել է առավելագույն հանդուրժողականության քաղաքականություն, ինչը ենթադրում է պատժամիջոցների փոխարինում կանխարգելման միջոցառումներով, այլ խոսքով` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը թույլատրելի ու հնարավոր դեպքերում փոխարինվում է բանավոր դիտողությամբ նախազգուշացումով: 

Այս քայլն ուղղված է հանրային իրավագիտակցության բարձրացմանը, և ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես թուլություն կամ երթևեկության վերահսկողության թուլացում: Ցավոք, մեր որոշ քաղաքացիներ հենց այս` անթույլատրելի տեսանկյունից են գնահատում բարեփոխումը` չգիտակցելով, որ ճանապարհային ոստիկանության խնդիրը ոչ թե իր լիազորությունների ցուցադրումն ու տուգանելն է, այլ երթևեկության կուլտուրայի բարձրացման միջոցով մասնակիցների անվտանգության ապահովումը:

Ի վերջո, ոչ մի պատժամիջոց, ոչ մի տուգանք, ոչ մի վարորդական իրավունքից զրկում չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը, չի կարող վերադարձնել վթարից կամ վրաերթից զոհված մարդկանց:
Հիշենք հանրապետության ճանապարհներին ամեն տարի զոհվող մեր հարյուրավոր հայրենակիցներին, մեր ինքնահավանությանը, անտարբերությանը, անկարգապահությանը զոհ դարձող երեխաներին հիշենք ու հասկանանք վերջապես, որ սա վիճակագրություն չէ, ողբերգություն է, որի պատասխանատուն մենք ենք:
Սիրելի՛ հայրենակիցներ, գոյություն ունի երթևեկության կառավարման երկու եղանակ` ռեպրեսիվ միջոցներով և երթևեկության կուլտուրայի բարձրացման ճանապարհով: 

Ոստիկանությունն ունի երթևեկության կանոնները խախտողներին խստագույնս պատժելու բոլոր լիազորությունները և հարկ եղած դեպքում լիարժեք կիրառում ու կիրառելու է դրանք, բայց նախընտրելին երկրորդ ուղղությունն է, և կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, որոնք վարորդ, ուղևոր ու հետիոտն են, որպես ճանապարհային ոստիկանության լիարժեք գործընկերներ մասնակցել երթևեկության կուլտուրայի բարձրացման այս նախաձեռնությանը:

Խնդիրը բարդ չէ. պարզապես չգերազանցենք թույլատրված արագությունը, մերժենք ոգելից օգտագործած վիճակում մեքենա վարելու միտքն անգամ, կապենք ամրագոտիները, ուշադիր ու հոգատար լինենք երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ, և կունենանք այնպիսի երթևեկություն, որի համար բնորոշ կլինեն ոչ թե զոհերն ու վիրավորները, այլ փոխադարձ օգնությունը, հանդուրժողականությունը...
Ոստիկանությունը հավատում է այս հեռանկարին ու բարի ճանապարհ մաղթում երթևեկության բոլոր մասնակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter