HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սալմոնելայով հավի միսը դեռևս չի ոչնչացվել

«Հետք»-ը վերջերս հոդված էր հրապարակել այն մասին, որ սալմոնելա պարունակող բրազիլական սառեցված հավի մսերը, ոչնչացվելու փոխարեն, քանիցս մտել են հայկական շուկա։

Նշել էինք նաև, որ դեռևս 2018թ․ փետրվարի 8-ին և մարտի 2-ին, սահմանային անցակետում կասեցվել էր 7 և 50 տոննա  բրազիլական հավի մսի ներկրումը:

Նշված 7 տոննա հավի միսը ներկրել էր «Միթ Իմփորթ» ընկերությունը:

Սառեցված հավի մսի խմբաքանակում հայտնաբերվել էին սալմոնելաներ. միսը պետք է վերամշակվեր «Առդելիկատես» ընկերությունը և երշիկ պատրաստեր, սակայն մեր մի շարք հարցումներից հետո տեղեկացանք, որ այն, ի վերջո, ոչնչացվելու է։

Մայիսի 16-ին ՊԵԿ-ից մեզ հայտնել էին, որ 6930 կգ սառեցված հավի ազդրամսի հարցն ընդգրկվել է մայիսի 23-ին կայանալիք «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում։

«Միթ Իմփորթ» ընկերության տնօրեն Լևոն Բադեյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց ներկրած միսը դեռևս չի ոչնչացվել և գտնվում է մաքսային պահեստում:

«Ես զանգել եմ,  ինձ ասել են, որ ՊԵԿ նախագահը փոխվել է, դա (մսի ոչնչացումը, հեղ.) հետաձգվել է, դեռևս ոչ մի բան չի արվել, և իմ ապրանքը մաքսային պահեստում ի պահ է տրված»,- ասաց Լ. Բադեյանը:

Նա նաև նշեց, որ սպասում է նիստը լինի, հանձնաժողով կազմվի, որ սկսեն ոչնչացման գործընթացը, քանի որ «իրեն էլ է դա օգուտ»։

ՊԵԿ-ից պարզաբանեցին` քանի որ ձևավորվող հանձնաժողովը միջգերատեսչական է, իսկ հանձնաժողովի անդամներից ոչ բոլորն են նշանակվել իրենց պաշտոններում, հետևաբար մսի ոչնչացումն այժմ հնարավոր չէ. պետք է սպասեն՝ հանձնաժողով ձևավորվի:

Պաշտոնների նշանակումից և հանձնաժողով կազմելուց հետո միայն հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ պատճառով ՊԵԿ-ից նույնիսկ մոտավոր ժամկետներ չկարողացան նշել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter