HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բուքմեյքերներ. հայկական շուկայի խաղացողները

Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերություններն այսօր զգալի տեղ են զբաղեցնում ծառայությունների ոլորտում։ Նրանք նաև 2017 թվականի խոշոր հարկատուների շարքում են։ Այս ընկերությունները, օրենքի համաձայն, հրապարակում են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ըստ որոնց՝ փորձել ենք ներկայացնել, թե որքան շահույթ են գրանցել։

Շուկայի խաղացողները՝ 5+3

Այսօրվա դրությամբ Հայաստանում լիցենզավորված է և գործում է վիճակախաղեր կազմակերպող հինգ ընկերություն։ Խոսքը նույն բուքմեյքերական ընկերությունների մասին է։ Ինչպես տեղեկանում ենք ֆինանսների նախարարության ներկայացրած ցանկից, վիճակախաղեր են կազմակերպում «Վիվառո Բեթինգ» (VivaroBet), «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» (Europefootball), «Գուդվին-Բետ» (GoodWin), «Սաբարկո» (Adjarabet) և «Դիջիգեյմ» (TotoGaming) ընկերությունները։

Նրանցից «ամենաերիտասարդը» Adjarabet-ն է, որը հայկական շուկայում գործելու լիցենզիա ունի 2016 թ.-ի վերջից։ Իսկ մյուս չորսը շուկայի հին խաղացողներն են։

TotoGaming ապրանքանիշի ներքո նախկինում վիճակախաղեր էր կազմակերպում «Ինտեր Լոտո» ընկերությունը, այսինքն՝ «Դիջիգեյմ»-ը փոխարինելու է եկել «Ինտեր Լոտո»-ին։ «Դիջիգեյմ»-ին լիցենզիա է տրվել 2017 թվականի նոյեմբերի 1-ին և հենց նույն օրը ուժը կորցրած է ճանաչվել «Ինտեր Լոտո»-ի լիցենզիան։

Եվս երեք ընկերություն էլ այսօր կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր։ Այս վերջին երեքը, թեև իրավական տեսանկյունից տարբեր ընկերություններ են, սակայն փոխկապակցված են վիճակախաղեր կազմակերպողներին։ Սա ևս նորություն չէ խաղերի շուկայում, քանի որ նախկինում ևս վիճակախաղեր կազմակերպող ընկերություններին փոխկապակցված են եղել ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողները։ 

«Վիվառո Բեթինգ»-ին փոխկապակցված «Վիվառո Գրուպ»-ը կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր։

TotoGaming-ը ներկայացնող «Դիջիգեյմ»-ին է փոխկապակցված «Դիջիթեյն» ընկերությունը, որը ևս կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր։ «Դիջիթեյն»-ը նույն «Տոտո Գեյմինգ» ընկերությունն է (նույն ՀՎՀՀ-ն է), որը նախկինում ևս զբաղվել է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ և պարզապես անվանափոխվել է։

Եվ երրորդ ընկերությունը, որը ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում Հայաստանում «Կաբարկո»-ն է՝ փոխկապակցված Adjarabet-ը ներկայացնող «Սաբարկո»-ին։ Նրանց խաղերի կազմակերպման լիցենզիա է տրամադրվել 2016-ի դեկտեմբերին։ Այսինքն՝ վիճակախաղեր ու ինտերնետ շահումով խաղեր Adjarabet-ը Հայաստանում սկսել է կազմակերպել 2017 թվականից։

Ինչպես նշեցինք, «Դիջիգեյմ»-ը լիցենզիա է ստացել 2017-ի նոյեմբերին, իսկ մինչև այդ TotoGaming ապրանքանիշի ներքո վիճակախաղեր է կազմակերպել «Ինտեր լոտո» ընկերությունը։ Հետևաբար, 2017-ին ընկերությունների վճարած հարկերի ու շահույթի ցուցանիշները դիտարկելիս վերցրել ենք ինչպես «Դիջիգեյմ»-ի տվյալները, այնպես էլ՝ «Ինտեր լոտո»-ի։

Բուքմեյքերները՝ հարկատու

2017 թվականին Հայաստանում ծառայությունների ընդհանուր ծավալի 14,4%-ը ապահովել են բուքմեյքերական ընկերությունները՝ վիճակախաղեր, տեսախաղային տերմինալներ, վիրտուալ մոլեխաղեր, և բուքմեյքերական գործունեություն կազմակերպող ընկերությունները։ Այս ոլորտի ծառայությունների ծավալը, ըստ Վիճակագրական կոմիտեի, կազմել է մոտ 209 մլրդ դրամ։ 2016 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 34,9%-ով։  

Համեմատության համար նշենք, որ ծառայությունների ոլորտում կրթության տեսակարար կշիռը կազմել է ընդամենը 3,6%, կացության և հանրային սննդի կազմակերպմանը՝ 7,7% և այլն։ Ամենամեծ կշիռն ունի ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 20,8%:

Ինչպես նշեցինք, բուքմեյքերական ընկերությունները հանրապետության խոշոր հարկատուների շարքում են։ Հոդվածում նշված բոլոր ընկերությունները հայտնվել են 2017 թվականի խոշոր հարկատուների ցանկում, որը հրապարակում է Պետական եկամուտների կոմիտեն։ Նշված ինը ընկերությունների հարկերը միասին կազմել են 6.018 մլրդ դրամ։ Նրանցից առավել խոշոր ծավալի հարկեր վճարող եռյակում են «Վիվառո Բեթինգ»-ը, «Գուդվին-Բետ»-ն ու «Վիվառո Գրուպ»-ը։

Խոշոր հարկատուների ցանկում բուքմեյքերական ընկերությունները առաջին 300 խոշորների շարքին են դասվել։

Նրանցից «Դիջիգեյմ»-ը, «Կաբարկո»-ն ու «Սաբարկո»-ն 2016 թվականին խոշոր հարկատուների ցանկում չեն եղել։

Մնացած վեց ընկերություններից հինգի վճարած հարկերի ծավալը 2017-ին աճել է։ Միայն «Ինտոր Լոտո»-ն է, որ նվազեցրել է հարկերը։

Մասնավորապես, «Վիվառո Բեթինգ»-ի հարկերն աճել են մոտ 353 մլն դրամով կամ 57%-ով, «Գուդվին-Բետ»-ինը՝ 457 մլն դրամով կամ 2,1 անգամ, «Վիվառո Գրուպ»-ի հարկերը՝ 335 մլն դրամով կամ մոտ 85%-ով,  «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության» հարկերը՝ 448 մլն դրամով կամ 2,7 անգամ, «Դիջիթեյն»-ի հարկերը՝ 434 մլն դրամով կամ 4,7 անգամ։ 

Իսկ «Ինտեր Լոտո»-ն հարկերը նվազեցրել է 140 մլն դրամով կամ 19%-ով։

Վիճակախաղեր կազմակերպողներից երկուսը 2017 թվականը վնասով են փակել

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ընկերությունները լիազոր մարմին են ներկայացնում իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը։ Այդ հաշվետվությունները հրապարակվում են azdarar.am պաշտոնական հայտարարությունների կայքում։

Ըստ հաշվետվությունների՝ 2017 թվականին վիճակախաղեր կազմակերպած վեց ընկերությունները՝ «Վիվառո Բեթինգ»-ը, «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն»-ը, «Գուդվին-Բետ»-ը, «Սաբարկո»-ն, «Ինտոր Լոտո»-ն ու «Դիջիգեյմ»-ը միասին շուրջ 3 մլրդ դրամի զուտ շահույթ են գրանցել։ 

Ամենամեծ ծավալի շահույթը ստացել է «Ինտեր Լոտո»-ն՝ 2.158 մլրդ դրամ։ 2016 թվականի համեմատ` ընկերության շահույթն աճել է մոտ 1.47 մլրդ դրամով կամ 3.1 անգամ։

Մոտ 949 մլն դրամի շահույթ ստացել է «Վիվառո Բեթինգ»-ը, աճը՝ 447.4  մլն դրամ կամ 89%:

«Դիջիգեյմ» ընկերության շահույթը կազմել է 708 մլն դրամ։ Ըստ Էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերությունը գրանցվել է 2017 թվականի օգոստոսին, հետևաբար՝ սա ընկերության առաջին տարեկան ֆինանսական հաշվետվությունն է։

Մոտ 166 մլն դրամի շահույթ էլ ստացել է «Գուդվին-Բետ»-ը, որը 2016-ի համեմատ կրճատվել է մոտ 69 մլն դրամով կամ 29%-ով։

Տարին վնասով են փակել «Սաբարկո»-ն (վնասը մոտ 735 մլն դրամ) ու «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն»-ը (վնասը՝ 205.1 մլն դրամ):

Ինչ վերաբերում է ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող ընկերություններին՝ «Վիվառո գրուպ»-ին, «Դիջիգեյմ»-ին ու «Կաբարկո»-ին, ապա՝ նրանց ֆինանսական հաշվետվությունները հրապարակված չեն azdarar.am-ում։ Միայն հաշվի առնելով, որ այս ընկերությունները փոխկապակցված են վիճակախաղեր կազմակերպողների հետ՝ պետք է նկատի ունենալ, որ իրականում խաղային բիզնեսի շահույթն ավելի մեծ է, քան վերևում ներկայացված վեց ընկերությունների ցուցանիշները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter