HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղդամ կամ Կովկասի Հիրոսիմա

Լուսինե Մուսայելյան, Կովկաս

1993 թվականին Աղդամում ծավալված մարտական գործողությունների արդյունքում քաղաքը գրեթե հողին էր հավասարվել' քարուքանդ եղած տների ու ավերակների կույտ հիշեցնելով:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները շարունակում են եկվորներին զգուշացնել, որ Աղդամ այցելելն արգելված է: Ֆիլմի դեկորացիա հիշեցնող Աղդամն օտարերկրացի լրագրողները հաճախ անվանում են Կովկասի Հիրոսիմա' փորձելով գոնե հպանցիկ հայացք գցել քաղաքի վրա:

Այն մասին, որ Աղդամ այցելելն արգելված է, ԼՂ այցելողները տեղեկանում են, երբ ներկայանում են արտգործնախարարություն' մուտքի թույլտվության հաստատումը ստանալու:

«Անվտանգության նկատառումներից ելնելով' ԼՂՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս օտարերկրացիներին ձեռնպահ մնալ այդ երթուղուց' նկատի առնելով ականադաշտերի առկայությունը, մանավանդ որ քաղաքացիական անձանց շրջանում դժբախտ պատահարների փաստեր են արձանագրվել»,- տեղեկացնում է ԼՂ արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը' IWPR-ի հարցին ի պատասխան:

Աղդամը, որը ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտից 30 կմ է հեռու, ԼՂ շուրջը գտնվող յոթ հարակից շրջաններից մեկն է: Աղդամի ավերակները, զենքի մնացորդները, Ադրբեջանի ուղղությամբ տեղակայված տանկերը հուշում են, որ պատերազմի ավարտը հաստատված չէ:

1993-ի սկզբին Աղդամը 3 ամիս շարունակ գնդակոծությունների ենթարկվեց, իսկ հունիսին այն անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ' հետագայում եւս ենթարկվելով ծանր ռմբակոծությունների: Երբ Աղդամի 150 հազար բնակչությունը, որը հիմնականում բաղկացած էր ադրբեջանցիներից, լքեց քաղաքը, այն քարուքանդ եղած տների ու ավերակների կույտ էր հիշեցնում:

Ժամանակին Աղդամը մեծ առեւտրային քաղաք էր, եւ Ղարաբաղի բնակիչները հաճախ էին գալիս այստեղ` ապրանք գնելու կամ վաճառելու: Աղդամը հայտնի էր իր խաղողի այգիներով եւ այստեղ արտադրվող գինով, բայց այս ամենից այսօր ոչինչ չի մնացել: Աղդամի նախկին ադրբեջանցի բնակիչները ներկայում փախստականների կարգավիճակով բնակվում են Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում' ստիպված լինելով նոր կյանք սկսել այնտեղ այն ամենով, ինչը կարողացել էին իրենց հետ տանել Աղդամից:

Ավերակների ֆոնին 1993 թվականից ի վեր այնտեղ մարդիկ են ապրում: 48-ամյա Սվետլանա Առաքելյանը Աղդամում է բնակվում 1993 թվականից: Մասնակցել է մարտական գործողություններին եւ հետո չի ցանկացել վերադառնալ Արմավիր, որտեղ ապրում էր մինչ այդ: Սվետլանայի կրտսեր որդին հենց Աղդամում է ծնվել 1995 թվականին եւ Աղդամում էլ մահացել 2005-ին ավտովթարի հետեւանքով:

«Եթե նախկինում ափսոսում էի տեղափոխվել ունեցվածքիս պատճառով, հողամասի եւ այսքան տարիների ընթացքում ստեղծված ապրուստիս, ապա այսօր չեմ մտածում նույնիսկ տեղափոխվելու մասին, քանի որ տղայիս գերեզմանն այստեղ է»,- պատմում է Աղդամի բնակիչը:

ԼՂ կառավարության տվյալներով' Աղդամում մշտապես բնակվում է 360-ից ավելի բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ:

Աղդամը ԼՂ-ում գտնվող եզակի բնակավայրերից է, որտեղ մինչ այսօր հոսանք չկա: Բնակիչները մոմի լույսով են լուսավորում եւ փայտի վառարաններով տաքացնում իրենց կացարանները:

ԼՂ վարչապետ Արա Հարությունյանն ասում է' կառավարությունը հնարավորություն չունի զարգացնել Աղդամը. «Աղդամում միայն էլեկտրամատակարարում իրականացնելու համար մի քանի միլիարդ դրամ է պետք, ինչի հնարավորություն չունենք»:

Չնայած ենթակառուցվածքների բացակայությանը, սոցիալական դժվար պայմաններին` մարդիկ, փաստորեն, շարունակում են ապրել այստեղ: Եվ քանի դեռ ապրում են, չեն դժգոհում:

52-ամյա Գենո Պետրոսյանը, ով իր ընտանիքի հետ տեղափոխվել է ԼՂ Ավետարանոց գյուղից, արդեն 10 տարի բնակվում է Աղդամում: Նա քաղաքի միակ խանութի սեփականատերն է:

«Ամսական ամենաքիչը 200.000 դրամ եմ վաստակում: Սա աշխատող մարդու տեղ ա: Եթե աշխատող ես, կկարողանաս գլուխդ պահես: Մեր գյուղում եղանակը լավը չի, միշտ անձրեւ է, բերք չէինք ստանում: Իսկ էստեղ տարեկան երկու անգամ բերք ունենք»,- պատմում է Աղդամի ամենահաջողակ գործարարը, ով, բացի առեւտրից, նաեւ հողագործությամբ ու անասնապահությամբ է զբաղվում:

Գենոյի երկու սենյականոց քարե հատակով կացարանի պատերը ծխից սեւացել են: Փայտով տաքացվող սենյակում Գենոյի կինն օրորում է փոքրիկ թոռնիկին, ում քնեցնում են ադրբեջանցիներից մնացած երկաթե, ժանգոտած օրորոցում:

Բազմոցի դիմաց տեղադրված է հեռուստացույց' այն հույսով, որ մի օր հոսանք կլինի, եւ հեռուստացույց նայելու հնարավորություն. «Դե որ պետությունը սկսել է հողի հարկ հավաքել, մի օր էլ հոսանքը կմիացնեն էլի»:

Աղդամի բնակիչներին հողատարածքների հատկացման գործընթացի կարգավորման եւ այլ կենցաղային խնդիրներ լուծելու նպատակով' ԼՂ Կառավարությունը Աղդամը վերանվանել է Ակնա եւ քաղաքը դարձրել Ասկերան քաղաքի թաղամասերից մեկը, որն Աղդամից հեռու է մոտ 11,5 կմ:

ԼՂ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Սերգեյ Նասիբյանն IWPR-ին ասաց, որ Աղդամում բնակվող դպրոցականները Ասկերան քաղաքի դպրոցներ են հաճախում. «Կառավարությունն անվճար տաքսիներ է հատկացրել, որոնք ամեն առավոտ դպրոցականներին դպրոց են տանում, եւ դպրոցից հետո կրկին տեղափոխում Աղդամ»:

Քաղաքագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը լավատեսորեն է տրամադրված Աղդամի ապագայի հանդեպ: Նրա համոզմամբ' տարիների ընթացքում բնակչության աճի հետ կմեծանա նաեւ կառավարության ուշադրությունը այդ տարածքի եւ այնտեղ ապրողների նկատմամբ: Փորձագետի կարծիքով' զբոսաշրջիկներին Աղդամ գնալ արգելելու փաստը քաղաքականություն չի պարունակում:

«Այդ տարածքն անվտանգության գոտի է, այնտեղ կա շփման գիծ: Հետեւաբար, ԼՂ կառավարությունը պատասխանատվություն է կրում այնտեղ այցելող զբոսաշրջիկի անվտանգության համար»,- նշում է Պողոսյանը:

Լուսինե Մուսայելյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին է Լեռնային Ղարաբաղում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter