HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը կրճատել է Ալավերդու մարզադաշտի պահակի հաստիքը. մարզադաշտը թալանվել է

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը կրճատել է Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտի 50 հազար դրամ  աշխատավարձով պահակի հաստիքը: Արդյունքում մարզադաշտը թալանվել է և դարձել անօգտագործելի:

Լուսինե Մեջլումյան 

«Մենք մեկ տարի առաջ ենք կրճատել «Մետալուրգ» մարզադաշտի պահակի հաստիքը: Ֆինանսական ռեսուրսներ չունենք մարզադաշտի պահպանության ծախսերը հոգալու  համար: Հիմա քաղաքային ոչ մի միջոցառում չի կազմակերպվում մարզադաշտում: Ժողովուրդը շատ դաժան  է վերաբերվել մարզադաշտի հետ»,-  «Հետքին» հայտնեց «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը: 

«Մետալուրգ» մարզադաշտը, ինչպես նաև  ճոպանուղին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սեփականությունն են: Ընկերության սեփականատերն էլ Վալերի Մեջլումյանն է։ Պատասխանելով մարզադաշտում ստեղծված վիճակի պատճառների մասին մեր հարցին Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը բացատրեց, որ մինչև քաղաքապետ ընտրվելը Վ. Մեջլումյանի հետ ունեցել են տարաձայնություններ: Այդ պատճառով քաղաքապետի իր աշխատանքը խոչընդոտելու համար դեռ երկու տարի առաջ Վ. Մեջլումյանը փակեց Ալավերդու ճոպանուղին, բարեգործական ճաշարանը և  դադարեցրեց  քաղաքապետարանի մանկապարտեզների  ֆինանսավորումը: Կ. Փարեմուզյանի ասելով` այդ ժամանակ Վ. Մեջլումյանը սկսել էր կրճատել նաև «Մետալուրգ» մարզադաշտի հաստիքները:

«Այդ մարզադաշտը հրաշալի կառույց է, այն չկորցնելու համար իմ բանակցությունների արդյունքում մարզադաշտին տրվեց պահակի հաստիք: Այդ հաստիքով մարզիչ Ռուբեն Ծատինյանը միաժամանակ կատարում էր մարզչի և ցերեկը պահակի պարտականություները: Սակայն կարճ ժամանակ հետո «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը միտումնավոր կրճատեց նաև պահակի հաստիքը: Մի օր էլ իմացանք նստարանները տարել են, որ  մարզադաշտը չօգտագործենք»,-պատմեց Կ. Փարեմուզյանը:

Ալավերդի համայնքի ներկայիս ղեկավար Սասուն Խեչումյանն իր պաշտոնավարման 7 ամիսներին մարզադաշտի վիճակին չի անդրադարձել: Լուսինե  Մեջլումյանն ասում է,  որ պատրաստ է «Մետալուրգ» մարզադաշտի պահպանության հարցը քննարկել համայնքի ղեկավարի հետ, կարող են  անգամ  մարզադաշտը հանձնել համայնքապետարանի տնօրինությանը: 

«Մետալուրգ» մարզադաշտը 1970թ. կառուցել է Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատը, ունի  724 նստատեղ: Մարզադաշտն իր  գոյության 47 տարիներին  ծառայել է ինչպես գործարանի մետալուրգներին, այնպես էլ Ալավերդու ողջ բնակչությանը: Եղել է համայնքային սպորտային և մշակութային միջոցառումների վայր: Այն վերջին անգամ կապիտալ վերանորոգվել է 2005թ.՝ «Վալլեքս»  խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հիմնադրած «Մանես» հիմնադրամի կատարած 23 մլն դրամ ներդրումով: Կապիտալ վերանորոգումից  հետո  մարզադաշտին  400 նստարան է նվիրել Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, ալավերդցի Համլետ Թամազյանը:

Մենք մի քանի կոտրած նստարաններ տեսանք մարզադաշտի հանդերձարաններից մեկում: Տնօրեն Լուսինե Մեջլումյանն ասաց,  որ մարզադաշտի  նստարաններն  անհայտ մարդիկ ջարդում էին, այդ պատճառով իր հրահանգով նստարանները հանվել և պահեստավորվել են:

Մարզադաշտի շրջակա տարածքը թաղված է աղբի մեջ: Պատառոտված են դարպասների  ցանցերը, իսկ խոտածածկույթը  հասնում է մոտ մեկ մետրի: Քանդված և թալանված են  հանդերձարանները, դռները, լոգարանները, զուգարանները, ջարդված են պատուհանների ապակիները և սանհանգույցները: Մարզադաշտում  հանդիպեցինք  ալավերդցի երկու պատանիների: Բասկետբոլի դաշտի զամբյուղի մեջ նրանք գնդակ էին նետում: Նրանցից  Էրիկ Պետրոսյանը սովորում է Ալավերդու թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանում: «Ալավերդու վիճակը վատ է,  բայց մեր մարզադաշտի վիճակը  շատ ավելի վատ է»,- ասաց Էրիկը: 

Մինչ պահակի հաստիքի կրճատումը մարզադաշտում գործել են 8-16 տարեկան 80 երեխաների ֆուտբոլի 4 խմբեր: Հիշեցնենք, որ մարզադաշտում մարզվող  Ալավերդու մանկապատանեկան ֆուտբոլի թիմը 2008-2009թթ. ֆուտբոլի հանրապետական մրցումներում գրավել է 1-ին տեղը: 

«Մենք ի՞նչ կապ ունենք «Մետալուրգ» մարզադաշտի հետ: Մարզադաշտի սեփականատերը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունն է: Տեղյակ ենք, ահավոր վիճակում է  մարզադաշտը: Այնքան վատ վիճակում է մարզադաշտը, որ քաղաքային մարզական փառատոնը անցկացրել ենք քաղաքի մարզադպրոցի հարևան տարածքում»,- ասաց փոխհամայնքապետ Արթուր Վարոսյանը: Համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հետ մեզ չհաջողվեց խոսել «Մետալուրգ» մարզադաշտի ճակատագրի մասին: Համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ նա  գոծուղման է մեկնել։ 

Լուսինե Մեջլումյանը խոստացավ, որ անձրևները դադարելուց հետո իրենք կարգի կբերեն մարզադաշտը: Նա ասաաց, որ մարզադաշտի պահապանության գործում ակնկալում է Ալավերդու համայնքապետարանի աջակցությունը: 

Համայնքի ավագանու անդամ  Հարություն Ձավարյանի խոսքով` մարզադաշտում մարզումները վերսկսելու համար համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը պետք է քննարկումներ սկսի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենի հետ: Ավագանու անդամը խոստացավ խնդիրը բարձրացնել ավագանու առաջիկա նիստում:

Մեկնաբանություններ (11)

Արմինե
Զավոդը խեղդումա իրոք ՚ բայց պետք չէ թշնամիանաք պետքե Սասունին հասկացնել որ աշխատավարձի համար չես ըտեղ ։ վերջապես մի բան արա կամ դիմում գրի քա ղսաքը խորտակումա
Արո
Ալավերդի համայնքի ներկայիս ղեկավար Սասուն Խեչումյանը սաղ օրը կամ ռեստորանում ա կամ օդնոկլասնիկի.ռու սայտում:
Գագիկ Անանյան
Քաղաքի մասին մտածող մարդը կհամագործակցեր ու կլուծեր այս հարցը, բայց քանի որ սա Սասունն է, էսպես էլ պետք է լիներ, այլ բան չէինք էլ սպասում
Կարլեն
Հաբայց ինչքան կարելյա պռոբլեմը իրար վրա քցել: Դրա հմար էլ էս քաղաքը իրան չի շիդակում, մի քաղաքապետը զավոդի հետ չունի կամ զավոդը իրա հետ, քաղաքում ծրագրեր են սառցվում/էս մի քաղաքապետի հետ էլ աղպերություն ա, բայց քաղաքը աղբի ու մոլախոտի մեջ կորածա, մի գործ տեղից չի շարժվում, հըմի ոնց հասկանանք, ամոթաբուռ սաղ կորցրել են: ԵՍ մենակ մի բան կասեմ, որ քաղաքում ուզումա զավոդը ըլնի ուզումա մի ուրիշ հիմնարկ ու ձեռնարկություն, քաղաքի տերը ու պատասխանատուն քաղաքի իշխանություննա, որը վեչնի արձակուրդի մեջա: Հմի էլ ամառային արձակուրդներ են, սաղ սանատորյա են գնացել:
Դավիթ
Փարեմուզյանը ասում էր - Նոր շունչ հին Ալավերդուն, Խեչումյանը ասում է - Անշունչ Ալավերդի
Arman
Ընկեր Փարեմուզյան, չի էղնի՞ մի հատ լավ հոդված գրեք մեր քաղաքապետի պատվին ու էդ հոդվածին տակին ամեքս մեր ասելունը ասենք: Կամ էլ պռոստը նկարը դրեք էդ էլ ա հերիք;
Անահիտ Մկրտչյան
Մարզադաշտի համար մեծ ցավ ապրեցի, երբ Երևանից վերադառնալով, թոռնիկիս ձեռքը բռնած զբոսանքի տարա, ուզեցի կարոտս նաև առնել: Կապ չունի, թե ով է դրա սեփականատերը թղթով: Միշտ էլ այդ տարածքը գործարանին է պատկանել, բայց ոչ մի անգամ այսպիսի անմխիթար վիճակում չի եղել մեր շատ սիրելի ստադիոնը: Եվ այդ նույն ստադիոնում բոլոր ժամանակներում Ալավերդու կարևոր միջոցառումներն են կազմակերպվել: Ամոթ քաղաքի իշխանություններին և կրկնակի ամոթ, որ պատճառաբանում են, թե տարածքը իրենց չի պատկանում: Միթե կարելի է քաղաքը այսպիսի մասնատված սիրով սիրել, ասել սա մեր տարածքն է, իսկ սա մերը չէ: Պարոն Խեչումյան, մեր սիրելի Ալավերդուն պետք չէ այսպես վիրավորել, Դուք իրավունք չունեք այսպես վարվելու Ալավերդու և Ալավերդցու հետ:
Դավիթ
Ալավերդի համայնքի ներկայիս ղեկավար Սասուն Խեչումյանն իր պաշտոնավարման 7 ամիսներին ԳՈՐԾՈՎ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ
Կամո
Ալավերդին սենց անհաջող քաղաքագլուխ չի ունեցել:Ոնց հետ եմ գնում ասում եմ հիշեմ, չէ չկա տենց մարդ, որ ղեկավարելուց սենց հեռու ըլնի:Սաղ հարցերը լուծել ա, մնացել ա ստադյոնը: Թող ասֆալտը կրկատի, շոֆերնին քիչ ուշունցակապ անեն:Հմիէլ ասում են Թուրքյա ա գնացել, էնա թող թուրքերը պահեն էլ չթողան ետ գա, պրծնենք:
Մարինե
Սասուն Խեչումյանը քաղաքում լիներ, էլի ոչինչ չէր ասելու, որովհետեւ ասելիք չունի: Չաշխատող եւ անգործունակ ղեկավարը ինչ պետք է ասի, նա 3-րդ դասարանցու պատասխաններ է տալիս ցանկացած հարցի-չգիտեմ, վաղը կասեմ, դա իմ գործը չի, ուզում ե՞ք երդվեմ, ես տենց բան չեմ ասել, խնդրում եմ ինձ լսեք եւ այդպես շարունակ: Այդ տրամաբանությամբ էլ ղեկավարում է քաղաքը:
Անահիտ
Զարմանալի զուգադիպությամբ հոդվածը պատրաստվել և գրվել է Սասուն Խեչումյանի քաղաքից բացակայելու ժամանակ, կարծես փորձում են Սասունին թույլ չտալ, որ խոսի գործարանի մասին. Դրան էլ զուգահեռ այնպիսի տպավորություն է, որ քաղաքում խնդիր չկա, միակ խնդիրը մարզադաշտն է, բայց կասկածելի լռություն է լրագրողների կողմից. Ինչ պատահեց? Ինչն է ստիպում ձեր լռել? Քաղաքը կործանվում է, իսկ քաղաքագլուխը՝ հանգստանում, ինչու չեք այս խնդիրներին արձագանքում. Հ.Գ. Հարգելի գործարանի ներկայացուցիչներ, մարզադաշտը, ճոպանուղին ու լիքը նման բաներ չպահպանեցիք, բայց գոնե մեր առողջությունը պահպանեք, գոնե միջոցներ ձեռնարկեք այս ծխի ու գազի դեմ, լավ գործ եք անում, դուք էլ եք լավ փող աշխատում, մարդկանց էլ գործով ապահովում եք, սակայն առանց համապատասխան ֆիլտրերի, քաղաքը խեղդվում է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter