
Փաշինյանը՝ Օսիպյանին․ «Էդքան ոստիկանների գոյության պայմաններում ի՞նչ է նշանակում անպատժելիության մթնոլորտ»
Կառավարության այսօրվա նիստում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին` մի շարք ՀՀԿ պատգամավորների ներկայացրած նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկությունների հարցը։
«Նեկայացվող օրինագծով առաջարկվում է երթևեկության անվտանգությունը ապահովելիս արգելել ոստիկանության կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործումը»,-ներկայացրեց Օսիպյանը:
Օսիպյանի խոսքով՝ ոստիկանությունը կարևորում է շարժական տեխնիկայի օգտագործման մասին հանրային անհրաժեշտության գաղափարն ու այդ ուղղությամբ նախաձեռնել է ոստիկանական պարեկային գործողությունը կանոնակարգող իրավական ակտերի փոփոխություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ հանրությունը երեք տեսակի շարժական սարքերի մասին է տեղյակ, ուստի խնդրեց հստակեցնել, թե ո՞ր շարժական սարքի մասին է խոսքը։
Օսիպյանը մանրամասնեց՝ դրանք այն շարժական մեքենաներն են, որոնք հատուկ կահավորված են լինելու, ինչն էլ վարորդներին հնարավորություն կտա նախապես տեսնել մեքենան:
«Մենք հակասությունների մեջ ենք մտնում, մենք անընդհատ ասում ենք` մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք` բերենք էդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, ավելի շատ տուգանենք: Կարծում եմ՝ մենք այստեղ պրոբլեմ ունենք»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ խնդիր է տեսնում նաև ոստիկանների համազգեստներին ամրացված տեսախցիկների հարցում:
«Դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնել, որովհետև դա հավելյալ հարկ է քաղաքացիների վրա, երթևեկության անվտանգության խնդիրը ճանապարհների որակով լուծեք, որ մարդը ստիպված չլինի ճանապարհի կենտրոնում անդունդի հանդիպի, որ ստիպված պտտվի, թռնի ձորը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Վալերիյ Օսիպյանը համաձայնեց՝ հարցը պետք է կարգավորել, որովհետև կան վարորդներ, «որոնց մոտ անպատժելիության մթնոլորտ է ձևավորվում», ինչը փաստել են ոստիկանության կատարած ուսումնասիրությունները:
«Գուցե նախազգուշացումների համակարգ ներդնենք, խնդրում եմ, պահանջում եմ, հրահանգում եմ, հրամայում եմ` չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև զարմացավ, որ ոստիկանապետը խոսում է անպատժելիության մթնոլորտի մասին այն դեպքում, երբ ոստիկանությունը բավականաչափ աշխատակիցներ ունի, որպեսզի անպատժելիություն թույլ չտա:
«Էդքան ոստիկանների գոյության պայմաններում ի՞նչ է նշանակում անպատժելիության մթնոլորտ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հարցի քննարկումը պետք է հետաձգել:
Այնուհետև խոսեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով ուումնասիրել միջազգային փորձը։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ ասաց, թե պետք է անմիջապես ձեռնամուխ լինել ավելի համալիր առաջարկների:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ հավելեց՝ պետք է գոնե ժամանակավորապես լուծում գտնել։
«Եկեք պայմանավորվենք հետևյալը, որ շարժական մեքնենաները դուրս չեն գա ծառայության»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ որոշումը կընդունեն, բայց այն բովանդակությունը, որ բարձրաձայնվեց այսօր, պետք է բացառվի:
Տեղեկացնենք, որ նախագծի հեղինակները՝ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գևորգ Կոստանյանն առաջարկում էին փոփոխել օրենքը, քանի որ շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու սահմանված պահանջը և, «փաստորեն խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության», ինչը չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից:
Իսկ Կառավարության եզրակացության մեջ գրված է, որ իրենք առաջարկում են քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքի նախագծի և դրա ընդունման հիմնավորման վերաբերյալ ստորև ներկայացված հանգամանքները․
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածը, որպես անձնական տվյալների մշակման իրավաչափության առաջնահերթ պայման, սահմանում է անձնական տվյալների մշակման՝ օրենքով նախատեսված լինելը, ինչը «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի գործող խմբագրությամբ ամբողջությամբ ապահովված է: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածներով սահմանված համաչափության սկզբունքին, ապա ոստիկանության կողմից հասարակական կարգը պահպանելիս, այդ թվում՝ ճանապարհւսյին երթևեկության անվտանգությունն ապահովելիս, իրականացվող տեսաձայնագրման և լուսանկարահանման եղանակով տվյալների մշակումը հետապնդում է օրինական նպատակ, իսկ դրան հասնելու միջոցները պիտանի են,անհրաժեշտ և չափավոր:
Առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը հերթապահություն իրականացնելու ընթացքում, օրինակ, տրանսպորտային միջոցի մեջ տեղադրված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցով ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի իրավախախտում հայտնաբերելիս օրենքի ուժով զրկված է լինելու խախտումը արձանագրելու հնարավորությունից: Քննարկվող դեպքում տրանսպորտային միջոցի շարժման մեջ գտնվելու ընթացքում կատարված իրավախախտումների պարագայում բանավոր նախազգուշացնելու պահանջը կատարելը օբյեկտիվերեն հնարավոր չէ: Բացի դրանից, հնարավոր են անգամ այնպիսի իրավիճակներ, երբ ենթադրյալ իրավախախտը չենթարկվի ոստիկանության ծառայողի' տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հրահանգին' դրանով իսկ անհնար դարձնելով ոստիկանության ծառայողի կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու և ենթադրյալ իրավախախտման արձանագրման վերաբերյալ անձին տեղեկացնելը: Մեր կարծիքով, ընդունելի չէ նաև նախագծի հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, որ գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում «խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության»:
Ստացվում է, որ իրավախախտում արձանագրելուց և համապատասխան վարույթ հարուցելուց առաջ անհրաժեշտ է ստանալ իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձի համաձայնությունը, ինչը չի բխում օրենքի տրամաբանությունից: Միևնույն ժամանակ, նախագծով որդեգրված տրամաբանությամբ ստացվում է, որ թեև առկա է առերևույթ իրավախախտում, այլ կերպ ասած' վարչական իրավախախտման վարույթ հարուցելու առիթ, իրավասու մարմինը իրավասու չէ կատարելու օրենքով իրեն վերապահված գործառույթը՝ ենթադրյալ իրավախախտի համաձայնության բացակայության պատճառով:
«Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված բանավոր նախազգուշացման պահանջը գործնականում ամբողջությամբ իրագործելի է: Գունագրաֆիկ երանգավորում չունեցող ավտոմոբիլով ծառայությունն իրականացվելու է բացառապես այն ճանապարհներին, որտեղ տեղակայված են նախազգուշացնող ցուցանակներ:
Մեկնաբանել