
«Հիմա Փարաջանովի մասին հուշեր եմ գրում»
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններից Երեւանում մնացել է 3200 մարդ: Միքայել Առաքելյանը նրանցից մեկն է: Մասնակցել է Բեռլինի համար մղվող մարտերին, Քյոնիգսբերգի ազատագրմանը:
Կռվել է Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո: Խորհրդային տարիներին պատերազմի մասնակիցները ունեին մեծ թվով արտոնություններ: Հայաստանի անկախացումից հետո դրանց հիմնական մասը վերացվեց: «Մեզ զրկեցին նաեւ հասարակական տրանսպորտով անվճար երթեւեկելու հնարավորությունից եւ, որպես փոխհատուցում, պետությունը 2000 դրամ է հատկացնում»,-դժգոհում է Մ. Առաքելյանը: Միքայելը մենակ է ապրում, նրա ստացած թոշակը չի բավականացնում նույնիսկ կոմունալ ծախսերը հոգալուն:
Ժամանակի մեծ մասն անցկացնում է Երեւանի կենտրոնում գտնվող փոքրիկ արվեստանոցում, որի պատերը զարդարում են տարբեր տարիներին նկարած նատյուրմորտներն ու բնանկարները: Միքայելը հաճախ է մասնակցում Նկարչի տանը կազմակերպվող ցուցահանդեսներին:
Պատերազմից հետո ընդունվել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Ավարտելուց հետո աշխատել է ռեժիսորի ասիստենտ, դեկորատոր, հետագայում' բեմադրող նկարիչ:
Կինոյի եւ թատրոնի հայտնի դերասաններին հիշելիս նա խանդավառվում է, պատմում, թե երբ ինչ են արել միասին, ինչի մասին են զրուցել Հրաչյա Ներսիսյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի եւ ուրիշների հետ:
«Մենք ենք, մեր սարերը», «Ժայռ», «Առաջին սիրո երգը», «Նռան գույնը», «Բարեւ, ես եմ», «Հայրիկ», «Արփա-Սեւան»... Ահա կինոնկարների այն ոչ սպառիչ ցանկը, որոնց նկարահանմանը մասնակցել է Միքայելը: Պատմեց, թե ինչպես է ծանոթացել Հրաչյա Ներսիսյանի հետ. «Մոտեցավ ինձ, հարցրեց' անունդ ի՞նչ է: Ասացի' Միքայել: Հանեց երեք ռուբլի ու տվեց: Ասաց' օղի կգնես, կբերես, որ խմեմ ու հետո խաղամ: Ռեժիսորն ասել էր, որ երկխոսությունից առաջ արցունքները պետք է հոսեն: Հրաչյան խմեց ու հրաշալի խաղաց իր դերը»:
Սերգեյ Փարաջանովի հետ Միքայելը երկար տարիներ է աշխատել:
«Փարաջանովը միակ թիֆլիսահայն էր, որ հայերեն չգիտեր, ռուսերեն էր խոսում: 1967թ., երբ եկավ Հայաստան, վրացամոլ էր: Երկու տարի աշխատելուց հետո դարձավ հայ: Փարաջանովը սիրում էր արծաթե, բրոնզե իրեր, երբեք բուտաֆորիա չէր ստեղծում: Մենք' նկարիչներս, միայն իրեր էինք գտնում նրա համար: Ձեւավորումը, մնացյալ ամեն ինչ ինքն էր անում: Գույները, հագուստներն ինքն էր ընտրում: Վազգեն Ա կաթողիկոսն էր նրան օգնում, երբ դիմում էր ֆիլմ նկարելիս: Էջմիածնի գանձերից տալիս էր, նկարում էինք, հետո վերադարձնում: Ցավոք, այն ժամանակվա «պարտիական» ղեկավարները չէին ընդունում կինոարվեստում արած նրա նորարարությունները: «Նռան գույնը» երեք ժամանոց հանճարեղ ֆիլմը վերաձեւեցին եւ դարձրեցին մեկուկես ժամանոց:
Վրաստանում' Կախեթիայի վանքերից մեկում, Սայաթ-Նովայի մահվան տեսարանը նկարելիս Փարաջանովը Սայաթ-Նովայի դերասանին պառկեցրեց հատակին, տարածքում շարեց 500 խաչ, 250 մոմ, հետո պահանջեց, որ 13 հոգի միաժամանակ կտրեն 13 սպիտակ հավերի գլուխները: Փարաջանովին հասկանալու համար հատուկ պատրաստվածություն է պետք, հիմա էլ նրա ֆիլմերը դժվար է հասկանալ:
Նրա հետ հաճախ էինք թանգարաններ այցելում: Վարդգես Սուրենյանցի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» նկարի առջեւ երկար կանգնեց, նայեց, նայեց եւ ասաց. «Զդորովո, սմոտրի կակոյ ֆոն պերլամուտրովի»: Սադաֆի համար գժվում էր: Հետո հարցրեց, թե ինչ գիտեմ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» լեգենդի մասին: Ես համառոտ պատմեցի: Սցենար էր գրել, բայց չհասցրեց նկարել:
Ֆրանսիացի գրող, կոմունիստ Լուի Արագոնը Փարիզից Մոսկվա էր գնում- գալիս, խնդրում Բրեժնեւին, որ ազատ արձակեն Փարաջանովին: Մի կերպ, մի հինգ ամիս շուտ ազատում են: Եվ այդ մարդուն ազատելուց հետո էլ տասը տարի չէին թողնում ֆիլմ նկարել: Հետո նկարեց «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմը: Երկար պատմություն է»:
Միքայել Առաքելյանը Փարաջանովի մասին հուշեր է գրում: Գրքի վերնագիրն է ' «Ինչպես է ստեղծվել «Նռան գույնը» եւ մնացածները»: Նա հուսով է, որ հովանավորներ կգտնի եւ կտպագրի գիրքը:
Մեկնաբանել