Գույնի փիլիսոփայությունը
Տիգրան Հակոբյան
Աշոտ Գարեգինյան
Աշխարհում ամեն ինչ ներկվում է: Գույնը հաճախ փոխում է իրի ե՛վ տեսքը, ե՛վ չափը: Նույնիսկ մարդու տեսողությունն է փոխում:
Աստվածաշնչում (Յայտնութիին Յովաննու), մեր եւ օտար շատ պատմիչների մոտ (Պլինիուս, Ղազար Փարպեցի, Անանիա Շիրակացի, Իբն-ալ-Ֆակիխ, Իբն-Խուակալ, Ալ-Մուկադասի եւ ուրիշներ) կան բազմաթիվ վկայություններ հայկական ներկերի, հատկապես «որդան կարմիրի» մասին: Որդանի բաղադրատոմսերի մասին տեղեկությունները սկսվում եւ ընդհատվում են Մորզեի այբուբենի նման, երբեմն սենսացիաներով, երբեմն՝ խորը լռությամբ, շատ հաճախ՝ նորանոր հայտնագործություններով:
Սակայն կա մի «բայց»... Ի՞նչ հայտնագործության կամ գյուտի մասին է խոսքը, երբ արդեն կան պատրաստի բաղադրատոմսեր, որոնք որևէ դժվարություն կամ գիտական խորը գաղտնիքներ չեն պարունակում: Հարցը հետևյալն է, այսինքն՝ նույնիսկ երկու հարց կա՝ ինչպե՞ս հավաքել այդքան քանակության որդան և, ընդհանրապես, այդ ներկը պե՞տք է Հայաստանին: Երկրի ներկայիս օրենսդրական դաշտը, շուկայական վայրենի հարաբերությունները, հայ մասնագետների մեծամասնության անմխիթար ֆինանսական վիճակը ու բազմաթիվ «հանճարեղ» մտքերը հուշում են, որ գնային առումով որդան կարմիրը մեզ մոտ հաստատ մրցունակ չի լինի: «Թանկից էժանը չկա» մտածելակերպը աշխատում է ամբողջ հզորությամբ, չնայած, որ այդ ներկը հիմնականում շատ էժան կարժենա:
Զարմանալի թող չթվա, բայց մոտ ապագայում որդան կարմիրը կարող է սկսել ներմուծվել որևէ հարևան երկրից: Օրինակ՝ Թուրքիայից, որպես կանոն, բազմաթիվ նման նյութեր և այլ բան-ման այսօր մեզ մոտ հենց այդ երկրից է հասցվում:
Բայց մենք առայժմ հանգիստ թողնենք որդանին՝ իր «կորած» ու «գտնված» երազներով և առաջ շարժվենք: Արդյոք հարյուրամյակների ընթացքում մեր մագաղաթները, որմնանկարները և կենցաղային շատ իրեր ներկվել են հենց որդա՞ն կարմիրով: Մի՞թե հին ու միջնադարյան Հայաստանը արտահանել է հենց այդ ներկատեսակը: Իհարկե՝ ոչ: Հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ են մնացած գույները: Դժվար է ենդադրել, թե միայն որդանի պատճառով էր, որ երկրագնդի 1/6-րդ մասը 70 տարի կարմիրով էր ներկված:
Դարեր շարունակ մասնագետներն ու արհեստավորները ներկ են պատրաստել: Նկարիչները՝ ստեղծագործել: Ներկակարներն ու ջուլհակները ներկել են, շինարարները՝ արարել: Դեռևս Վերածննդի դարաշրջանի վարպետներն են օգտագործել հայկական բարձրակարգ ներկերը՝ լազուրը, ոսկեգույնը, կանաչը, մանուշակագույնը և այլն: Այդ ամենը հիմա ո՞ւր է: Սարսափելի է մտածել, որ այդ ներկերի աղբյուրներն ու բաղադրատոմսերը հիմա նույնպես «կորել են» Հայաստանից:
Կարելի է փաստել, որ միայն մի բան է անհետացել՝ արարիչ աշխատանք կատարելու ցանկությունը: Մի՞թե հնարավոր չէ բուհերից, գեղարվեստի կենտրոններից մեկում, կամ եկեղեցիներից որևէ մեկին կից ստեղծել մի բաժին, որը կզբաղվեր ներկերի, ներկանյութերի և ռեստավրացիոն տեխնոլոգիաների խնդիրներով: Ախր, հնություններով ապրող ազգ ենք: Չէ՞ որ վաղը երիտասարդ նկարիչներն ու արվեստագետներն են վերականգնելու մեր եկեղեցիները, մեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում պահվող մշակույթի բազմաթիվ արժեքները: Այդ օրը անխուսափելիորեն գալու է:
Եվ մենք կկանգնենք փաստի առաջ, կրկին մեծ գումարներ ծախսելով՝ ներկեր ներմուծելու և օտարերկրյա մասնագետներ հրավիրելու համար: Փա՜ռք Աստծո, գրեթե բոլոր անհրաժեշտ նյութերը Հայաստանում կան և դրանք, նույնիսկ միջազգային չափանիշներով մշակվելուց հետո, գնային առումով ներկրվողներից կրկնակի, եթե ոչ եռակի էժան կլինեն: Ինչո՞ւ դա ոչ ոքի չի հուզում: Չմոռանանք, որ Աստծո տված բարիքը չօգտագործելն անեծքի է նմանվում:
Երկար տարիներ արտերկրում աշխատելով գեղարվեստա-կիրառական ասպարեզում տողերիս հեղինակներից մեկը օգտագործել է միմիայն հայկական հումք և օգտվել «կորած» բաղադրատոմսերից: 2000-2005 թվականներին հայկական ներկերը (շուրջ 40 գույն և երանգ) և ներկանյութերը ստուգվել են Իտալիայում, Շվեդիայում, Անգլիայում, Գերմանիայում՝ արժանանալով ամենաբարձր գնահատականի: Այդ ներկերով ձևավորվել են եկեղեցիներ, հյուրանոցներ, բնակելի շենքեր՝ ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում: Մի շարք ստեղծած կտավներ են ցուցադրվել աշխարհի տարբեր երկներում: Իմիջիայլոց, չին վարպետները, փորձելով հայկական թանաքները կիրառել մետաքս ներկելու և տպագրության բնագավառներում, հիացած էին մնացել ներկի փայլով ու փափկությամբ: Այնպես որ «կորած» գաղտնիքներն իրենց լիովին արդարացրել են:
Պարզից էլ պարզ է, որ գաղտնապահությամբ, դրամաշնորհներով ու ծանոթ-բարեկամներով նոր անիվ չես հորինի: Հազարամյակներ առաջ ծնվածը հիմա էլ է գլորվում մեծ արագությամբ: Սակայն ցանկալի է, որ ձևավորվի նոր խոստումնալից ուղղություն, որի միջոցով տեղական հումքով պատրաստած ներկերն ու ներկանյութերը կներկայացվեն արտաքին շուկաներում: Արժեքի, որակի, բազմերանգության, հումքի առատության շնորհիվ այդ արտադրանքը կլինի մրցունակ և կվայելի բարձր պահանջարկ:
Իսկ բոլոր նրանց, ում հետաքրքրում է նշված ոլորտը, կցանկանայինք տեղեկացնել ամենակարևոր ու հիմնական խորհրդի մասին՝ ամեն մի ներկ ու գույն իր հոտն ունի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել