Երեխաների խաղահրապարակից մեկ ամիս կօգտվեն մեծահասակները
Նորայր Շողիկյան
Ծարավ Աղբյուրի բակերից մեկում անսովոր աղմուկ էր: Բնակիչները՝ մեծ և փոքր, միասին գոլ էին գոռում: Երեխաների համար նախատեսված խաղահրապարակում տեղադրված մեծ էկրանի շուրջ հարևանները դիտում էին ֆուտբոլի աշխարհի առաջնության Պորտուգալիա-Իսպանիա մրցավեճը: Մինչև հուլիսի 15-ը բակում այսպիսի հավաքներ տեղի են ունենալու ամեն երեկո:
«Քանի որ բնակիչների մեծ մասը աշխատում են, իսկ էկրանին ցերեկվա ժամերին ինչ-որ բան դիտելն անհարմար է, որոշեցինք բակում միասին հետևել աշխարհի առաջնության 22:00-ին ցուցադրվելիք բոլոր խաղերին»,- ասաց «Նոր Ավան» համատիրության կառավարիչ Արամ Դանիելյանը:
Բակում մեծ էկրան տեղադրելը բնակիչների մտահղացումն է: Խաղահրապարակի բարեկարգման աշխատանքները կատարվել են համատիրության ֆինանսական միջոցներով, բնակիչներին այս հարցում օգնել է հայաստանյան բանկերից մեկը: Էկրանի առջև տեղադրված նստարաններն իր ձեռքով պատրաստել է թաղամասի բնակիչ Նորայր Ասլանյանը:
«Երբ որոշեցինք, որ պետք է խաղահրապարակում փոքրիկ կինոթատրոնի պես տարածք ստեղծենք, միանգամից անցա գործի: Նախորդ ամառ բոլոր շաբաթ-կիրակի օրերս տրամադրում էի այս աշխատանքին ու այսօր մեր երեխաները այստեղ մուլտֆիլմեր են դիտում, իսկ մենք հարևենաններով վայելում ենք աշխարհի առաջնության խաղերը»,- նշեց Նորայր Ասլանյանը:

Չնայած քամուն ու ցուրտ եղանակին, բակում ֆուտբոլ նայելու հաճույքը էկրանի մոտ է բերել ոչ միայն ֆուտբոլի սիրահարներին, այլև ֆուտբոլով չհետաքրքրով բնակիչներին: Աննա Օհանյանը ցուցադրության մասին տեղեկացել է թաղամասի ֆեյսբուքյան խմբից:
«Ֆեյսբուքյան խումբը բավական ակտիվ է ու այնտեղ են դրվում բոլոր նորությունները: Ֆուտբոլին այնքան էլ մոտ չեմ, շատ չեմ հետևում, բայց այս միջավայրն այնքան հետաքրքիր ու գրավիչ է, որ նույնիսկ ֆուտբոլ չսիրող մարդիկ հավաքվել են այստեղ՝ խաղը դիտելու»,- ասաց Աննան:
Իր ընտանիքի հետ միասին ֆուտբոլի խաղերին կհետևի նաև հաղորդավար Էրիկ Անթառանյանը:
«Արդեն ամառանոց էինք տեղափոխվել, բայց սա մեր բակն է, ու ընտանիքով եկել ենք, որպեսզի մեր բակի ժողովրդի հետ ֆուտբոլ նայենք»,- նշեց Էրիկ Անթառանյանը:
Ֆուտբոլի ավարտից հետո հարևենները միասին են որոշում, թե մինչև հաջորդ խաղի ցուցադրությունն ինչ դիտեն: Այս հարցում իրենց առաջարկներն են բարձրաձայնում նաև երեխաները: Նրանք արդեն բակի էկրանին «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը դիտելու ցանկություն են հայտնել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել