Ոտնձգություն լրատվամիջոցի նկատմամբ ընտրություններից առաջ
Ապրիլի 22-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը եթերը սկսել է 2 ժամ 40 րոպե ուշացումով:
Ժամը 18-ի սահմաններում հեռուստաընկերության աշխատակիցները հայտնաբերել են, որ հեռուստաաշտարակ տանող երկու մալուխները վնասված են: Մալուխները վնասվել էին հինգ հարկանի շենքի տանիքում: «Բավականին հաստ մալուխ էր եւ մեր տեխնիկական անձնակազմը գտնում է, որ դրանք կտրված էին աքցանով: Կտրված հատվածները փաթաթված էին մետաղյա թիթեղով, իսկ մալուխները իրարից հեռացված չէին, որպեսզի առաջին հայացքից չզգացվեր: Մեր աշխատակիցները մալուխը ստուգելով գնացել էին եւ այդ հատվածում էլ հայտնաբերել, որ կտրված է»,- հեռախոսով հայտնեց հեռուտաընկերության լրագրող Կարինե Սիմոնյանը:
Հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանը համոզված է, որ կատարվածը դիտավորություն է եւ այն կապում է քաղաքապետի մոտալուտ ընտրությունների հետ:
Ալավերդու քաղաքապետի ընտրությունները տեղի կունանան մայիսի ութին: Առաջադրվել է երեք թեկնածու' ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ, Երեւանի մանկավարժական համալսարանի ռեկտորի օգնական Էդուարդ Շարմազանովը Հանրապետական կուսակցությունից, Էլցանց ՓԲԸ «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն Արթուր Նալբանդյանը ( մեր ունեցած տեղեկությունների համաձայն նա Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի թեկնածուն է) եւ Սարիբեկ Օհանյանը' գործող քաղաքապետը: Վերջինիս արդեն, որեւէ քաղաքական ուժ չի սատարում:
Հիշեցնենք, որ 2003 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ եւս «Անկյուն գումարած 3»-ը եթերազրկվել էր (Տես նաեւ' Լոռու մարզպետի արշավանքը):
Հեռուստաընկերության տնօրենը կատարվածի մասին տեղյակ է պահել ազգային անվտանգության ծառայությանը եւ դիմել է դատախազությունը փաստի առթիվ քրեական գործ հարուցելու դիմումով: Քաղաքապետի երեք թեկնածուներն էլ այցելել են հեռուստաընկերություն եւ հայտնել իրենց տարակուսանքը կատարվածի առթիվ:
Հեռուստաընկերության տնօրինությունը առաժմ չի ուզում մեկնաբանել թե ում է ձեռնտու հեռուստաընկերության եթերում չլինելը:
Մեկնաբանել