
Կաթ արտադրողները կաթի մեքենաներով բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց
Կաթ արտադրող գյուղացիները առավոտից բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց, որտեղ քիչ առաջ կայացավ գործադիրի արտահերթ նիստը:
Գյուղացիները քանքատվում են կաթի մթերման ցածր գներից: Նրանք կառավարություն են եկել «Կամազ» և «Ուրալ» մակնիշի մեքենաներով և իրենց հետ բերել մի քանի տոննա կաթ, որը հրաժարվել են ցածր գնով մթերման հանձնելուց:
Լեոնիկ Աբրահամյանը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից է: Լեոնիկը իր «Կամազ» մակնիշի մեքենայով կառավարության շենք է բերել ոչ միայն իր, այլև համագյուղացիների ունեցած կաթը: Ասում է՝ կառավարություն այսօր 6 տոննա կաթ են բերել և կատակում, որ քաղաքացիները կարող են գալ և հենց գյուղացուց կաթը գնել: Լեոնիկն ասում է՝ իրենց պահանջը մեկն է՝ կաթի գները պետք է բարձրացվեն. «Կա՛մ թափելու ենք, կա՛մ գները բարձրանալու են»,- ասաց նա:
Այս պահին Գեղաշենում կաթը մթերում են 120-130 դրամով: Նրա փոխանցմամբ՝ մեկ ամսվա ընթացքում կաթի գինը 70-80 դրամով նվազել է, և կաթը մթերող անհատները, ընկերություններն այդպես էլ հստակ չեն նշել, թե որն է կաթի մթերման գնի նվազման պատճառը:
Կառավարության շենքի դիմաց անցկացվող ցույցին մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչ Լևոն Աբրահամյանը: Նրա փոխանցմամբ՝ միայն իրենց գյուղից հինգ ընկերություն կաթ է մթերում: Ընկերությունները կաթի գնի նվազումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ կաթը շատացել է, գները՝ իջել. «Եթե կաթը շատացել է, կաթի գները իջացրել են, բա իրանց ապրանքի գինը խի՞ չեն իջացնում: Մեկ կիլոգրամ սմենտանը ծախում են 550 դրամով, բայց մեր կաթը իրանք մթերում են 140 դրամով: Եթե մեր կաթի գինն իջել է, թող իրենց ապրանքի գինն էլ իջնի»,-ասում է Աբրահամյանը:
Գյուղացին մտահոգվում է, որ բենզինի և դիզվառելիքի գինը թանկացել է, սակայն իրենց ապրանքի գինը գնալով նվազում է, և իրենց ստիպում են նոր վարկեր վերցնել:
Գեղաշենի բնակիչ Էդվարդ Սարգսյանը կառավարություն կաթի ցածր գնի դեմ բողոքի ակցիայի էր եկել նաև չորս օր առաջ: Ասում է՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Արտաշես Ղազարյանը իրենց խոստացել էր կառավարության անդամներին տեղեկացնել գյուղացիների պահանջների մասին և մինչ հաջորդ օրը երեկոյան տեղեկացնել կառավարության հարցի լուծման տարբերակների մասին, սակայն մինչ օրս կառավարությունից որևէ պատասխան չեն ստացել:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել