HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը ուսումնասիրում է «Հետքի» հրապարակումները

«Հետաքննող լրագրողները» մեկ տարուց ավելի ուսումնասիրելով, թե ինչպես է կատարվում կանանց թրաֆիկինգը եւ ինչպես են նրանք հայտնվում կոնկրետ Արաբական էմիրություններում` այն եզրահանգման են եկել, որ Հայաստանում կանանց հավաքագրելու, այնուհետեւ Էմիրություններ ուղարկելու ողջ այս գործընթացում իրավապահ մարմինները եթե նույնիսկ ներգրավված չեն, ապա առնվազն տեղյակ են եւ ինչ-որ կապեր ու նաեւ շահույթի իրենց մասնաբաժինն ունեն: «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի փոխանցմամբ, երբ ինքը փաստեր հավաքելու նպատակով այս տարվա փետրվարին գտնվում էր Արաբական Էմիրություններում, այդ ժամանակահատվածում Դուբայ են ժամանել նաեւ Հայաստանի Գլխավոր դատախազության երկու աշխատակիցներ՝ Գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը եւ քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արիստակես Երեմյանը: Այն, որ դատախազության աշխատակիցները ժամանել են Դուբայ, Էդիկ Բաղդասարյանի խոսքերով` իրենք իմացել են տեղի հայ կավատներից եւ մարմնավաճառներից: Եվ, ի դեպ, նույն այդ մարմնավաճառներն իրենց տեղեկացրել են, որ քննիչ Արիստակես Երեմյանն իրենցից գումար է վերցրել: 

Է. Բաղդասարյան - Աղջիկները մեզ պատմում են, թե իրենց բոսը, ասենք` Արիստակես Երեմյանին, քանի հազար դոլար է տվել, քանի բջջային հեռախոս են նրանք խնդրել մի կավատից, որ բերեն իրենց ընկերների համար: Նման ձայնագրություններ մենք ունենք: 

Ռուզան Ստեփանյան - Այսինքն՝ կոնկրետ դատախազության այդ աշխատակիցը գումա՞ր է պահանջել կավատից: 

Է.Բ.-Մենք այդպիսի ձայնագրություններ ունենք, որտեղ ասում են, որ նրանք փող են վերցրել կավատներից: 

Ռ.Ս.-Ինչի՞ դիմաց են փող վերցնում: 

Է.Բ.-Ինչի՞ դիմաց են վերցնում կավատից փող: Չգիտեմ` ինչի դիմաց կարող են նրանք փող վերցնել աշխարհով մեկ հետախուզվող հանցագործից: 

Ռ.Ս.-Ումի՞ց են կոնկրետ գումար վերցրել եւ որքա՞ն գումար է վերցվել: 

Է.Բ.-Ասենք` էջմիածնեցի Անոյից: Նրա աղջիկներն ասում էին, որ 5000 դոլար է վերցրել: Ռ.Ս.-Ո՞վ: 

Է.Բ.-Երեմյանը: Անուշից,Նելլից ... Նրանք բոլորը ոչ միայն կավատներ են, նույնիսկ Հայաստանում արդեն դատապարտված են, մինչ այդ նստել են բանտում: Նրանցից ոմանք երբեմն գալիս են Հայաստան, չնայած հետախուզման մեջ են: 

Ռ.Ս.-Միայն տեղեկություններ ունեք, որ այս Երեմյա՞նն է: 

Է.Բ.-Նրանք խմբով են գնացել, մենակ չի եղել: 

Ռ.Ս.-Դուք ունե՞ք ապացույցներ, որ նրանք կոնկրետ, այսինքն` հազարավոր դոլարներ են վերցնում կավատներից: 

Է.Բ.-Դրանք ապացույցներ չեն, դրանք ձայնագրություններ են:Չգիտեմ` ընդհանրապես այդպիսի բան հնարավո՞ր է ապացուցել, թե՞ ոչ, բայց դրանք ձայնագրություններ են, որտեղ մարդիկ, ովքեր այսօր Դուբայում են, ասում են: 

Մինչդեռ քննիչ Արիստակես Երեմյանը, ով հիմնականում այսպիսի հանցագործությունների բացահայտմամբ է զբաղվում, այսօր մեզ տված հարցազրույցում ասաց (մեջբերում եմ). «Նման դեպք, երեւույթ բացառվում է»: Պրն Երեմյանը չցանկացավ ձայնագրվել, սակայն ասաց, որ ինքը Դուբայ է մեկնել այնտեղ մարմնավաճառությամբ զբաղվող հայ քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, ասաց, որ իսկապես հանդիպել է մի քանի կավատների, բայց միայն հարցաքննելու նպատակով: Իսկ այն, որ ինչ-որ մարդիկ պրն Երեմյանին մեղադրում են կավատներից գումար վերցնելու մեջ, դատախազության քննիչը բացատրում է իր խստապահանջ աշխատանքով: Արիստակես Երեմյանի փոխանցմամբ, երբ ինքը Դուբայ է գնում, բոլորը փախչում են, քանի որ վախենում են, որ հիմա իրենց բռնելու է: Քննիչի համոզմամբ` նմանատիպ մեղադրանքներով փորձում են պարզապես շանտաժի ենթարկել եւ այդ եղանակով պատժից ազատվել, իսկ լրագրողներին էլ թյուրիմացության մեջ են գցում: Քննիչը ոչ միայն հերքեց կավատներից փող վերցնելու մասին տեղեկությունը, այլեւ ասաց, որ իրեն երբեւէ գումար չեն էլ առաջարկել: 

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ղեկավարի համոզմամբ` պատճառաբանություններն այն մասին, որ դատախազության աշխատակիցները կավատներին հանդիպել են նրանց Հայաստան ետ բերելու նպատակով, ընդամենը ինքնապաշտպանական քայլ է: «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը համաձայն չէ նաեւ դատախազության այն մեկնաբանությանը, թե դժվար է կավատներին այստեղ՝ տեղում հայտնաբերել եւ թույլ չտալ նրանց խմբեր հավաքագրել: Քանի որ Երեւանում, այդ թվում նաեւ Հայաստանի մյուս քաղաքներում գործող կավատների հատուկ խմբերի գործունեության մասին նույնիսկ տվյալ քաղաքի կամ շրջանի բնակիչները գիտեն: 

Է. Բաղդասարյան -Բանգլադեշում մի քիչ որ շփվում ես, ասենք` երիտասարդների հետ, կարող ես իմանալ, թե իրենց թաղում ով է հավաքագրում կանանց, ով է էդ գործերով զբաղվում, որովհետեւ էդ հավաքագրողները ոչ միայն հավաքագրում են, այլ նաեւ երեւանյան սեքս-բիզնեսի մեջ են: Մենք կոնկրետ Բանգլադեշից մի 4 հոգու անուն ունեինք: 

Ի դեպ՝ համոզվելու համար, որ իսկապես դժվար չէ որեւէ կավատի գտնելը, «Հետաքննող լրագրողներ»-ի հետ աշխատող ուսանողներից մեկը կապվել է կավատներից մեկի հետ, վերջինս էլ նրան անմիջապես Դուբայ տանելու ցանկություն է հայտնել: Ընդ որում` կանանց հավաքագրող անձինք այստեղ ունեն իրենց մշտական սրճարանները, մշտական տաքսու վարորդները: Այս ամենը, ըստ Էդիկ Բաղդասարյանի, իրենք հրապարակել են, սակայն տարօրինակ է, որ դատախազությունը որեւէ կերպ չի արձագանքել: Հենվելով «Հետաքննող լրագրողների» արած ուսումնասիրությունների վրա` մի քանի տվյալ էլ ներկայացնենք. այսպես` Հայաստանում մեկ կին հավաքագրելու դիմաց ստանում են 500-1700 դոլար՝ նայած, թե ինչ աղջիկ է, իսկ արդեն Դուբայում աշխատող, այսպես կոչված, «բոսը» մեկ աղջկա վրա ծախսում է ամենաքիչը 5000 դոլար: Այդ գումարը հետագայում մարմնավաճառ աղջիկն իբրեւ պարտք վճարում է իր բոսին: Մի թիվ էլ` «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը նշում է, որ 2004թ. ընթացքում միայն Արաբական Էմիրություններից մեկ տարվա ընթացքում բանկային համակարգով Հայաստան մոտ 9 մլն դոլար է ուղարկվել, եւ այդ գումարները նախորդ տարիների համեմատությամբ զգալիորեն աճել են: Թե այդ գումարների ո՞ր տոկոսն է կավատներինը եւ ո՞ր տոկոսը՝ անհայտ հասցեատերերինը, պարզել դեռեւս չի հաջողվել:

Ռուզաննա Ստեփանյան
«Ազատություն» ռ/կ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter