
«Փակ շուկան» կդառնա՞ «Երեւան սիթի»
Սամվել Ալեքսանյանը պատասխանում է «Հետքի» հարցերին
Երեւանի «Փակ շուկա»-ն վերջնականապես փակվեց հունվարի մեկին: Մամուլում լուրեր էին պտտվում այն մասին, որ շուկան գնել է գործարար Սամվել Ալեքսանյանը եւ պատրաստվում է այն վերածել վիթխարի սուպերմակետի քաղաքի կենտրոնում:
Դեռեւս 2011-ի սեպտեմբերին Սամվել Ալեքսանյանը news.am-ին տված հարցազրույցում հերքել էր լուրը, թե Գագիկ Ծառուկյանից գնել է «Փակ շուկան». «Նման բան չկա, ես պաշտոնապես հերքում եմ»:
Այսօր Սամվել Ալեքսանյանին հանդիպեցինք «Փակ շուկայի» դիմաց` աշխատակիցներին եւ վստահված անձանց ցուցումներ տալիս: Նա պատասխանեց «Հետքի» հարցերին` չձայնագրելու պայմանով: Խոսակցությունը ներկայացնում ենք հարցազրույցի տեսքով, որը վերարտադրել ենք մեր զրույցից անմիջապես հետո:
Պրն Ալեքսանյան, ճի՞շտ է, որ «Փակ շուկան» պատրաստվում եք դարձնել «Երեւան սիթի»:
«Փակ շուկան» «Երեւան սիթի» չի դառնալու: Վերանորոգելու ենք, շենքը նորմալ տեսքի բերենք:
Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության տրամադրած տեղեկության համաձայն` ամիսներ առաջ ինչ-որ ճարտարապետներ նախագիծ են ներկայացրել գործակալություն, որտեղ նշված է եղել, որ տարածքը շահագործվելու է որպես սուպերմարկետ:
Տարածքում միայն շուկա չի լինելու, խանութներ էլ են լինելու: Տեսե՞լ եք շուկայի կողքի բուտիկները. առեւտրականներն իրենց համար այդ տարածքները ծառայեցնում էին որպես պահեստ: Հիմա այդ բուտիկներում լինելու են առեւտրի կետեր, իսկ առեւտրականների համար հատուկ պահեստներ նախատեսված կլինեն:
Երեւանի «Փակ շուկան» քաղաքի պատմական եւ մշակութային արժեքներից մեկն է: Արդյո՞ք կառույցի վրա կմնա «ՇՈՒԿԱ» գրությունը, թե՞ դրան կփոխարինի «Երեւան սիթի» գրությունը:
«Երեւան սիթի» գրություն չի լինելու կառույցի վրա:
«Շուկա» գրությունը կմնա՞:
Այո: Շուկան ունենալու է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղի:
Շուկայի հիմքը փորելը չի՞ վնասի կառույցը:
Էս շուկան կառուցվել է դեռ սովետի թվին: Էն ժամանակ մարդիկ մեքենաներ չեն ունեցել, իսկ հիմա բոլորը ջիպ ունեն: Ընտանիք կա` համ տղեն ջիպ ունի, համ աղջիկը... Պետք է, չէ՞, ժամանակի ստանդարտներով առաջնորդվել:
(«Ո՞վ ջիպ ունի» հարցին պատասխանեց Սամվել Ալեքսանյանի վստահված անձանցից մեկը. «Ես էլ ջիպ ունեմ օրինակ»):
Դուք ունեք ջիպեր, հասարակ մարդիկ, ես, օրինակ, ջիպ չունեմ:
Դե լավ, ինչեւէ... բայց որ ավտոկայանատեղի անհրաժեշտ է` հաստատ:
Պրն Ալեքսանյան, խոստանո՞ւմ եք, որ շուկայի վերանորոգումից հետո հասարակ գյուղացին կրկին հնարավորություն կունենա նույն շուկայում առեւտրով զբաղվել:
Եթե նախկինում այս շուկայում մոտ 25 հոգի էր զբաղվում առեւտրով, շուկան վերանորոգելուց եւ խանութներ բացելուց հետո մոտ 300 մարդ աշխատատեղ կունենա: Հիմա այդ 25 հոգին տեղափոխվել են Մասիվի շուկա, բայց հետո, այո, կգան, կաշխատեն:
Հ.Գ. Սամվել Ալեքսանյանը նաեւ խոստացավ, որ շուկայում կատարվող մաքրման աշխատանքներից հետո «Հետքին» կտրամադրի վերանորոգման նախագիծն ու թույլ կտա շուկայի ներսում տեսա- եւ լուսանկարահանումներ կատարել:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել