
Հովնանյան կրթաթոշակ՝ ուսանողներին․ մրցույթը կկայանա նոյեմբերին
Բուհերի ընդունելության քննությունների ավարտից հետո դիմորդների համար պարզ կդառնա, թե արդյոք հնարավորություն ունեն պետբյուջեից ստանալ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում: Քանի որ դրանից հետո շատ ուսանողներ սկսում են ավելի ակտիվ փնտրել ֆինանսավորման լրացուցիչ տարբերակներ, մենք հարցեր էինք ուղարկել «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամին», որը Հայաստանում կրթաթոշակներ է տրամադրում հայաստանյան բուհերում սովորող հայ ուսանողներին։
«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը» ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում ամերիկահայ բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների կողմից։ Հիմնադրամը տարբեր ծրագրեր է իրականացրել կրթության ոլորտում, որոնցից մեկը հայ ուսանողներին կրթաթոշակների տրամադրումն էր՝ արտերկրի համալսարաններում սովորելու նպատակով: Այս ծրագիրը, ինչպես մեզ տեղեկացրին հիմնադրամից, այժմ չի գործում։
Փոխարենը հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրում հայ ուսանողներին՝ մասնակի (ուսման տարեկան վարձի մինչև 50 տոկոսի չափով) փոխհատուցելով նրանց ուսման վարձը հայաստանյան բուհերում։
«Հետք»-ի գրավոր հարցերին պատասխանում է հիմնադրամի երևանյան մասնաճյուղը։
Հիմնադրամի կայքում նշված է, որ ուսանողական կրթաթոշակի մրցույթը կազմակերպվում է ամեն կիսամյակ: Ե՞րբ է կայանալու հերթական մրցույթը և քանի՞ ուսանողի եք կրթաթոշակ տրամադրում ամեն մրցույթի արդյունքում:
Հերթական մրցույթը կկայանա նոյեմբերի 1-ից 10-ը: Ուսանողների քանակը հաստատուն չէ, 600-800 ուսանող՝ յուրաքանչյուր կիսամյակում։
Դուք նշել եք, որ կարող են դիմել բարձր առաջադիմությամբ ուսանողները։ Կրթաթոշակի ընտրության միակ սկզբունքը բարձր առաջադիմությո՞ւնն է:
Ոչ, միակ սկզբունքը չէ առաջադիմությունը, կարևոր է նաև ընտանիքի սոցիալական վիճակը: Նախապատվությունը տրվում է սահմանին ծառայածներին, ազատամարտիկների երեխաներին, սահմանամերձ գյուղերում բնակվողներին, ինչպես նաև ակտիվ կամավորական աշխատանքներին ներգրավված լինելուն։
Ո՞ր բուհերի և մասնագիտությունների ուսանողներին եք առաջնահերթություն տալիս: Կա՞ն համալսարաններ կամ ֆակուլտետներ, որտեղ սովորող ուսանողներին չեք ֆինանսավորում:
Բոլոր պետական բուհերը ներառված են, սակայն նախապատվությունը տրվում է Հայաստանի համար արդի մասնագիտություններին, օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, արվեստ, դիզայն, գյուղատնտեսություն, լրագրություն, իրավաբանություն, բժշկություն, և այլն։
Կարո՞ղ են Հովնանյան կրթաթոշակի մրցույթին դիմել նաև հայաստանյան բուհերում սովորող, արտերկրի քաղաքացիություն ունեցող հայ ուսանողները:
Այո։
Ուսանողները հաճախ հետաքրքրվում են՝ ուսման վարձը լրի՞վ, թե՞ մասնակի եք փոխհատուցում:
Հիմնականում տրվում է մեկ ամբողջ կիսամյակի համար։
Կրթաթոշակները տրամադրվում են միայն բուհում ուսումնառությա՞ն, թե՞ նաև կրթական այլ նպատակով, օրինակ՝ արտերկրում կոնֆերանսի կամ վերապատրաստման մասնակցություն:
Ոչ, կրթաթոշակը տրամադրվում է միայն բակալավր կամ մագիստր ծրագրով սովորողներին։
«Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամից կրթաթոշակ ստանալու դիմումը կարող եք գտնել այս հղմամբ։ Հետևյալ երկու հղումներով կարող եք գտնել ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություն, և հիմնադրամի կոնտակտային տվյալներ։
Մեկնաբանություններ (60)
Մեկնաբանել