HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողը պետք է մնա գետի մյուս ափին

Կարինե Ասատրյան

«Հայաստանում մամուլի վիճակն այնքան էլ լավ չէ, մինչդեռ թվում էր, թե հայ լրագրողները պիտի ամեն ինչ անեին ավելի ազատ լինելու համար»,-ասում է Հայաստան այցելած Լրագրողների եվրոպական ընկերակցության փոխնախագահ (նախկինում՝ պատվավոր նախագահ) Աթանաս Պապանդրոպուլոսը' ավելացնելով, որ դա ոչ թե իր սեփական դիտարկումն է, այլ «կարդացել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի հաշվետվությունում»: Նա կարծում է, որ լրագրողներն իրենք են պատասխանտու մամուլի ազատության եւ սեփական իրավունքների պաշտպանության համար:

Լրագրողների եվրոպական ընկերակցությունը ստեղծվել է 1961թ.-ին Սան Ռեմոյում' 70 լրագրողի նախաձեռնությամբ: Հիմնադիրները համոզված էին, որ լրագրությունը կարող է նպաստել Եվրոպայի միասնությանն ու ներդաշնակությանը: Ընկերակցությունը ներկայումս ունի 2000 անդամ՝ 22 ազգային բաժանմունքներով: Ի դեպ, Լրագրողների եվրոպական ընկերակցությանն անդամակցելիս պարտադիր չէ, որ երկիրը լինի ԵՄ անդամ, բայց պարտադիր է Եվրոպայի Խորհրդին անդամակցությունը:

«Եվրոպայում վտանգավոր միտում է նկատվում: Լրատվամիջոցները, հատկապես հեռուստաընկերությունները, հայտնվում են ֆինանսական ուժերի ձեռքում»,- նշում է Աթանաս Պապանդրոպուլոսը: Ըստ նրա՝ ինստիտուցիոնալ մակարդակում միջոցներ պետք է ձեռնարկվեն այդ երեւույթը կանխելու կամ նվազեցնելու համար: Հունաստանում վերջերս օրենք է ընդունվել, որով գործարարներին արգելվում է մեկ տոկոսից ավելի բաժնետոմսեր ունենալ մասնավոր հեռուստաընկերություններում: Այս օրենսդրական նախաձեռնության առիթը մամուլի ազատության հետ կապված խնդիրները չեն: «Հունաստանում մամուլը չափից ավելի ազատ է, անարխիայի աստիճան»,-հայտարարում է Աթանաս Պապանդրոպուլոսը:

Այդ ազատությունը նաեւ տնտեսական է, քանի որ ժուռնալիստիկան Հունաստանում եկամտաբեր է, եւ լրատվամիջոցները օգտվում են հարկային եւ սոցիալական տարբեր արտոնություններից: Հունաստանում հրատարակվում են 825 պարբերականներ: Հեռուստաընկերություններից 22-ը հեռարձակվում են երկրի ամբողջ տարածքով: «Օգտվելով բացարձակ ազատությունից' մեր մամուլը շատ սխալներ է անում»,-դժգոհում է Պապանդրոպուլոսը' շեշտելով, որ հատկապես էլեկտրոնային ԶԼՄ-ը հակված են պոպուլիզմի' անտեղի չափազանցնելով խնդիրները:

Հույն լրագրողներից շատերը, ըստ մեր զրուցակցի, ձգտում են պաշտոնների: «Լրագրող կա, որ ուզում է դատախազ դառնալ,-ասում է նա: «Ինձ համար ժուռնալիստիկան կիրք է, իսկ կրքից հրաժարվելը շատ դժվար է: Հունաստանում, նաեւ եվրոպական մակարդակով, քաղաքական կարերիա անելու շատ առաջարկեր եմ ստացել, բայց մերժել եմ, որովհետեւ ես ուզում եմ միշտ գետի մյուս ափին մնալ»,- ասում է փարձառու լրագրողը:

Եվրոպայի տնտեսական ժուռնալիստների միության կողմից Աթանաս Պապանդրոպուլոսը արժանացել է «2004թ.-ի եվրոպական տնտեսական ժուռնալիստ» կոչմանը' գլոբալիզացիայի վերաբերյալ կատարած վերլուծության համար: Առաջին անգամ այդ գնահատականին արժանանում է հույն լրագրողը: Աթանաս Պապանդրոպուլոսը խմբագրում է «Եվրոպական բիզնես» ամսագիրը եւ «Եվրոպական բիզնես» պորտալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter