HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը կանցկացվի գաղտնի ընթացակարգով

Վաղը խորհրդարանը կառավարության առաջարկությամբ հրավիրելու է արտահերթ նիստ, որի օրակարգում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով խուզարկություն էր կատարել Մանվել Գրիգորյանի առանձնատանն ու իրեն պատկանող այլ շինություններում, հայտնաբերվել են մեծ քանակությամբ նռնակներ, հակատանկային ականանետներ, տրոիլային պայթաղյուսներ, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ, 33 տրանսպորտային միջոց, ինչպես նաև տարբեր համայնքներից զինծառայողներին հասցեագրված սնունդ, հագուստ և այլ պարագաներ։ Գլխավոր դատախազն արդեն իսկ դիմել է խորհրդարանի նախագահին՝ համաձայնություն տալու ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին դատախազի միջնորդագրի մասին Ազգային ժողովի նախագահն անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ:

Միջնորդագիրը քննարկվելու է հետևյալ կարգով.

Մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և  միջնորդագրում նշված պատգամավորը՝ Մանվել Գրիգորյանը, որոնց կարող են հարցեր տրվել, ապա լինում է մտքերի փոխանակություն։ Եզրափակիչ ելույթների համար ևս հատկացվում է մինչև 20 րոպե ժամանակ։

Ըստ կանոնակարգ-օրենքի, եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

108-րդ հոդվածի 4-րդ մասին համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

 Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ի երեկոյան, ուստի կարող է ՁՊՎ-ում պահվել մինչ վաղը՝ 72 ժամը լրանալը, այնուհետև պետք է լինի կամ կալանավորելու կամ ազատ արձակելու որոշում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter