
Կուրսանտի գործով երրորդ ամբաստանյալը ևս հերքեց իր առնչությունը սպանությանը
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Վաչե Սահակյանը: Ըստ գործի նյութերի՝ սպանության մեջ մեղադրվող կուրսանտները դեպքի օրը՝ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը, Սահակյանի ծննդյան օրն են նշելիս եղել ու խմել:
Սահակյանը հերքեց իր առնչությունը դեպքին, նշեց, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին իմացել է հունվարի 29-ի առավոտյան: Ինչպես սպանության գործով ամբաստանյալ Գնել Թևոսյանը, նա ևս հայտարարեց, որ իր դեմ ցուցմունքներ տված անձինք դա արել են ֆիզիկական ու հոգեբանական ճնշման պայմաններում: Ըստ վկայի՝ ռազմական ոստիկանությունում, որտեղ իրենք դեպքից հետո տարվել են, ճնշումներ եղել են ոչ միայն իր դեմ ցուցմունք տված անձանց, այլ նաև իր ու մյուս ամբաստանյալների նկատմամբ:
Ամբստանյալների և վկաների նկատմամբ բռնություն գործադրելու հարցը մշտապես քննարկման առարկա է եղել այս գործով դատական նիստերի ընթացքում: Մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանը դատարանին առաջարկեց ամբաստանյալին ևս մեկ անգամ զգուշացնել սուտ մատնություն կատարելու դեպքում նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Դատավոր Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ իր կողմից գործով անցնող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարություններից հետո ինքը Գլխավոր դատախազությանն այդ առնչությամբ գրություն է ուղարկել, որն առ այսօր անպատասխան է մնացել: Դատախազ Կարեն Հարությունյանը նշեց, որ վերը նշված հանգամանքի առնչությամբ քննություն իրականացրել է, գործով անցնող որևէ անձի նկատմամբ բռնության փաստ չի հաստատվել:
Ամբաստանյալներ Վաչե Սահակյանի և Գնել Թևոսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանն էլ դատախազին հակադարձեց, թե գործը սահմանված կարգով չի քննել Հատուկ քննչական ծառայությունը, այլ նույն կառույցում գտնվող մի քննիչը ստուգել է մեկ այլ քննիչի կողմից ենթադրյալ խոշտանգման փաստը, ինչպիսի պայմաններում անիրատեսական է ակնկալել օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն:
Նշենք, որ Վաչե Սահակյանը դատարանում հրաժարվեց ենթադրյալ բռնության վերաբերյալ մանրամասներ հայտնել՝ թեև պնդում է, որ իրենց նկատմամբ բռնությունների մասին նախաքննության ընթացքում չի խոսել՝ նպատակահարմար գտնելով դրանք բարձրաձայնել դատարանում:
Դատարանը տևական ժամանակ փորձում էր պարզել Վաչե Սահակյանի և վերջինիս պաշտպան Արա Զաքարյանի դիրքորոշումը, թե արդյոք վերջիններս կողմ են, որ դատարանը ևս մեկ անգամ գրություն ուղարկի Դատախազություն՝ կապված դատարանում ամբաստանյալի կողմից արված հայտարարությունների հետ այն մասին, որ իրենց և գործով մի շարք այլ անձանց նկատմամբ բռնություն է եղել: Երկար ժամանակ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում չհայտնելուց հետո ի վերջո Արա Զաքարյանն ասաց, որ թեև ինքը չի առարկում, որ դատարանը գրություն ուղարկի Դատախազություն՝ ինքն անձամբ այս պահին դեռևս նպատակահարմար չի գտնում նման քայլի դիմել: Ըստ Արա Զաքարյանի՝ շուտով ինքը միջնորդություններ է ներկայացնելու, որոնք բավարարելու դեպքում բռնության հանգամանքը մերկացնող փատեր են ի հայտ գալու:
Այսօրվա դատական նիստին հրապարակվեցին ամբաստանյալ Վաչե Սահակյանի և Հայկազ Բարսեղյանի սենյակում քնող կուրսանտների միջև առերես հարցաքննության արձանագրություններ: Հատկանշական է, որ նրանցից մեկի՝ Սամվել Սերոբյանի հետ Սահակյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել, սակայն Սերոբյանը ևս նրա դեմ ցուցմունքներ է տվել, պնդել, որ Վաչե Սահակյանը մասնակցել է Հայկազ Բարսեղյանի սպանությանը, ապա հարց ուղղել Սահակյանին, թե ինչո՞ւ են նման բան արել: Ինչպես դատարանում, առերես հարցաքննության ժամանակ ևս Վաչե Սահակյանը չի ընդունել, որ առնչություն է ունեցել Հայկազ Բարսեղյանի սպանությանը
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել է ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակից:
Դատական նիստն այսօր ավարտվեց, և մյուսը նշանակվեց հունիսի25-ին:
Մեկնաբանել