Կես ճանապարհին
Կարինե Ասատրյան
Հայաստանում չկա մի լրագրող կամ խմբագրություն, որի աշխատասենյակում հնչած չլինի հեռախոսազանգ' տեղեկատվություն չհրապարակելու պահանջով: Պահանջողները կամ խնդրողները տարբեր դիրքերի մարդիկ են' մանր չինովնիկներից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ուրիշ հարց է' ինչպես են այդ զանգերին արձագանքում լրատվամիջոցները, բայց զանգահարողները շատ լավ գիտեն, որ Հայաստանում գրաքննությունն օրենքով արգելված է: Անկախության առաջին իսկ տարում՝ 1991թ.-ին, «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» օրենքով արգելվեց գրաքննությունը: Չկա «գլավլիտ», այսինքն' պետական մարմին, որը կարող է գրաքննել մամուլի որեւէ միջոց տպագրվելուց կամ եթեր հեռարձակվելուց առաջ: Դրա փոխարեն, ինչպես ցույց է տվել պրակտիկան, կան ինքնակոչ «գլավլիտներ», որոնք ամեն ինչ անում են, որպեսզի տեղեկատվությունը ընթերցողին չհասնի' տպարանից առգրավվում կամ կրպակներից հավաքում են թերթի ամբողջ տպաքանակը:
«Արդյունաբերությունը ամբողջ թափով չի աշխատում, գովազդային շուկան, համապատասխանաբար նաեւ մամուլի շուկան չի ձեւավորվել, ինչի հետեւանքով էլ ԶԼՄ-ը ֆինանսապես անկախ չեն: Նրանք զանազան ազդեցությունների ներքո են' պետական, քաղաքական ուժերի, զանազան օլիգարխների, անհատների: Այդ կախվածությունը մեծանում է հատկապես ընտրությունների ժամանակ: Իսկ ով ֆինանսավորում է, նա էլ թելադրում է խաղի կանոնները: Այս ամենի անունը, թերեւս, գրաքննություն դնել չի կարելի, բայց անկասկած խոսքի ազատության սահմանափակում է»,-ասում է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի գնահատմամբ' գրաքննությունն այսօր իրականացվում է տնտեսական եւ այլ լծակների միջոցով, օրինակ' կլանային, կուսակցական: Նա համամիտ չէ, որ անկախության առաջին տարիներին մամուլն ավելի անկախ էր, քան հիմա. «Չենք կարող ասել, որ 1990-ականներին մամուլն անկախ էր, իսկ հիմա' ոչ: Դեռեւս ամբողջական անկախություն չի եղել երբեք»:
Հայաստանի մամուլի դաշտում համեմատաբար անկախ համարվող թերթի խմբագիրը խոստովանում է, որ «Առավոտը» ամբողջովին անկախ չէ, քանի որ բյուջեի մի մասը առայժմ ձեւավորվում է հովանավորների կողմից: «Բայց եթե չլինի որեւէ հովանավոր, «Առավոտը» չի փակվի, պարզապես մենք սովորել ենք լավ կյանքին»,-անկեղծանում է Արամ Աբրահամյանը: Ըստ նրա' եթե թերթի տպաքանակը երեք անգամ ավելանա, հասնի 15.000-ի, այդ դեպքում որեւէ մեկից այլեւս տնտեսական կախվածություն չի լինի: Իսկ կվաճառվի՞ այդքանը. «Դժվարանում եմ ասել, քանի որ, հավանաբար, մեր ընթերցողների թիվը կախված է ոչ միայն նրանց գնողունակությունից, այլեւ նրանից, թե ինչպես ենք աշխատում: Երեւի մենք այսօր դեռ այնքան լավ չենք աշխատում, որ ունենանք 15.000 ընթերցող»:
«Գոլոս Արմենիի» հասարակական-քաղաքական թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը խոսքի ազատությունից ավելի կարեւոր է համարում լրատվամիջոցի ձայնը. «Պետք է ունենաս քո սեփական ձայնը, որ քեզ լսեն»: Նա ընդունում է պետության կողմից տեղեկատվության որոշակի սահմանափակումը. «Թող 10 տոկոսի դեպքում սահմանափակի, իսկ մնացած 90-ը լրագրողը կարողանա ստանալ անարգել»: «Բազմաթիվ են այն խնդիրներն ու թեմաները, որոնց մեր մամուլը չի անդրադառնում' տեղեկատվություն հայթայթել չկարողանալով: Հեռու գնալ պետք չէ' անցեք փողոցը, մտեք ինչ-որ նախարարություն եւ փորձեք տալ երեք հարց: Ես վստահ եմ' կամ չեն պատասխանի, կամ լիարժեք չեն պատասխանի, կամ էլ կասեն որեւէ հիմարություն»,-ասում է նա:
Եթե Հայաստանի տպագիր մամուլը գոնե «մասնակի անկախ » է, ապա էլեկտրոնային լրատվամիջոցների առումով վիճակն ավելի վատ է:
«Երկիր-մեդիա» հ/ը տնօրեն Գեղամ Մանուկյանը կարծում է, որ հեռուստատեսությունների մեծամասնությունը ֆինանսական, քաղաքական տարբեր շրջանակներից կախվածություն ունի. «Դրանք իրենք իրենց բիզնես չեն: Անազատության պատճառ է նաեւ կոռուպցիան: Դժբախտաբար, Հայաստանում կոռուպցիայի տարրերի կրողներ են նաեւ էլեկտրոնային լրատվական միջոցները: Նրանք միշտ վախենում են ազատորեն արտահայտվել, քանի որ հետագայում դա կարող է խնդիրներ առաջացնել իրենց ֆինանսական մուտքերում եղած կետերի պատճառով»:
«Երկիր-մեդիա»-ի տնօրենը դժգոհում է, որ հեռուստաընկերությունները Հայաստանում այսօր չեն կարող գոյատեւել գովազդից ստացված եկամտի հաշվին: «Հեռուստաընկերությունների այն ծավալը, որ կա, անհամապատասխան է երկրի բնակչության թվին, տարածքային եւ տնտեսական մակարդակին: Այդ պատճառով գովազդի շուկայի կապիտալի բաշխումը, որ կատարվում է հեռուստակայանների միջեւ, տնտեսական նախադրյալներ չի ստեղծում Հայաստանում հեռուստաընկերությունների զարգացման, հեռուստաշուկայի ձեւավորման եւ զարգացման համար»,-ասում է Գեղամ Մանուկյանը: Չնայած տնտեսական կախվածությանը' Մանուկյանը վստահեցնում է, որ «Չկա որեւէ տեղեկատվություն, որ մենք կաշկանդվենք տալ, պարզապես ցանկացած մամուլի ասուլիս մեզ համար իրադարձություն չէ' անկախ ով է ասուլիս տվողը. դա քաղաքական կողմնորոշման ելակետով չենք որոշում»:
ԱՄՆ պետդեպարտամենտի 2005թ. մարտի 1-ի զեկույցում նշվում է, որ 2004թ.-ին հայ լրագրողները «կառավարության հետ խնդիրներից խուսափելու ու պաշտոնական աղբյուրների ճնշման պատճառով շարունակել են զբաղվել ինքնագրաքննությամբ»: «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի կարծիքով' ինքնագրաքննությունը գործում է ինչպես խմբագրությունների, այնպես էլ լրագրողների մակարդակով. «Ես չեմ ուզում կոնկրետացնել, բայց այն կախված է մի քանի գործոններից, այդ թվում պետության' ԶԼՄ-ը վերահսկելու որոշակի ցանկությունից: Ըստ իս' ինքնագրաքննությունը երբեք ինքնաբուխ չի լինում»: Նունե Սարգսյանը կարծում է, որ հայկական մամուլն այսօր այնպիսի փուլում է, որ կարող է կամ կորցնել վերջին 15 տարվա ընթացքում նվաճած խոսքի ազատության արժեքները կամ ստանալ իսկական անկախություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել