HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյանը կոչ արեց հարկերը թաքցնողներին ինքնակամ ներկայանալ իրավապահ մարմիններին

«Չէի ցանկանա, որ տպավորություն ստեղծվի՝ ծառն ընկել է, կացնավորը շատացել, որովհետև մի ծառ է ընկել, բայց դեմներս անտառներ է՝ խիտ, բարձր ծառերով, հաստ բներով, մի ծառ ընկնելուց էդքան պետք չի ոգևորվել»։ Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազության միջնորդագրերին։

Հիշեցնենք, որ խորհրդարանի արտահերթ նիստում շարունակվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

«Մանվել Գրիգորյանից չեմ ուզում խոսել, որովհետև արդեն իսկ անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը սկսել է, իրավապահ մարմինները աշխատում են, կարծում եմ՝ արդարադատությունը խնդիրը կլուծի, մենք էլ որպես ակտիվ անդամներ կհետևենք»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ խորհրդարանի ամբիոնից խոսել է զենքի մասին՝ զարմանալով, թե ինչպես է, որ կան մարդիկ, որոնք ունեն զենք, իսկ մյուսները՝ ոչ։

«Էն մարդիկ, ովքեր զինված են, նրանցից կա բնական վախ, որովհետև եթե գիտես, որ դիմացինդ զինված է ու կարող է կրակել, իր նկատմամբ անհավասարության մեջ ես։ Ես ասում էի՝ ժողովուրդ, կամ եկեք օրենք ընդունենք ու լեգալացնենք զենքը, որ բոլորը զենք ունենան ու բոլորը լինեն հավասար, ոչ թե հասարակության կեսը գիտի, որ մյուս կեսը զենք ունի ու եթե խելոք չմնան, կկրակեն։ Էստեղ ասում էին՝ էդ ինչ եք ասում, բա դուք չե՞ք ամաչում, ուզո՞ւմ եք մարդիկ իրար սպանեն, ով ում ուզում, սպանում է էլի»,- ասաց Մարուքյանը։

Պատգմավորն ասաց, որ նման լայմամասշտաբ զենք-զինամթերքի հայտնաբերումից հետո պետք է խոսել այս հարցի մասին՝ պետք է որոշել` արդյոք բոլորն ունենում են զենք, թե որևէ մեկը չի ունենում զենք։

«Մենք չպետք է ունենանք պետության ներսում փոքր պետություններ, պետք է պրոցես սկսել երկրում, որ իրենց պետության տեղ դրած անձանց օրենքով սահմանված կարգով չեզոքացնենք, ուրիշ տարբերակ չունենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ պետք է վերջ տալ պետական միջոցների հաշվին «ախռանիկներով ման եկող մարդկանց վարք ու բարքին»։

«Դեռ նախորդ իշխանության ժամանակ այս հարցով դիմել եմ, որ հասկանամ ով ունի իրավունք անվտանգության մեքենայով ման գալու, ասել են՝ անվտանգության խորհրդի անդամները, նայում եմ՝ մարդիկ կան, որ այդ մեքենաներով շրջում են, բայց խորհրդի անդամ չեն, դիմում եմ պարոն վարչապետին, որ այս հարցը քննարկենք, նաև գրավոր կդիմեմ»,- ասաց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև պաշտոնյաների հայտարարագրերին։

«Պաշտոնները նայում եմ, ասենք 2001 թվականին ստացել է 200 հազար դրամ, 2013-ից՝ 400 հազար դրամ, հայտարարագրել է 7 միլիոն դոլար, ութ միլիոն եվրո, չգիտեմ քանի կառատանոց եսիմ ինչ, 60 հեկտար հող, 40 հեկտար շինություն․․․ մեկդ չե՞ք հարցնում՝ այ ախպեր ջան, որտեղի՞ց քեզ, էս ո՞նց ես հարստանում, էս ինչ պրոգրեսիա է քո մոտ, մեր պետության գործերը քո գործերի պես լավ լիներ, մեզ բռնվելիք չէր լինի, ինչ թուրքեր, ինչ բլոկադա․․․ Սենց խոսացել ենք, անցել, գնացել է, հիմա ասում են՝ բա էդ դաստով վկայականները որտեղի՞ց ա։ Ես կողմ եմ հարստության, հարգում եմ բոլոր հարուստներին, գործարարները տնտեսության շարժիչ ուժն են, նրանց պետք է պաշտպանենք, սիրենք, փայփայենք, բայց չեմ հասկացել դոլարով միլիոնատեր նախարարներին»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանն ասաց՝ նման դեպքի բացահայտմամբ խայտառակվել է ամբողջ հասարակությունը, դա հասարակական խնդիր է, ուստի պետք է համախմված զբաղվել։

«Անգամ կոչ եմ անում նրանց, ովքեր չեն հայտնվել այս իրավիճակում, ում հետևից չի եկել գլխավոր դատախազությունը, կամավոր տանեն իրենց զենքը հանձնեն ոստիկանություն, կամավոր ասեն՝ էսքան հարկ եմ թաքցրել, եկել եմ վճարելու։ Ես դեմ եմ ցանկացած թշնամության, մենք ուզում ենք իրավական երկիր կառուցել»,- եզրափակեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter