
Էջմիածնի ավագանին ընդունեց Կարեն Գրիգորյանի հրաժարականը
Այսօր Էջմիածնի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու համայնքապետ Կարեն Գրիգորյանի դիմումը՝ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Ավագանին որոշեց միաձայն կողմ քվեարկել և հավանության արժանացնել Կ. Գրիգորյանի դիմումը:
Փոխքաղաքապետ Նորայր Մուրադյանը հայտարարեց, որ փոխքաղաքապետերից ավագն ինքն է, այդ իսկ պատճառով է նիստը վարում: Մուրադյանն ասաց, որ հաճելի հարցի քննարկում չէ, սակայն քաղաքապետարանը պետք է բնականոն գործի:
Նշենք, որ հարցեր, կարծիքներ չհնչեցին՝ պատճառաբանելով, որ առկա է քաղաքապետի գրավոր դիմումը: Կարեն Գրիգորյանը ներկա չէր ավագանու նիստին, և որոշումը կայացվեց նրա բացակայությամբ:
Նորայր Մուրադյանը տեղեկացրեց, որ եռօրյա ժամկետում կնշանակվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո կնշանակվեն արտահերթ ընտրություններ:
Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 18-ին: «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Կ. Գրիգորյանը: Հրաժարականից առաջ ԱԱԾ-ն նրա հոր՝ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում խուզարկություն էր կատարել եւ հրապարակել տեսանյութ։ Իսկ դրանից առաջ մի քանի օր շարունակ էջմիածնեցիները պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։
Մեկնաբանել