Արմավիրի մարզպետարանում կադրային փոփոխություններ են սպասվում
Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2012թ. օգոստոսին: Մինչ այդ 6 տարի եղել է մարզպետի խորհրդականը:
Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր արդեն 14 տարի՝ 2004 թվականից: Առաջիկայում աշխատանքից ազատվելու դիմումներ կներկայացնեն նաև մի շարք վարչությունների պետեր ևս:
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կադրային ջարդ չի իրականացնելու, սակայն աշխատանքից ազատվողներ կլինեն, և այդ ամենը սկսվելու է վարչության պետերից:
«Աշխատանքից կազատվեն այն մարդիկ, ովքեր, զգում եմ, իմ հետ չեն կարողանա աշխատել և նրանց աշխատանքի ոճն իմ դուրը չի գալիս», - ասում է մարզպետը:
Գագիկ Միրիջանյանն ասում է, որ 2-3 թիմակից, որոնց հետ նախկինում աշխատել է, ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով առաջիկայում կգան մարզպետարան: Վերջիններս կաշխատեն մինչև օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնների համար մրցույթների հայտարարվելն ու հաղթողների նշանակումը: Գ. Միրիջանյանն ասում է՝ կաշխատի բոլոր այն մարդկանց հետ, ովքեր կհաղթեն մրցույթում:
Ամենայն հավանականությամբ աշխատանքից ազատվելու դիմումներ կգրեն նաև Արմավիրի մյուս տեղակալները նույնպես: Գագիկ Միրիջանյանն ասում է, որ փոխմարզպետներին աշխատանքից ազատելն ու նշանակումը իր լիազորությունների շրջանակում չէ, սակայն հակված չէ աշխատել գործող փոխմարզպետների հետ:
լուսանկարում՝ Գայանե Սայադյանը
Մեկնաբանել