HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սոլակի համայնքապետը հրաժարական է տվել՝ որոշելով տեղը «զիջել երիտասարդներին»

Կոտայքի մարզի Սոլակ համայնքը 2005 թվականից ղեկավարող Բադալ Սարգսյանը երեկ առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել՝ որոշելով իր տեղը զիջել երիտասարդներին:

«Հաշվի առնելով իմ երկար աշխատանքային տարիները, իմ տարիքը. արդեն 55-ն անց եմ, նկատի ունենալով այսօրվա մեր երիտասարդության այս ավյունը, ճարպիկությունը, ժամանակի հետ ընթաց քայլելը, էս ոգևորեցնող է նաև ինձ համար: Ճիշտն ասած` չէի սպասում, որ այս տեսակի հզոր տղաներ ունենք, բանիմաց, խելացի: Ինչու՞ ինքնակամ չզիջեմ մեր երիտասարդներին ավելի խելացի ծրագրերով, ավելի խելացի քայլերով գյուղի խնդիրները տանեն առաջ, մենք էլ՝ մեծերս, ինչքան հնարավորություն կունենանք, մեր երեխեքի, ջահելների կողքին լինենք՝ խորհուրդներով, խրատներով: Ինչի՞ պարտադիր մենք պետք է շարունակենք աշխատել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բադալ Սարգսյանը:

Սարգսյանը Սոլակի գյուղապետ է 2005 թվականից: Այս պաշտոնին վերընտրվել է նաև 2008, 2012, 2016 թվականների ընտրություններին: Համայնքապետը հրաժարական ներկայացնելու որոշումը քննարկել է ընտանիքի անդամների հետ, ովքեր ևս համաձայնել են, որ արդեն ժամանակն է` ընտանիքի հայրը տեղը զիջի երիտասարդ կադրերին և գյուղի ղեկավարումը անցնի նրանց:

Նախկին համայնքապետն ասում է՝ համայնքի ղեկավարի վերջին ընտրության ժամանակ՝ 2016 թվականին, ինքը միակ թեկնածուն է եղել և դեռևս այն ժամանակ հայտարարել է, որ այդ ընտրությունից հետո ինքնակամ իր տեղը զիջելու է երիտասարդ կադրերին: Սակայն գյուղապետը որոշեց չսպասել մինչ 2020 թվականը և ոգևորվելով «Իմ քայլը» շարժումից` «երիտասարդության՝ դեպի նոր ապագա, նոր կյանք, նոր իրավիճակներ կատարած քայլից», ողջունելով նրանց այդ որոշումը և հրաժարականի դիմում ներկայացնելով՝ իր տեղը զիջում է այդ երիտասարդներին:

Բադալ Սարգսյանն ասում է՝ ներկայիս երիտասարդները առավել բանիմաց են, ծրագրավորմանը առավել լավ են տիրապետում և նոր մեթոդներով կարող են կառավարել համայնքները. «Դե մենք արդեն Սովետի համակարգից եկած աշխատող մարդիկ ենք, ոնց լինի՝ հնով կաշխատենք, բայց հնովի ժամանակն անցել է»,- ասում է հրաժարական տված համայնքապետը:

Սարգսյանը համայնքները երկար տարիներ ղեկավարող գյուղապետերին ևս խորհուրդ է տալիս հրաժարականի դիմումներ ներկայացնել և երիտասարդներին հնարավորություն տալ գյուղերը զարգացնել նոր ծրագրերով և մոտեցումներով. «Ես կառաջարկեի ինձ նման համայնքի ղեկավարներ, եթե կան տարիքով՝ 55-ն անց, ովքեր որ երկար տարվա հին աշխատողներ են, անպայման իրենց տեղը զիջեն երիտասարդներին և հնարավորություն տան: Ինչքան շուտ զիջեն, ինչքան շուտ հնարավորություն տան երիտասարդներին, էնքան քայլ առաջ է գնալու համայնքը»,- խորհուրդ տվեց նախկին գյուղապետը:

Բադալ Սարգսյանին այս պահին փոխարինում է համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Քնարիկ Սուքիասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter