
Էկոլոգիական փոփոխությունները` հիվանդությունների պատճառ
Բժշկական գործունեության առաջին տարիներին' 1987-ին կատարած հետազոտությունների արդյունքում բժիշկ Կարեն Ադամյանը հայտնաբերեց, որ Վանաձորում ֆարինգիտի առկայությունը պայմանավորված է քիմիական գործարանի գործունեությամբ: Նա գտնում է, որ մարդու ըմպանի լորձաթաղանթի բորբոքումների պատճառը գործարանի արտանետած ամոնիակն էր:
«Բայց այն ժամանակ մենք անտառ ունեինք: Էկոլոգիական փոփոխութունների արդյունքում փոխվել է նաեւ հիվանդությունների վիճակագրությունը»,- ասում է Կարեն Ադամյանը' Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի տնօրենը:
1992-98թթ. Վանաձորում եւ նրա շրջակայքում ոչնչացվեցին անտառային տարածքները: Օդի աղտոտում, փոշոտում, աղմուկի առկայություն. այս ամենը պետք է բերեին մարդու այս կամ այն ֆունկցիոնալ վիճակի խաթարման:
Եթե 2003-ին հիվանդանոցում ուղեղի անոթային հիվանդությունների 264 դեպք է արձանագրվել, ապա հաջորդ տարի այդ ցուցանիշն աճել է 14-ով: 36 դեպքով ավելացել է նաեւ ինֆարկտների թիվը՝ 2004-ին հասնելով 192-ի:
Բժիշկները վկայում են, որ վերջին տարիներին հիվանդությունների աճին զուգընթաց տեղի է ունեցել դրանց երիտասարդացում:
«Նախկինում ինսուլտով հիվանդների թիվն ավելանում էր գարնան ու աշնան ամիսներին: Հիմա դա նշանակություն չունի: Հիվանդներ մենք ընդունում ենք բոլոր ամիսներին»,-նշում է Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի գլխավոր նյարդաբան Գայանե Գասպարյանը: Նյարդաբանը հավաստում է, որ վերջին ինը տարիներին ավելացել են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները՝ ինսուլտ, էպիլեպսիա, ավելացել է նաեւ գլխուղեղի քաղցկեղով հիվանդների թիվը: Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսերի տվյալների համաձայն' քաղցկեղով հիվանդների թիվը 2000-ին եղել է 300, 2003-ին՝ 298, 2004-ին՝ 252:
«Շրջակա միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները դեր ունեն քաղցկեղի առաջացման մեջ: Օրինակ՝ թոքերի, շնչառական ուղիների վրա ազդում է օդի աղտոտվածությունը»,-ասում է Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Սվետլանա Զարգարյանը: Քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի է մեծանում, երբ մարդու դիմադրողականությունն ընկնում է: Ուռուցքաբանն ասում է, որ դիմադրողականությունը պայմանավորված է նաեւ միջավայրի փոփոխություններով, այդ թվում՝ մթնոլորտի գազերի, խոնավության քանակի փոփոխությամբ:
Այսպիսին է վերջին տարիներին Վանաձորի թիվ 2 հիվանդանոցում արձանագրված մի քանի հիանդութունների վիճակագրությունը.
Հիվանդության անվանումը | 2000թ | 2001թ | 2002թ. | 2003թ. | 2004թ. |
Ռեւմատիզմ ակտիվ փուլում | 12 | 15 | 16 | 17 |
22 |
Ուղեղի անոթային հիվանդություններ | 180 | 183 | 202 | 264 | 278 |
Ինֆարկտ | 127 | 156 | 149 | 156 | 192 |
Էկոլոգիական գործոնների ազդեցությամբ պայմանավորված հիվանդություններից մասնագետներն առանձնացնում են սրտանոթային, շնչառական, արյան շրջանառության համակարգերի, ինչպես նաեւ քաղցկեղ, ալերգիկ բնույթ ունեցող հիվանդությունները: Միանշանակ ասել, թե որ գործոնն ինչպես է ազդում այս կամ այն հիվանդության տարածման վրա, բժիշկներն իրենց խնդիրը չեն համարում: Նրանք զբաղվում են կոնկրետ հիվանդության կոնկրետ բուժմամբ: Սակայն չեն ժխտում շրջակա միջավայրում տեղի ունեցող ցանկացած փոփոխության՝ անտառահատում կամ արդյունաբերական աղտոտում, ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Անտառագետ, Գուգարքի պետական անտառային տնտեսության գլխավոր մասնագետ Գագիկ Ամիրյանը հաստատում է, որ մեկ տարվա ընթացքում 1 հա անտառը մթնոլորտը հարստացնում է 15 տոննա թթվածնով: Դրան զուգահեռ' մթնոլորտից կլանվում է 20-25 տոննա ածխաթթու գազ: Վանաձորը շրջապատող 5.000 հա անտառից, ըստ Գագիկ Ամիրյանի, պահպանվել է շուրջ 2.000 հա-ն: Պարզագույն թվաբանական հաշվարկով ստացվում է, որ ներկայումս տարեկան միջինը 66.000 տոննա ածխաթթու գազ չի կլանվում՝ մնում է Վանաձորը շրջապատող մթնոլորտում: Փաստորեն մթնոլորտում թթվածնի քանակը պակասել է տարեկան 45.000 տոննայով:
«Ընդհանրապես, ցանկացած օրգան կբողոքի թթվածնի բացակայությունից: Օրինակ' սրտային, թոքային բոլոր' հատկապես բրոնխային եւ ուղեղի պաթոլոգիաների դեպքում»,-ասում է Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի տնօրեն Կարեն Ադամյանը: Նա ինֆարկտի առաջացման կարեւոր պատճառներից է համարում նյարդային սթրեսները, հիպոդինամիան, վատ սովորույթները, ռիսկի գործոնը: Ինֆարկտի առաջացման մեջ անուղղակի կապ ունի նաեւ էկոլոգիան: Սրտի անոթների միջոցով արյուն չմղելու կամ արյան մեջ թթվածնի քիչ քանակի պատճառով թթվածնային քաղցը առաջացնում է սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ: Մյուս կողմից, ածխաթթու գազի ավելացումը մթնոլորտում ստիպում է ավելացնել րոպեում նախատեսվող 18 շնչառական շարժումները, որի արդյունքում հյուսվածքներում առաջացած նյութերը հանգեցնում են ֆունկցիոնալ խանգարումների:
«Եթե այսպես շարունակվի, հիվանդություններն ավելի կշատանան»,-պնդում է թերապեւտ-էնդոկրինոլոգ Ֆլորիզա Էլիզբարյանը: Սրտային, թերապեւտիկ, թոքային հիվանդությունների դրսեւորման վրա անտառահատումների ազդեցությունը բժշկուհին համարում է իր ենթադրությունը, միեւնույն ժամանակ չի բացառում անտառների ոչնչացումից հետո մթնոլորտում ավելացած փոշու, գազերի, հաճախակիացած քամու եւ անտառի բացակայությամբ պայմանավորված աղմուկի ազդեցությունը օրգանիզմի վրա:
ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տվյալները վկայում են, որ Վանաձորում 1996թ.-ից հետո մթնոլորտում ավելացել է փոշու մասնիկների սահմանային թույլատրելի խտությունը:
Թույլատրելի քանակից փոշու միջին տարեկան խտության գերազանցումները Վանաձորում
1996 2000 2001 2002 2003 2004
1.3 1.4 1.5 1 1.1 2.2
Եթե անցած տարիներին փոշու խտությունը գերազանցել էր նորման առավելագույնը 2 անգամ, ապա 2004-ին այս ցուցանիշը դարձել է 2.7:
Փոշին ազդում է շնչուղիների, շնչառական համակարգի, սրտանոթային հիվանդությունների ավելացման վրա:
Կենսաբան, դոցենտ Զարուհի Վարդանյանը անտառի նշանակությունը վարակներից պաշտպանվելու տեսակետից բացատրում է նաեւ ֆիտոնցիտների առկայությամբ: Օրգանական այս մասնիկներն արտադրվում են բույսերի կողմից եւ ունեն բակտերիոսպան նշանակություն: Ըստ Զարուհի Վարդանյանի՝ ֆիտոնցիտների պակասն է նաեւ նպաստել գրիպի տարբեր տեսակների առաջացմանն ու տարածմանը:
Մոնիտորինգի կենտրոնի ուսումնասիրությունները միայն փոշու ծավալների մեծացում չեն արձանագրել: Վանաձորի մթնոլորտում առկա են շմոլ եւ ծծմբային գազեր, որոնք մարդկային օրգանիզմի համար վնասակար նյութեր են համարվում: Վանաձորում շմոլ եւ ծծմբային գազերի ծավալները սահմանային թույլատրելի խտությունը 1996-2004-ին գերազանցել են առավելագույնը 1.3—2.4 անգամ, իսկ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ծծմբային գազի կուտակումները մթնոլորտում կարելի է դիտել անգամ անզեն աչքով:
Ալավերդիում էկոլոգիական լուրջ խնդիրների պատճառը «ACP» ՓԲԸ պղնձաձուլական գործարանն է, որը պղինձ է արտադրում առանց ծծմբական թթվի արտադրության: Ամսական 1000-2000 տոննա ծծմբային գազն ուղղակիորեն արտանետվում է մթնոլորտ: Ալավերդցիները շնչում են օդում կուտակված գազը, որը քաղցկեղածին ազդեցություն ունի, կարող է առաջացնել բրոնխիալ ասթմա, խրոնիկ բրոնխիտ, շնչառական, սրտանոթային հիվանդություններ: Ալավերդու պոլիկլինիկայի հաշվետության տվյալները ցույց են տալիս, որ 2000թ.-ից մինչեւ 2003թ. ավելացել են շնչառական օրգանների հիվանդությունները՝ 1447-ից հասնելով 1611-ի: Նորագոյացությունների շրջանում գերիշխում են շնչափողի, բրոնխների եւ թոքերի ուռուցքները: Եթե 2000-ին Ալավերդիում արձանագրվել է արյան շրջանառության համակարգի հետ կապված 1063 հիվանդություն, ապա 2003-ին այս ցուցանիշն ավելացել է 164-ով:
Ալավերդիում «ACP» ՓԲԸ-ն գործարկվել է 1997-ից: Դրանից մեկ տարի առաջ Ալավերդու մթնոլորտում ծծմբային գազի պարունակությունը եղել է թույլատրելի նորմերի սահմաններում: Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ ծծմբային գազի արտանետումները սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել են սկսած 1998-ից: Նվազագույն ցուցանիշներն արձանագրվել են 1999-ին, երբ ծծմբային գազի խտությունը թույլատրելի նորմայից բարձր է եղել 3.4 անգամ: 2004-ի հուլիս եւ դեկտեմբեր ամսին դիտարկվել է սահմանային թույլատրելի խտության առավելագույն գերազանցում՝ 12.2 անգամ:
Բժիշկները ճիշտ չեն համարում էկոլոգիական համակարգն ընդհանուր բնական կեցությունից առանձնացնելը: Հիվանդությունը չի առաջանում միայն մեկ գործոնի ազդեցության պատճառով: Գործոնները շատ են' սկսած նյարդային սթրեսից, սոցիալական խաթարված վիճակից, սննդից, դրա ոչ գրագետ օգտագործումից մինչեւ բժշկի չդիմելը: «Բավական է էկոլոգիական մի փոփոխություն, ընդ որում' այնքան արագ, որ տարիների ընթացքում մարդը չկարողանա հարմարվել այդ արագությանը, եւ մարդու մոտ կառաջանա նոր դրսեւորում»,-շրջակա միջավայրի փոփոխությունների մասին իր դիտարկումն է անում Կարեն Ադամյանը:
Հիվանդությունների առաջացման գործոնների ուսումասիրության համար պետբյուջեով գումար չի նախատեսված: Կառավարությունը չի փորձում պարզել մարդու առողջության վրա բնապահպանական գործոնների ազդեցությունը: Որեւէ ուսումնասիրություն առայսօր Հայաստանում չի կատարվել:
Մեկնաբանել