
Ո՞ւմ արտադրած զինվորի բաժին պահածոն էր հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. ՊՆ-ի խոշոր մատակարարը
Պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի կատարած խուզարկության տեսանյութում առկա մսի պահածոները, որոնց վրա գրված է «Զինվորի բաժին: Վաճառքի ենթակա չէ», արտադրված են Հովսեփյանների պահածոների գործարանում:
2006-ին հիմնադրված գործարանը (Овсепянский мясоконсервный комбинат, ОМК) պատկանում է Համլետ Հրաչիկի Հովսեփյանի ընտանիքին: Հենց նրա անունով էլ գրանցված է գործունեություն ծավալողը՝ «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն: Գործարանը ղեկավարում է Հովսեփյանի որդին՝ Հայկ Հովսեփյանը: Չնայած ՊԵԿ-ի հարկ վճարողների համակարգում ԱՁ-ի հասցե է նշված Ապարանի Բաղրամյան փողոցի տներից մեկը, թե՛ գործարանի կայքում, թե՛ տեղեկատուներում, թե՛ ԱՁ-ի կնքած վերջին պայմանագրերում որպես այդպիսին նշվում է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղը:
Հովսեփյաններն, ըստ գործարանի կայքի, արտադրում են տարբեր տեսակի պահածոներ՝ թառափի, իշխանի, տավարի, խոզի, հնդկահավի մսով, նաեւ մսաբուսական պահածոներ: Արտադրանքն իրացվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտահանվում է Ռուսաստան, որտեղ գործարանը ներկայացուցչություններ ունի:
Ֆիննախի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի armeps.am կայքի տվյալներով՝ «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն վերջին տարիներին համագործակցում է, մասնավորապես, ՊՆ-ի ու ԱԱԾ-ի հետ:
ՊՆ-ն 735 մլն դրամի գոմեշի մսի պահածո է գնել
Այսպես՝ 2015 թ. փետրվարին ԱՁ-ն եւ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը պայմանագիր են կնքել մսի պահածո գնելու մասին: Առաջ անցնելով՝ նշենք, որ 2007-2016 թթ. ՊՆ տեղակալ-ՆՏԱԴ պետ, գեներալ-լեյնտենանտ Ա. Միրզաբեկյանը պաշտոնանկ արվեց ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի ապրիլի 26-ին:
Վերը նշված պայմանագրի առարկան եղել է 1-ին տեսակի մսի պահածոն (525 գ, մետաղական տուփով)՝ պատրաստված գոմեշի մսով եւ կենդանական ճարպով: Տուփերի վրա պիտի գրված լիներ «Զինվորի բաժին: Վաճառքի ենթակա չէ»: Պայմանագրով նախատեսվել է 2015-ին գնել 72.900 կգ պահածո, կգ-ի գինը՝ 2350 դրամ, ընդհանուր՝ 171.315.000 դրամ:
Պայմանագրով կողմերը պայմանավորվել են, որ ՊՆ-ն «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից գնելու է ընդհանուր 324.000 կգ պահածո, այսինքն՝ մնացած 251.000 կիլոգրամը (արժեքը՝ 590.085.000 դրամ) մատակարարվելու էր հետագայում՝ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում: Հետագա մատակարարումների վերաբերյալ կողմերը պիտի համապատասխան համաձայնագրեր կնքեին:
Եվ ահա արդեն 2015-ի հոկտեմբերին կողմերը 22.276 կգ նմանատիպ պահածոյի (ընդհանուր արժեքը՝ 52,3 մլն դրամ) մատակարարման համաձայնագիր են ստորագրել: 2016-ի մարտին երկրորդ համաձայնագիրն է կնքվել, բայց այս անգամ ԱՁ-ն համաձայնել է պահածոյի կիլոգրամը 2350-ի փոխարեն վաճառել 2235 դրամով (այս գինը գործել է նաեւ հետագայում): Արդյունքում ՊՆ-ն 207,6 մլն դրամով գնել է 92.880 կգ պահածո: Ապրիլյան պատերազմից հետո՝ հուլիսին, երբ Ա. Միրզաբեկյանին փոխարինել էր Մովսես Հակոբյանը, ՊՆ-ն ու ԱՁ-ն գոմեշի մսով պահածոյի հերթական խմբաքանակի մատակարարման նոր համաձայնագիր են ստորագրել: 74,4 մլն դրամով գնվել է 33.300 կգ պահածո: 2016-ի հոկտեմբերին կնքվել է նոր համաձայնագիր, որով ԱՁ-ն պարտավորվել է առաքել 11,6 մլն դրամի 5177 կգ պահածո: Այդ ժամանակ Մովսես Հակոբյանն արդեն նշանակվել էր ԶՈւ գլխավոր շտաբ պետ եւ ՆՏԱԴ պետի պաշտոնակատարը Վ. Հովհաննիսյանն էր: 2017-ի հունվարին «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն հերթական համաձայնագիրն է ստորագրել ՆՏԱԴ պետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: ՊՆ-ն այս անգամ 206,5 մլն դրամով ձեռք է բերել շուրջ 92 հազար կգ պահածո: Նույն տարվա հոկտեմբերին Կարապետյանն ու ԱՁ-ն ստորագրել են վերջին համաձայնագիրը, որով Հովսեփյանները պարտավորվել են մատակարարել 5000 կգ պահածո 11.175.000 դրամով:
Այսպիսով՝ 2015-2017 թթ. ընթացքում նշված պայմանագրի շրջանակներում «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն ՊՆ-ին վաճառել է շուրջ 324.000 կգ գոմեշի մսի պահածո, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 735 մլն դրամ:
Հովսեփյանները ՊՆ-ին նաեւ ջեմ ու մուրաբա են վաճառում
«Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն արտադրում է նաեւ տարբեր տեսակի ջեմեր ու մուրաբաներ: ԱՁ-ն ՊՆ տեղակալ-ՆՏԱԴ պետ Ալիկ Միրզաբեկյանի հետ պայմանագիր է կնքել նաեւ 2016-ի փետրվարին, որով պարտավորվել է առաքել մրգային ջեմեր (մինչեւ 1 կգ-ոց թիթեղյա տուփերով կամ ապակյա բանկաներով) եւ մորու մուրաբաներ (մինչեւ 1 կգ-ոց ապակյա բանկաներով)՝ «Զինվորի բաժին: Վաճառքի ենթակա չէ» գրառումներով: Ջեմի կիլոգրամը գնահատվել է 475 դրամ, մուրաբայինը՝ 1050:
Կողմերը պայմանավորվել են, որ շուրջ 130 մլն դրամ արժեքով 273.555 կգ ջեմերն ու 164 մլն դրամ արժեքով 156.390 կգ մուրաբաները կառաքվեն ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:
Շուտով՝ 2016-ի ապրիլին, կողմերը 98 մլն դրամի ջեմ ու մուրաբա գնելու համաձայնագիր են ստորագրել: ԱՁ-ն պարտավորվել է մատակարարել մոտ 91 հազար կգ ջեմ ու 52 հազար կգ մուրաբա: 2017-ի հունվարին էլ կնքվել է նոր համաձայնագիր, որով ՊՆ-ն 41 մլն դրամի ապրանք է ձեռք բերել՝ մոտ 44 հազար կգ ջեմ եւ 19 հազար կգ մուրաբա:
Մսաբուսական պահածոներ՝ նույն մատակարարից
Այս տարվա ապրիլին ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնակատար Կ. Կարապետյանն ու «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն կնքել են նոր պայմանագիր մսաբուսական պահածոների առքուվաճառքի վերաբերյալ: Նախատեսվել է 2 տեսակի պահածո. առաջինը ցորենաձավարով հատիկավոր շիլա է՝ բարձր կամ 1-ին տեսակի հավի մսով, սոխով, գազարով: Երկրորդը հատիկավոր կանաչ ոլոռ է՝ մսով, սոխով, գազարով, տոմատի սոուսով: Երկուսի վրա էլ պիտի առկա լինի «Զինվորի բաժին: Վաճառքի ենթակա չէ» գրառումը:
Պայմանագրի ընդհանուր գինը մոտ 669 մլն դրամ է: Նախատեսված է յուրաքանչյուր պահածոյից ձեռք բերել 286.470 կգ: Շիլայով պահածոյի կիլոգրամը 1136 դրամ է, ոլոռովը՝ 1198:
Մայիսին կնքվել է պայմանագրից բխող առաջին համաձայնագիրը, որով ՊՆ-ն ձեռք է բերել 82.634 կգ պահածո ամեն տեսակից: Համաձայնագրի արժեքը մոտ 193 մլն դրամ է: Մատակարարման ժամկետը մինչեւ նոյեմբերն է:
ԱԱԾ-ն տավարի մսի պահածո կգնի
Ինչպես վերը նշեցինք, «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն համագործակցում է նաեւ ԱԱԾ-ի հետ: Այս տարվա փետրվարին Հովսեփյանները շուրջ 48 մլն դրամի պայմանագիր են կնքել ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանի հետ:
ԱԱԾ-ն մինչեւ այս տարեվերջ պետք է գնի 35.900 կգ տավարի մսի պահածո (բարձր տեսակի, մետաղական տուփով, 525-550 գ տարողությամբ), որոնցից 1 կգ-ի արժեքը 1343 դրամ է:
Ճշտում - Նյութի սկզբնական տարբերակում իբրեւ գնման միավոր ներկայացրել էինք պահածոյի տուփը, սակայն իրականում խոսքը 1 կգ-ի մասին է: Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:
Առաջին լուսանկարում՝ Հայկ Հովսեփյանը (omk.am)
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել