Ծերանոցի իմ կյանքը
Լուսինե Բալյան
«Ձեր հարցազրույցները, նկարահանումները զայրացնում են զավակներիս: Նրանք բողոքում են, որ ինձ հաճախակի են տեսնում էկրանին: Վերջին անգամ, երբ մեզ տեսել էին հեռուստացույցով, տղաս եկավ, զգուշացրեց, որ եթե մեկ անգամ էլ նմամ բան կրկնվի, այլեւս չեն գա ինձ այցի: Իսկ ես դրան չեմ դիմանա: Հասկացեք՝ մենք կարոտի մարդիկ ենք»:
Հովհաննես պապն այդպես էլ չասաց ազգանունը: Մեզ հետ համաձայնեց խոսել միայն այն պատճառով, որ թերթի համար էր հարցազրույցը: Արդեն չորս տարի նա 4-րդ գյուղի տուն-ինտերնատի բնակիչ է:
«Ամբողջ կյանքս աշխատել եմ: Ոչ մի տեսակ աշխատանքից չեմ խորշել, որովհետեւ մտածում եմ, որ անպատվաբեր աշխատանք չկա: Չեմ նայել ինձ ինչքան է հանձնարարված, միշտ արել եմ ավելին: Հիմա էլ պատրաստ եմ աշխատել, բայց տարիքս, այսինքն՝ ֆիզիկական վիճակս թույլ չի տալիս: Դրա պատճառով է, որ երբ կենսաթոշակի անցա, չկարողցա իմ եւ ընտանիքիս ապրուստը հոգալ: Ինձ հասանելի գումարով ընտանիքս մեկ օր կարող էի պահել»:
Հովհաննես պապի ընտանիքում գժտությունները սկսվեցին, որովհետեւ նա կենսաթոշակից բացի այլ գումար չէր վաստակում: Ընտանիքի անդամները չհանդուրժեցին նրա անաշխատունակ լինելը: Իհարկե, ծերունին այս մասին չի խոսում եւ ոչ ոքի չի մեղադրում իր այսօրվա վիճակի համար: Ընդհակառակը ինքն իրենց է նեղացած: Ինտերնատի տանտիրուհին բոլոր բնակիչների կենսագրությունը լավ գիտի: Նա ասում է, թե Հովհաննես պապը եւ կին ունի, եւ երեխաներ: Ուղղակի ընտանեկան խռովություններն այնտեղ են հասել, որ Հովհաննես պապը ստիպված ինքնակամ եկել է ծերանոց: Նա չի դժգոհում, բայց ասում է, որ ծերանոցն ու կյանքը բաժանվել են իրարից: Կյանքը նրա համար դարձել է «այնտեղ»:
«Մարդը նման է ծաղկի, սիրում է փայփայանք, խնամք: Եթե պայմաններ չկան, արեւ չկա, լույս, ջուր չկա, այսինքն՝ վերաբերմունք չկա, նա կկորչի: Ներաշնակությունը անհրաժեշտ է մարդուն: Եթե վարպետի համար գործիքը գործը կատարելու միջոցն է, ապա կյանքի համար այդ միջոցը դառնում են պայմանները»:
Հովհաննես պապը մասնագիտությամբ շինարար է: Նրա հետ երկու բառ փոխանակելիս պարզ է դառնում, թե ինչքան կարդացած, բազմակողմանի զարգացած, նրբանկատ անձնավորություն է, սակայն գիտելիքներն ու իմաստությունը ինտերնատում պետք չեն գալիս:
«Փորձել եմ կյանքից պոկել ու իմը դարձնել շատ բաներ, բախվել եմ ամեն ինչի, չեմ վախեցել ոչնչից: Հետաքրքրվել եմ գիտությամբ եւ արվեստով: Դրանցով ապրել եմ: Ուրիշները ազատ ժամանակ կարող էին կարտ ու նարդի խաղալ: Ես կարդում էի ու հետաքրքրվում: Միշտ իմ իմացածը քիչ էր թվում ինձ: Շինարարական աշխատանքս թեեւ եղել է ինձ համար փող վաստակելու միջոց, բայց այնտեղ էլ փորձում էի նորանոր բաներ սովորել»:
Հովհաննես պապը հիմա էլ տեղեկացված է երկրի անցուդարձին, խորհրդարանի որոծումներին, աշխարհում կատարվող վայրիվերումներին: Ձանձրույթը խեղդում է ընթերցանությամբ, բայց տեսողության պատճառով երկար չի կարողանում կարդալ: Հետո էլ գրադարանում նոր գիրք չկա: Այդ պատճառով ստիպված իր կարդացած գրքերը նորից է կարդում, երբեմն էլ ճարահատյալ դասագրքեր է կարդում: Այդուհանդերձ, Հովհաննես պապը շատ գոհ է ծերանոցի պայմաններից, թեեւ գուցե չէր կարող դժգոհել ինտերնատի տանտիրուհու ներկայությամբ:
«Դեռ մանկությունից ծանր ճակատագիր եմ ունեցել: Դպոցական էինք, հորս տարան պատերազմ: Տան տղամարդու դերը ես ստանձնեցի: Վար ու գութան էինք անում ընտանիքը սովից փրկելու համար: Ակոսի մեջ ընկած՝ մի արմատ էինք փնտրում, որ սովից չմեռնենք: Դա հաղթահարեցինք: Հետո տանջվեցինք տուն ու տեղ դնելու համար: Դա էլ արեցինք: Հիմա էլ ծերանոցում ենք հայտնվել»:
Ինտերնատի տանտիրուհու խոսքով՝ Հովհաննես պապն այստեղ զրուցակիցներ չուներ: Մենակությունը հաղթահարելու համար երկու տարի առաջ ամուսնացավ ծերանոցի բնակիչ տիկին Թամարի հետ:
«Միշտ հակասությունների հիման վրա է ձեւավորվում ամեն մի լավ բան: Ազատությանը հակադրվեց ծերանոցը եւ ստեղծվեց իմ հարաբերական երջանկությունը: Ինձ համար շատ կարեւոր է հոգեպես բավարարված լինել, միայն ֆիզիկական գոյությունը չարժե պաշտպանել: Հոգեհարազատ մեկի ներկայությունը միշտ պետք է զգաս կյանքում: Մեկն, ում հետ կարող ես խոսել, կիսվել, մտքերդ արտահայտել: Նրա ներկայությամբ ակամա ուզում ես ապրել»:
Հովհաննես պապը բացատրում է, որ բոլոր տարիքում էլ կարեւոր է ճիշտ ընտրությունը եւ հիշում Օմար Խայամի տողերը. «Քաղցր ձայն է գալիս, նա քեզ համար իզուր է, ինչ որ ունես այն վայելիր, հառաչանքդ իզուր է»»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել