Մինչեւ հաջորդ պատերազմ
Մհեր Արշակյան
«Փոքրուց, երբ որ ուսումնասիրում էի հայոց պատմությունը, էն ժամանակ էր առաջացել կռվելու ցանկությունը: Եթե չի առաջանում էդ ցանկությունը, էսօրվա իշխանությունների պես հիվանդ մարդ ես»,-միանգամից այսպես նկարագրեց ազատամարտիկ դառնալու իր պատմությունը Հովսեփ Աղաբեկյանը, ով ընկերներին հայտնի է իբրեւ պարոն Հովսեփ:
1992-94 թվականներին նա մասնակցել է Զանգելանի, Ղուբաթլուի, æեբրայիլի, Ֆիզուլիի, Շուշիի, Հադրութի եւ Քելբաջարի մարտերին: Պատերազմի ողջ ընթացքում երբեւէ տուն չի եկել, եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հետախուզության հրամանատար: Պարոն Հովսեփն այսօր դժվարանում է ասել, թե իր ընկերներից քանիսն են զոհվել իր աչքի առաջ: «Թվերով չես կարա ասես»,-ասում է նա: Պատերազմի ավարտին' 94-ի մայիսին, Հովսեփը կռվում էր Մարտակերտի æրաբերդ-Կարմրավանի ուղղությամբ: Պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձել է Երեւան եւ կարճ ժամանակով ղեկավարել Երեւանի քաղաքային գնդի 5-րդ գումարտակի փոխհրամանատարի պաշտոնը: Իր ասելով, դուր չէր գալիս իշխանություններին: «Իմ պրինցիպներն ուրիշ էր»,-ասում է նա:
Այսօր պարոն Հովսեփը բանվորություն է անում, աշխատանքը մշտական չէ: Նա ասում է, որ երբեւեէ չի դիմել իշխանությունների օգնությանը, քանի որ հաստատ համոզված է, որ չեն օգնի: «Առաջին-երկրորդ կարգի հաշմանդամ ընկերներ ունեմ, որոնց չեն օգնում»,-պատճառաբանում է նա: Այսօր նա կին ունի եւ երկու երեխա, ապրում է վարձով: Տանտերն օրերս բնակարանի 30 դոլար վարձը դարձրել է 50: Հովսեփի կինը' Լուսինեն, ասում է, թե տանտերն իրենց հետ չի էլ քննարկել այդ հարցը՝ ի վիճակի են վճարել, թե՝ ոչ: «Շրջակայքում գները բարձր են, երեւի դրա համար է բարձրացրել»,-ասում է տիկին Լուսինեն:
Նրանք ամուսնացել են Հովսեփի պատերազմից վերադառնալուց հետո: Իրենց համատեղ կյանքը Լուսինեն բնորոշում է մեկ բառով' յոլա: Նրանց երեխաները դպրոցահասակ են: Նա չի թաքցնում, որ պրոբլեմները նեղում են: «Բայց դե ուրախ եմ եւ հպարտ»,-Հովսեփի հետ իր կյանքը կապելու հանգամանքը մեկնաբանում է տիկին Լուսինեն:
Պարոն Հովսեփից հետաքրքրվեցի' երբ դու կռվում էիր, մտածու՞մ էիր, թե ինչի համար ես կռվում: «Չեմ կռվել էսօրվա միջավայրի համար, այլ որ սոցիալապես հարցերը կարգավորվեն»,-ասում է նա: Իսկ եթե իշխանություններին չի վստահում, միգուցե դիմի «Երկրապահ»-ի այն թեւի՞ն, որն իշխանության հետ չէ: «Գիտեմ, որ իրենք էլ իրավասու չեն հարցեր լուծելու»,-թեման փակում է նա: Չկա՞ գոնե մեկը, ում նա կարող էր դիմել, թեկուզ իր ռազմաճակատային ընկերներից: Պարզվում է պարոն Հովսեփը Ֆիզուլի-Հադրութ ճակատում կռվել է ՀՀ պաշտպանության ներկա փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հետ: «Պատերազմի վախտ շատ լավ ընկեր էր»,-փոխնախարարին բնորոշում է պարոն Հովսեփը: Բայց ահա թե ինչ է իմացել նրա մասին: «Իմ շատ մոտիկ ընկերը դիմել է եւ ինքը, որպես առաջին կարգի հաշմանդամի, չի ուզում օգնել, բայց նրա հետ խրամատում կռվել է... Ընդունել, խոսք է տվել, որ կօգնի ու էլ ոչ մի բան: Էդ մարդը ոնց որ կոտրված, նստած»,-պատմում է Հովսեփը: Այսօր նա 41 տարեկան է, շատ հաճախ «պոլիտեխնիկի զալում» ֆուտբոլ է խաղում: «Վաղը չէ մյուս օրը կարող ա պատերազմ սկսի, պետք կգա էտի՝ ֆիզիկականը պահելու համար»,-ասում է Հովսեփ Աղաբեկյանը:
Խաչատուր Գիլոյանը Շուշիի ազատագրման ժամանակ 16 տարեկան էր: 17 տարեկանում մասնակցել է առաջին մարտական գործողությանը: Պատերազմի մասին նա գաղափար է կազմել վաղ մանկուց: «Դե երեւի էտի արյունից ա,-ասում է նա ու շարունակում,-պապս շատ է պատմել, պապուս հերը եղել ա Նժդեհի, Անդրանիկի զինվորը»: Այնուամենայնիվ ի՞նչ գաղափար է ունեցել նա պատերազմի մասին: «Որ ճիշտ ասեմ' էն ժամանակ երեխա եմ եղել, գաղափարապես ոչ հասուն, բայց դե էտի չգիտես ոնց ա, մարդ մինչեւ իրա աչքով չի տենում, դա հեքիաթ ա, առասպել, կռիվ կինո»:
Երբ Երեւանում տեսել է առաջին զոհերի դիակները, որոշել է անպայման մեկնել: Ծնողները լավ չեն ընդունել նրա որոշումը: «Առաջին անգամ փախել եմ, իրանք գիտեին, որ պիտի գնամ»,-հիշում է Խաչատուրը: Պատերազմը վնասել է 17-ամյա պատանու աջ ոտքը: Կտրել են: Նա դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: Չնայած այդ բանին, պետությունը հրաժարվում էր նրան ցմահ հաշմանդամի նպաստ տալ: Ինչու՞: «10 տարվա մեջ ոտքդ որ չի աճում, ցմահ են տալիս, էդ էլ մեր օրենքն ա»,- պարզաբանում է Խաչատուր Գիլոյանը:
Պետությունը նրան զինծառայողի նպաստ է հատկացրել, որը նվաստացուցիչ է եղել Խաչատուրի համար: Նա կամավոր է մեկնել կռվի, չի ունեցել զինակոչիկի տարիք: «Վաղը չէ մյուս օրը չես կարող ապացուցել, որ դու ես գնացել, ոչ թե զոռով են տարել»,-ասում է նա: Հետաքրքիր է, 17 տարեկանում Խաչատուրը հասկանու՞մ էր, թե ինչի համար է կռվում: «Պահ կա, որ պիտի պատասխան չսպասես»,-պարզաբանում է նա, հետո փիլիսոփայաբար ավելացնում. «Հայրենիքը քեզ չի մոռանա, բայց չի էլ հիշի, քանի որ քո մասին չգիտի»:
Այսուհանդերձ «Հայրենիքը»' այս դեպքում Ղարաբաղը, գնահատել է Խաչատուրի ծառայությունները, նրան պարգեւատրել են «Մայրական երախտագիտություն» մեդալով, նաեւ' «Արիության համար» մեդալով: Վերջին մեդալի մասին Խաչատուրն ասում է. «Սա տալիս են բոլորին, ով մասնակցել է եւ նույնիսկ ով չի մասնակցել»: Այսպիսով հավասարացրել են պատերազմում կռվածի ու չկռվածի ծառայությունները: «Էսօրվա դրությամբ պարգեւներ են ստանում մարդիկ, ովքեր կռվի չեն եղել, դա մասսայական է, մեր գումարտակից շատ մարդիկ կան, որ վիրավորվել են, թուղթ չունեն, էթում են հոսպիտալ, փող են ուզում»:
Խաչատուր Գիլոյանը հիմա 29 տարեկան է, 5 տարի առաջ է ամուսնացել եւ ունի երկու երեխա: Չնայած երիտասարդ հասակին, առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, բայց ասում է, թե նոր պատերազմ սկսվելու դեպքում էլի կփորձի գնալ կռվելու: Իսկ մինչ այդ ինչո՞վ է զբաղված: «Հիմնականում' առեւտուր, թե չէ ո՞վ կպահի ինձ»,-ասում է նա: «Կռվողների 90 տոկոսը, որ ասում են' գործ չունեն, բան չունեն, հիմնական պատճառը գիտե՞ս ինչն ա' իրանք մենակ կռվել գիտեն: Ու մեր պետության վատն էն ա, որ էդ մարդկանցով չի զբաղվում: Էդ մարդիկ հիմա անհամբեր սպասում են, թե երբ պիտի կռիվ լինի, որ էթան»,-ազատամարտիկի հետպատերազմյան հոգեվիճակն է բացատրում: Նրան նույնիսկ հայտնի է մի դեպք, թե ինչպես է 2-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկը դեղի գողության համար 3 տարի ազատազրկվել. «Երեխեն թոքաբորբով հիվանդացավ, գնաց դեղ գողացավ, բռնվեց ու լրիվ խոստովանեց»:
Այս երկու ազատամարտիկներն էլ մայիսի 9-ը համարում են խորհուրդ, նրանք կարծում են, որ իշխանություններին չի հաջողվել իրենցից' Արցախի համար կռվողներից, օտարել հաղթանակի տոնը: Պարզապես, ըստ նրանց, իշխանությունները պետք է հասկանային, որ ուրիշի վրա կրակողի հետ պատերազմից հետո պետք էր աշխատանք տանել այնպես, ինչպես ամերիկացի զինվորների հետ աշխատեցին Վիետնամից հետո: Այդ աշխատանքը չեղավ, դրա համար էլ ազատամարտիկներից շատ-շատերն այսօր սպասում են հաջորդ պատերազմին: Այսինքն՝ ազատամարտն ավարտվեց, մնաց պատերազմելու ցանկությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել