HY RU EN

Անի Հովհաննիսյան

«Հետքի» հրապարակման հիման վրա հարցաքննվել են ՊՆ խորհրդականը, 164 դպրոցի տնօրենը և «Մայր Հայաստան» թանգարանի տնօրենը

Պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը «Հետքի» հետ հարցազրույցում ասել էր, որ 164 դպրոցից օգնության արկղեր վերցնող անձը ՊՆ աշխատակից չէ, ինչը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Այդ առիթով՝ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է կանչել և Վարդան Ավետիսյանին, և լուսանկարում երևացող Կարեն Մելիք-Թանգյանին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվել էին օգնության արկղեր՝ ուղարկված Երևանի 164 դպրոցի աշակերտների կողմից։ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ Վարդան Ավետիսյանը շնորհակալական նամակ էր ուղարկել դպրոցի տնօրենին՝ նպատակային չօգտագործված օգնության համար։

«Հետքը» դպրոցի ֆեյսբուքյան էջից ներբեռնել էր զինվորական համազգեստով մի անձի լուսանկար, ով երեխաներից վերցնում էր օգնության արկղերը և դասավորում մեքենան։

Հարցազրույցի ընթացքում պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանին հարցրել էինք, թե արդյոք լուսանկարում երևացող անձը ՊՆ աշխատակից է, թե՞ «Երկրապահ կամավորական միության» անդամ։ Ավետիսյանը պատասխանել էր․

«Այդ անձը Պաշտպանության նախարարությունից չէ, այդ անձը «Երկրապահ կամավորական միությունից» է, ազատամարտիկ է։ Պաշտպանության նախարարությունն այդ օրերին որևէ զինվորականի չի պարտավորեցրել, որ օգնությունները հավաքեն մի տեղ և բաժանեն։ Այն օգնությունները, որը սահմանված կարգով ՊՆ հասցեով է եկել, նախարարությունն ըստ ուղղությունների, ըստ առաջնահերթությունների տրամադրել է։ Իսկ այն օգնությունները, որ հընթացս ուղարկվել է ժողովրդի կողմից, դա տարերայնորեն հավաքել են տարբեր ջոկատների ու կառույցների մոտ։ ․․․Ես կարող եմ ասել, որ այդ անձը, որ օգնությունը դպրոցից ստանում էր, հետո տանում էր պահեստ, ՊՆ-ի հետ որևէ կապ չի ունեցել»։

Լուսանկարում երևացող անձը օգնության արկղերը դպրոցից տեղափոխել է Վարդան Ավետիսյանի ցուցումով

Լուսանկարում երևացող անձը Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի նորանշանակ տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանն է։ 2016թ.-ի ապրիլին Մելիք-Թանգյանը նույն թանգարանի տնօրենի տեղակալն է եղել, միևնույն ժամանակ, օգնել է գեներալ Վարդան Ավետիսյանին իրականացնել օգնությունների հավաքագրումն ու ցրումը։ Ավելին՝ 1996թ-ին Մելիք-Թանգյանը լեյտենանտի կոչումով ծառայել է Մատաղիսում՝ այն ժամանակ գնդապետ Վարդան Ավետիսյանի մոտ։

«Հետքի» հետ զրույցում Կարեն Մելիք-Թանգյանը նշեց, որ գեներալ Ավետիսյանն իրեն Զինուժի նկարահանող խմբի հետ միասին ուղարկել է դպրոց, ինքը օգնության արկղերը հավաքագրել է և տարել 5-րդ բանակային կորպուսի կենտրոնացման շրջան։

«Տարել ենք Սովետաշեն [5-րդ կորպուս,-խմբ.], տվել ենք այնտեղի ժողովրդին, ով որ այդ օրը գնացել է Ղարաբաղ։ Այդ օրվա աշխարհազորայինները, ովքեր որ գնացել են, այդ եղածը տվել ենք իրենց, դրել են ավտոբուսները, գնացել Ղարաբաղ»,- մանրամասնեց Մելիք-Թանգյանը։

Հարցին, թե այդ դեպքում՝ ինչու է Վարդան Ավետիսյանը «Հետքին» ասել, թե ինքը ոչ թե ՊՆ աշխատակից է, այլ «Երկրապահ կամավորական միության» անդամ, Կարեն Մելիք-Թանգյանը պատասխանեց․

-       Սխալ է ասել էլի, չի ճանաչել։ Երեկ էլ ես գնացի իրեն ասացի՝ ինչու ես նման բան ասել, ասաց՝ ինչու, դա դո՞ւ ես։ Դե մեջքով եմ չէ՞, չեմ էլ երևում։ Հետո նոր երեկ քննիչներին ինքն ասել է, որ դա ես եմ, և ինձ այսօր կանչեցին հարցաքննության, հարցաքննվեցի, ու ամեն ինչ պարզ է բոլորի համար։

-       Գեներալ Ավետիսյանը ոչ թե ասում է, թե չի ճանաչում լուսանկարի մարդուն, այլ ասում է, որ ճանաչում է, այդ մարդը ՊՆ-ից չէ։

-       Այդ նկարում ինքը կարող էր ինձ չճանաչել, որովհետև ես դաշտային համազգեստով հիմնականում չեմ լինում։ Ինձ դաշտային համազգեստով պարոն Ավետիսյանը 1996-1997թթ-ից հետո չի տեսել, ես միշտ եղել եմ ամենօրյա համազգեստով։ Այդ նկարի մեջ ես ինձ չեմ ճանաչում, նա ինձ ո՞նց կճանաչեր։ Որ պարոն Ավետիսյանը հարցազրույց է տվել, որ ինձ չի ճանաչում, ես զանգել եմ պարոն Ավետիսյանին, ասել եմ այդ ես եմ, ո՞նց չես ճանաչել։ Վայ, ասել է, չեմ ճանաչել, այ տղա, այդ համազգեստով քեզ հետևից ես, չեմ ճանաչել։ Ասաց՝ դե լավ, որ դու ես, ես հիմա քննիչներին կասեմ, որ դու ես։

Մելիք-Թանգյանն ասաց, որ «Զինուժը» նկարահանել է, թե ինչպես է ինքը մեքենան բարձած օգնությունը տանում և հասցնում 5-րդ բանակային կորպուսի կենտրոնացման շրջան։ Նա խոստացավ այդ նկարահանումը տալ «Հետքին»՝ հրապարակման նպատակով։ Ժամեր անց, սակայն, Կարեն ՄԵլիք-Թանգյանը զանգեց և հայտնեց, որ այդ կադրերը չեն պահպանվել, քանի որ երբեք չէին կարող մտածել, որ նման հարցեր կառաջանան։ «Ախր երկու տարի անցել է, ո՞վ կմտածեր, որ երկու տարի հետո նման բան կլիներ, որ ես այսօր դա ձեզ ցույց տայի, ասեի՝ տեսեք, ես ազնիվ եմ»,- ասաց Մելիք-Թանգյանը։

Վարդան Ավետիսյանն ասում է, թե Կարեն Մելիք-Թանգյանին «շփոթել է»

Կարեն Մելիք-Թանգյանի հետ խոսելուց ժամեր անց «Հետքի» լրագրողին զանգեց գեներալ Վարդան Ավետիսյանը, ով հայտնեց, թե ուշ է հասկացել, որ լուսանկարում Մելիք-Թանգյանն է։

«Այդ օրերին մենք այնքան բազմազբաղ էինք, մարդկանց ուղարկում էինք, հանձնարարություններ էինք տալիս։ Այդ օրերին 164-րդ դպրոցի տնօրենը զանգել էր, խնդրում էր, որ մարդ ուղարկեմ իրենց դպրոց, «Զինուժից» լուսաբանեն, իրենց կողմից հավաքված օգնությունը հանձնեն։ Ես այդ օրերին հանձնարարել էի, որ մեր ենթակա «Մայր Հայաստան» թանգարանի փոխտնօրեն Կարեն Մելիք-Թանգյանը գնա այնտեղ, ազատամարտիկ էլ է եղել հետը, բայց նա չէր երևում [լուսանկարի մեջ]»,- ասաց Վարդան Ավետիսյանը։

-       Լուսանկարում երևացող մարդուն Դուք չե՞ք ճանաչել։

-       Ոչ թե չեմ ճանաչել, հետևից եմ նայել այդ մարդուն ու կողքից։ Բայց երբ լուսանկարը մոտեցրել եմ ու զննել, տեղն եմ բերել, որ Կարեն Մելիք-Թանգյանն է։ Երբ ինձ կանչել են հարցաքննության, ես արդեն ճանաչած էի, որ դա Կարեն Մելիք-Թանգյանն է, և ես ինքս եմ նրան ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, որ բացատրություն տա»,- ասաց Ավետիսյանը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ես կանխամտածված թաքցրել եմ։ Մարդ ես, կարող է այդ պահին ես հետևից նայել եմ, չեմ ճանաչել։ Ես նկատել եմ՝ ով է այս չաղլիկը։ Հետո նայել եմ, մոտիկացրել, Կարենին նմանացրել, նոր զանգել եմ Կարենին ու ճշտել եմ, որ Կարենն է։

-       Ուղղակի լուսանկարում երևացող մարդը նաև ՊՆ տարբերանշան ուներ գլխարկի վրա։

-       Չհասկացա, ես գլխարկը չեմ նայել։ Ես միանգամից ասել եմ, որ չեմ ճանաչում, հիմա էլ զննել-տեսել եմ, որ Կարեն Թանգյանն է, ասում եմ՝ թյուրիմացություն է եղել։

-       Մի ճշտում. Դուք հարցազրույցի մեջ ասում եք, որ ոչ թե չեք ճանաչում, այլ ճանաչում եք այդ անձին, որ ՊՆ աշխատակից չէ, այլ «Երկրապահի» անդամ։ Ինչ-որ մեկի հե՞տ եք շփոթել։

-       Ես ինչ-որ մեկի հետ շփոթել եմ, այո։

-       Իսկ ո՞ւմ հետ եք շփոթել։

-       Կարեն Թանգյանի հետ մեկի նմանությամբ էլի։ «Երկրապահի» տղաներից մեկի հետ եմ շփոթել։

-       Անուն, ազգանունը չե՞ք հիշում։

-       Ոնց որ հարցաքննելուց լինեք ինձ։ Դուք երբևէ շփոթե՞լ եք մեկին մյուսի հետ։ Մենք էլ մահկանացու ենք, հնարավոր չի՞ շփոթվել։

Վարդան Ավետիսյանը հայտնեց, որ ՀՔԾ-ն քննության է կանչել նաև 164-րդ դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանին։ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ նրանք հարցաքննվել են «Հետքի» հրապարակման հիման վրա։