HY RU EN

Դիանա Ղազարյան

«Ոսկու շուկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Խորենացի փողոցում գործող ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում շուկայի դիմաց:

Նրանց պահանջը տեղի վարձավճարի նվազումն է: Ասում են՝ հունվարից տեղի վճարը նախկինի համեմատ 40%-ով աճել է: Նրանց փոխանցմամբ՝ շուկայի տնօրենը լրատվամիջոցներով հայտնել է, որ վարձավճարները 20%-ով նվազեցրել են, սակայն աշխատակիցները պնդում են, թե իրենց զբաղեցրած տեղի գինը նույնն է մնացել:

Աշխատակիցները տեղի գնրի բարձրացումը պայմանավորում են տարածքում կառուցվող ոսկու նոր շուկայով: Ասում են՝ տնօրենն ասել է՝ եթե նվազեցնեմ վարձավճարի չափը, ինչպե՞ս եմ կառուցելու նոր շուկան:

Շուկայի աշխատակից Շուշանն ասաց, որ իրենց սրահի վարձավճարը 35 000 դրամ է, տնօրենը խոստացել էր, որ վճարը 20%-ով պետք է նվազի, սակայն նույնն է մնացել, չնայած այլ սրահներում 50 000 հազար դրամ վարձավճարը 40 000 դրամ է դարձել:

Աշխատակցի փոխանցմամբ՝ անցած տարվա հոկտեմբերից չեն կարողանում աշխատել, քանի որ շինարարություն է ընթանում, եւ իրենց սրահի մուտքը փակ է, քանի ամիս է՝ որևէ գործ չեն կարողանում անել, սակայն պարտադիր վճարները կատարում են:

Շուկայի մեկ այլ աշխատակից նշեց, որ հունվարից վարձավճարը 50 000 դրամ է եղել, սակայն չեն վճարել, քանի որ անընդհատ բողոքել են, որ իրենց սրահի մուտքը փակ է, չեն կարողացել ոսկի վաճառել, եւ գնորդները կարծել են, թե այդ սրահը փակ է եւ չեն մտել:

Ասում է՝ ցանկանում են, որ ինչպես խոստացել է շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը, վարձավճարը 35 000 դրամից էլ 20% նվազի, քանի որ բացի այդ վճարը, հարկային այլ վճարներ էլ են կատարում, որոնք այս պայմաններում, երբ շինարարության պատճառով աշխատանք չունեն, չեն կարողանում վճարել:

Նոր կառուցվող ոսկու շուկան