HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

«Արվեստագետը ձգտում է փլուզել պատերը»

Հարցազրույց արվեստաբան, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հետ 

Անցյալ դարի 90-ականներին Հայաստանում ազատական գաղափարների հաղթանակը նպաստավոր դաշտ ստեղծեց ժամանակակից արվեստի զարգացման համար, որի միտումները նկատվում էին դեռ 60-ականներից: Մյուս կողմից` նույն 60-ականների պրպտող, սոցռեալիզմի պարտադրած կաղապարները մերժող արվեստն այսօր հայտնվել է «շրջափակման» մեջ եւ իր առջեւ դրած խնդիրները լուծում է միայն նեղ շրջանակներում: Արվեստաբան, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հետ հարցազրույցը փորձում է պատասխանել ժամանակակից արվեստի դերի, արվեստագետի եւ հասարակության փոխհարաբերության, արվեստի քննադատության հարցերին: 

Արվեստագետների նոր սերունդն անընդհատ փորձարարությունների է դիմում, նոր գաղափարներ եւ նախագծեր կյանքի կոչում: Որպես արվեստի քննադատ` ի՞նչ դրական եւ բացասական միտումներ եք նկատում այդ ոլորտում, որոնք դառնալու են պատմություն: 

Ամբողջ խնդիրն այն է, որ արվեստի գրաված դիրքը, զբաղեցրած տարածությունը փորձ է արվում նեղացնել, փոքրացնել: Մինչդեռ ժամանակակից արվեստն ինքն է ձգտում ինքնիշխանության: Անցյալ դարի 60-ականներին արվեստագետներին իրենք գիտակցեցին, որ պետք է լինեն քաղաքացի, պատասխանատվություն կրեն իրականության, հասարակության, ազգային խնդիրների համար: 

Սոցռեալիզմը որքանո՞վ է ազգային եւ որքանո՞վ է ժամանակակից: Այս հարցերի պատասխանների փնտրտուքը ստեղծեց ժամանակակից արվեստը: 

Ազգայինի համար պետք էր դուրս գալ ժամանակից, որը միջնադարում էին փնտրում, ժամանակակիցի համար` ընդլայնել աշխարհագրական սահմանները, որոնք հասնում էին մինչեւ արեւմուտք: 

Երբ հիմնվեց Գեղարվեստի ակադեմիան, այսինքն Հայաստանում ձեւավորվեց արվեստագետների պատրաստման ինստիտուցիոնալ դաշտ, հստակ էր, որ ստեղծվում է պատմություն: Պատմություն գոյություն ունի, եթե կան անցումներ, ժառանգություն, ավանդույթներ: Անցյալ դարի 60-ականների սերնդի որոնումներն ուղղված էին լեզվի, արվեստի ստեղծագործական արտահայտչամիջոցների թարմացմանը: Այդ ժամանակ դրվեց լեզվի արտահայտչականության խնդիրը, 80-ականներին արդեն գեղարվեստական, մշակութային եւ սոցիալական հաղորդակցությունը դարձավ նպատակ: Եթե համեմատում ենք 80-ականների եւ 90-ականների գեղարվեստական խնդիրների փոխհարաբերությունները, ապա 80-ականներին հաղորդակցությունն էր նպատակը, իսկ 90-ականներին`լեզվի ստեղծումը: 

Տպավորություն կա, որ արվեստի տեսաբանները պասիվ, հայեցողական կեցվածք են ընդունել: Չկան բանավեճեր, չեն հնչում մասնագիտական կարծիքներ, թեեւ բավականին շարժուն պրոցեսներ են տեղի ունենում: 

Այն, ինչ այսօր տեղի է ունենում արվեստի ոլորտում, ավանդական կազմավորումներից հաճախ դուրս է, ինչի պատճառով էլ մեծամասնությունն այնտեղ թշնամի է փնտրում: Դա մեր ազգային նկարագրի եւ հասարակական գիտակցության բնույթն է արտահայտում, ինչպես նաեւ` աշխարհիկ-հասարակական-քաղաքացիական կյանքի բացակայությունը: Մենք չունենք մի տարածք, հարթություն, որտեղից կարելի է քննադատություն հնչեցնել: Մեր հասարակությունում քննադատությունը պահանջված չէ, նույնիսկ դիտարկվում է որպես ապազգային, ապահասարակական գործունեության ձեւ: 

Քննադատությունն ընկալվում է որպես փիլիսոփայություն, ինչը պրագմատիկ հայի մտածողության տեսանկյունից մերժելի է, քանի որ հակադրվում է ներդրումային, ծիսական գործունեությանը: Մեր վերաբերմունքը տոտեմական է («Մի քննադատիր, այլ ինքդ ավելի լավն արա»): Արդյունքում արժեքն արտադրվում եւ հաստատվում է վարչական ճանապարհով: 

Սակայն մշակութային դաշտը բաց է, եւ արվեստագետներն իրենք ընտրության հնարավորություն ունեն, թե ինչ արժեքներ են ստեղծում եւ որտեղ են ցուցադրվում (օրինակ` ՆՓԱԿ-ում, թե Նկարիչների միությունում): 

Ոչ ՆՓԱԿ-ն իրավունք ունի քննադատելու Նկարիչների միությանը, ոչ Նկարիչների միությունը` ՆՓԱԿ-ին, որովհետեւ նրանք տարբեր «գործիքներով» են աշխատում: ՆՓԱԿ-ն իր արժեքներն է արտադրում, Նկարիչների միությունն`իր: Նկարիչների միությունում չկան ժամանակակից արվեստից հասկացողներ, ՆՓԱԿ-ին էլ չի հետաքրքրում մշակութային ժառանգությունը: 

Ուրախալի է, ինչ խոսք, որ հանձին ՆՓԱԿ-ի`ձեւավորվել է արեւմտյան մենեջմենթ ունեցող, տեխնիկապես հագեցած փորձարարական արվեստի կենտրոն: Այդպիսի կենտրոն հետխորհրդային երկրներում գոյություն չունի: Բայց ՆՓԱԿ-ը փակ է դրսի համար, ինչը մեր երկրի մշակութային քաղաքականության պրոբլեմն է: ՆՓԱԿ-ը, եթե ներկայացնում է համապետական նշանակության նախագծեր, պետք է բաց եւ թափանցիկ լինի: Ասենք` Վենետիկի բիենալե ներկայանալուց առաջ պետք է տարբեր արվեստագետներ, համադրողներ հրավիրվեն Նկարիչների միությունից, դրսից, այլընտրանքային գաղափարներ ու նախագծեր ներկայացնեն: 

Քննադատելին ոչ թե այն փորձարարություններն են, որ այնտեղ ներկայացվում են, այլ այն մթնոլորտը, որ ստեղծվել է ՆՓԱԿ-ի շուրջը: 

Արվեստագետները ձգտում են փլուզել պատերը: Այս առումով ռուսներն ու եվրոպացիները երկակի վերաբերմունք ունեն մեր նկատմամբ: ՆՓԱԿ-ն իր բնույթով եզակի է հետխորհրդային տարածքում, սակայն այն ստեղծվել է ոչ թե մշակութային քաղաքականության շնորհիվ, այլ` ի հեճուկս կառավարության: Այսինքն` հատուկ քաղաքականություն չի իրականացվում, որպեսզի արժեքները ստեղծվեն եւ հաստատվեն մշակութային բաց հարթության մեջ: Մյուս կողմից էլ` ստեղծագործողների, արվեստագետների ակտիվության շնորհիվ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում: Այսօրվա երիտասարդների ստեղծագործություններում ինչպես սոցիալ-մշակութային, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից արտահայտված են հետխորհրդային տարիների ապրումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter