Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից հափշտակության գործով նիստը մեկնարկեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր սկսվեց Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից խոշոր չափի հափշտակության վերաբերյալ դատավարությունը:
Քրեական գործը, հիշեցնենք, առնչվում է Քրեական օրենսգրքի 178, 38-178 և 325 հոդվածներին, այսինքն՝ հափշտակությունը, հափշտակությանն օժանդակությունը և փաստաթղթերի կեղծիքը: ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակության վերաբերյալ քրեական գործով մեղադրյալների թիվը 19 է, սակայն այս պահի դրությամբ անջատված վարույթով դատարան է ուղարկվել 14-ի վերաբերյալ գործը: Հափշտակված ընդհանուր գումարը միայն անջատված մասով կազմում է 907.281.869.7 դրամ: Քրեական գործով խափանման միջոցը որպես կալանավորում ընտրված է միայն Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանի նկատմամբ:
Այսօրվա դատական նիստին դատավոր Արման Հովհաննիսյանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, նրանց ծանոթացրեց իրենց իրավունքներին և պարտականություններին, քննարկվեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու հարցը: Թեև վերը նշված հարցերի քննարկմանը երկու պաշտպան ներկա չէր, դատավոր Հովհաննիսյանն այս հանգամանքը գործի նախապատրաստման մասը շարունակելու խոչընդոտ չհամարեց: Շուտով, սակայն, պարզվեց, որ ամբաստանյալներից մեկը` Անահիտ Ավագյանը, չի ստացել իր վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, ուստի դատավորը հետաձգեց նիստը:
Նշենք, որ մինչ այդ Անահիտ Ավագյանն, ինչպես նաև գործով մեկ այլ ամբաստանյալ` Արման Մկրտչյանը, միջնորդեցին իրենց ապահովել հանրային պաշտպանով, և դատարանը բավարարեց միջնորդությունները:
Ամբաստանյալների ինքնությունը ճշտելիս պարզ դարձավ, որ նրանցից մի քանիսի խնամքին տարեց ծնողներ, երկուսից ավելի անչափահաս երեխաներ կան:
Հիշեցնենք, որ ըստ «Դատալեքս» համակարգում մեղադրյալներին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ առկա տեղեկատվության` Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը մեղադրվում է այն բանում, որ ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել մեղադրյալներ Հրայր Գյոնջյանի և Տիգրան Սուքիասյանի հետ, իսկ վերջինս իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել մեղադրյալներ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի և Արմեն Բարեղամյանի հետ, ապա վերը նշված անձինք մեղադրյալ Գևորգ Ղազարյանի օժանդակությամբ, 2012-2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով խաբեությամբ հափշտակել են ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գումար:
Գարիկ Չիլինգարյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով` Տիգրան Սուքիասյանի, Հրայր Գյոնջյանի և Մարինե Պապյանի հետ` 2009-2010 թվականներին մշակել և «Ներդրումների պաշտպանության հիմնադրամ»-ի, Ինովացիոն հետազոտությունների և զարգացման կենտրոն», Նորագույն տեխնոլոգիաներ հանուն մարդկային զարգացման», «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների անունից ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող դրամաշնորհային ծրագրեր, որից հետո հափշտակել են հատկացված դրամաշնորհային ծրագրերի առանձնապես խոշոր չափերի գումարները:
Ալեքսանդր Պողոսյանն, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության գալով Տիգրան Սուքիասյանի, իսկ վերջինիս միջոցով՝ նաև Մարինե Պապյանի և Հրայր Գյոնջյանի հետ, 2011 թվականի ընթացքում մշակել և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ է ներկայացրել «Վայոց Ձորի մարզի գյուղական համայնքներում աղքատության դեմ պայքար` կաթի վերամշակման ոլորտում գյուղատնտեսական ոլորտի ակտիվ և կայուն զարգացումը խթանելու և կաթ արտադրողների և վերամշակողների համար գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն ու ծառայությունները հասանելի դարձնելու միջոցով» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր:
Այնուհետև Մարինե Պապյանը նախաձեռնել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհների տրամադրման մրցույթին ներկայացվող ծրագրի գաղափարի և բովանդակության մշակումը և դրա ընթացքի վերահսկումը:
Սերգեյ Բալասանյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Հրայր Գյոնջյանի, իսկ վերջինիս միջոցով՝ Մարինե Պապյանի հետ, Կարեն Ստեփանյանի օժանդակությամբ 2012 թվականի ընթացքում մշակել և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ է ներկայացրել «Պատանիների պաշտպանությունը համակարգչային աշխարհում» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր:
Կարեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր գործողություններով, այն է՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է Հրայր Գյոնջյանի և Սերգեյ Բալասանյանի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ 69 մլն 301 հազար 80 դրամ հափշտակությանը:
Արմեն Միքայելյանը մեղադրվում է Տիգրան Սուքիասյանի, Հրայր Գյոնջյանի և Մարինե Պապյանի հետ նախնական համաձայնության գալով` 2013-2014 թվականների ընթացքում «Արժանապատիվ ծերություն՝ աջակցություն ծերերին իրավահավասար քաղաքացիներ և հասարակության լիիրավ անդամներ մնալու գործում» ԵՄ դրամաշնորհային ծրագրով հատկացված առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակության մեջ:
Մեղադրյալ Դինա Մանուկյանն, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության գալով Գարիկ Չիլինգարյանի, Արմեն Բարեղամյանի, Գևորգ Ղազարյանի, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի, Մարինե Պապյանի, Հրայր Գյոնջյանի և Տիգրան Սուքիասյանի հետ` 2009-2011 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով խաբեությամբ հափշտակել է ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի 59 մլն 054 հազար 657 դրամ:
Արման Մկրտչյանը մեղադրվում է կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով Մարինե Պապյանին, Հրայր Գյոնջյանին, Տիգրան Սուքիասյանին և Գարիկ Չիլինգարյանին 42 մլն 838 հազար 614 դրամի հափշտակությանն օժանդակելու մեջ:
Անահիտ Ավագյանն, ըստ մեղադրանքի, նույն անձանց կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է 22 մլն 770 հազար դրամ հափշտակության հարցում:
Նելլի Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, Մարինե Պապյանի օժանդակությամբ 2012-2016 թվականների ընթացքում հափշտակել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից դրամաշնորհային ծրագրերով հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մեկնաբանել